‘Արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով’

647

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ազգային արխիվում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տեղեկատվություն է ներկայացրել 2012թ. կատարված աշխատանքների եւ 2013թ. անելիքների մասին:

Նշվել է, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է 6.640 արխիվային ֆոնդ` 4.161.932 արխիվային գործով, այդ թվում` 316.142 պ.մ. կինոֆոտոֆոնո փաստաթուղթ: 2012թ. համեմատ, արխիվային պահպանության ենթակա գործերի թիվն ավելացել է 46.832-ով: Տարվա ընթացքում քայլեր են ձեռնարկվել արխիվային փաստաթղթերի ֆիզիկական վիճակի բարելավման եւ պահպանվածության ապահովման նպատակով: 2012թ. ընթացքում վերականգնվել-վերանորոգվել է 308.875 թերթ արխիվային փաստաթուղթ:

Աշխատանքներ են իրականացվել տեղեկատու-որոնողական համակարգի ստեղծման եւ կատարելագործման ուղղությամբ: Շարունակվել է արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Տարվա ընթացքում թվայնացվել է 224.219 պատկեր, «Հայաստանի ազգային արխիվ» ծրագրին արդեն միացվել է 31.755 պատկեր: Թվայնացվել է նաեւ 973 կինոֆոտոֆոնո փաստաթուղթ` ծրագրով նախատեսած 880-ի փոխարեն: Աշխատանքներ են իրականացվել ներարխիվային համակարգչային ցանցի գործարկման, համակարգչային նոր ծրագրերի ներդրման, էլեկտրոնային սարքավորումների տեխնիկական սպասարկման ոլորտում:

Առաջին անգամ արխիվը իրականացրել է էլեկտրոնային փաստաթղթերի համալրում. համալրվել է 193 171 8 էլեկտրոնային թղթապանակ` 8,075586 Tb ծավալով: Առաջին անգամ նաեւ հայոց պատմությանն առնչվող փաստաթղթերի պատճեններ են ձեռք բերվել Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի արխիվներից:

Տարվա ընթացքում պատասխանվել է քաղաքացիներից եւ կազմակերպություններից, այդ թվում` արտասահմանից ստացված 100 թեմատիկ եւ 25.797 սոցիալ-իրավական բնույթի հարցման` նախորդ տարվա 24 հազարի դիմաց: Ազգային արխիվն ունեցել է 524 ուսումնասիրող` 40-ով ավելի, քան նախորդ տարի:

Ցուցահանդեսներ են կազմակերպվել Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանի մի շարք քաղաքներում: Լույս է տեսել փաստաթղթերի եւ նյութերի 6 ժողովածու, 1 մենագրություն եւ 1 համացանկ: Կազմակերպվել են նաեւ մի շարք գիտաժողովներ եւ միջոցառումներ:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքում, Արթիկի, Գորիսի ճանապարհներին առկա է մերկասառույց’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ արդարադատության նախարարությունը մերժել է «Ռուսաստանի ցանցահենների կուսակցության» գրանցումը’