‘
«Քարոզարշավն արդեն սկսել ենք, Ավանում մի քանի հանդիպումներ եմ ունեցել ընտրողների հետ, առանձնապես խնդիրներ տվյալ պահին չկան՝ բացի նրանից, որ դեռևս չունենք նախընտրական շտաբ»: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արմենակ Դովլաթյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական շտաբի բացակայությունը պայմանավորված է տարածքի վարձակալության հետ կապված խնդիրներով, քանի որ շատերը խուսափում են ընդդիմադիր թեկնածուին տրամադրել տարածք:
Արմենակ Դովլաթյանի խոսքով՝ նախընտրական շտաբ չունի նաև «Ժառանգության» թեկնածու Ստյոպա Սաֆարյանը. վերջինս օգտագործում է Նոր Նորքում գտնվող նախընտրական շտաբը, այնինչ ՀՀԿ-ական թեկնածուն ունի մի քանի շտաբներ:
Ըստ Դովլաթյանի՝ դեռևս նկատելի չեն վարչական ռեսուրսի օգտագործման դեպքեր, քանի որ, նրա կարծիքով՝ նման խնդիրներ, որպես օրենք, առաջ են գալիս ընտրարշավի վերջին օրերին:
Գնահատելով սեփական հնարավորությունները՝ Արմենակ Դովլաթյանը նկատեց.
«Եթե շանսեր չլինեին, ապա ընդհանրապես չէի առաջադրվի»:
Հիշեցնենք, որ Արմենակ Դովլաթյանը Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող՝ Հայաստանի Կանաչների կուսակցության նախագահն է:
‘