‘Արմստրոնգը խոստովանել և ներողություն է խնդրել’

909

Ամերիկացի հայտնի հեծանվորդ,«Տուր դե Ֆրանս» հեղինակավոր մրցաշարշավի բազմակի հաղթող Լենս Արմստրոնգն առաջին անգամ խոստովանել է, որ իր  կարիրերայի ընթացքում օգտագործել է արգելված խթանիչներ:

Այդ մասին Արմստրոնգը պատմել է ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օպրա Ուինֆրեյի հետ անցկացրած հարցազրույցի ժամանակ, որը եթեր կհեռարձակվի այս ամսի 17-ին: Բայց երեկ հաղորդման նկարահանող կազմից մեկը, ով ցանկացել է անհայտ մնալ, Արմստրոնգի խոսքերի մասին հայտնել է Associated Press գործակալությանը:

Այն մասին, որ հարցազրույցի ժամանակ բազմաթիվ բացահայտումներ են տեղի ունենալու, պարզ էր դեռևս դրանից առաջ՝ Twitter սոցցանցում տեղ գտած հաղորդագրություններից: Ինքը՝ հաղորդավարուհին, հարցազրուցից հետո իր պաշտոնական Twitter-ի էջում գրել էր: «Հենց նոր նկարահանեցինք Լենս Արմստրոնգին, նա եկել էր պատրաստ»:

Ե՞րբ սկսեցին Արմստրոնգին մեղադրել արգելված խթանիչներ օգտագործելու հարցում

Առաջին անգամ ամերիկացում նման մեղադրանք առաջադրվեց դեռևս 1999 թվականին «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքի ժամանակ, երբ նրա թեստի ժամանակ հայտնաբերվել էին կորտիսկոստերոիդի նշույլներ, բայց այդ ժամանակ US Postal թիմին հաջողվեց ապացուցել, որ այդ դեղամիջոցը բժիշկների կողմից թույլատրված քսուկի մեջ  եղել:

2005-ին ֆրանսիական “Էկիպ” պարբերականը հայտնեց, որ մարզիկի՝ 1999-ին հանձնած մեզի մեջ հայտնաբերվել է նաև էրիտրոպոետին, բայց հեծանվավազքի միջազգային ասոցացիայի (UCI) կողմից կատարած հետազոտությունը դա նույնպես բացառեց:

Իրավիճակը կտրուկ փոխվեց 2011-ի մայիսին, երբ CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդման շրջանակներում ԱՄՆ-ի հավաքականի կազմում Լենսի նախկին խաղընկեր Թեյլոր Հեմիլտոնը հայտարարեց, որ բազմիցս տեսել է, թե ինչպես է Արմստրոնգն իր աչքի առաջ արգելված խթանիչներ օգտագործում: Դրանից անմիջապես հետո Ամերիկյան անտիդոպինգային գործակալությունը (USADA) սկսեց հետաքննություն, որի ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ հեծանվորդների, բժիշկների և նախկին պաշտոնյաների ցուցմունքներ, որոնք հաստատում էին, որ Արմստրոնգը իրոք օգտագործել է արգելված խթանիչներ:

2012-ի հունիսի 14-ին USADA-ն մեղադրանք առաջադրեց հեծանվորդին ու մի քանի իր այլ թիմակիցների և հորդորեց UCI-ին՝ նախկինում նվաճած բոլոր տիտղոսներից զրկել Արմստրոնգին:  Նրանք դիմեցին միջազգային օլիմպիական կոմիտե՝ առաջարկելով նրան զրկել նաև 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալից:

Անցյալ տարվա օգոստոսի 23-ին Արմստրոնգը, ով մինչ այդ ամեն կերպ հերքում էր իր հասցեին հնչած մեղադրանքները, հայտարարեց, որ այլև ուժ չունի պայքարել նման հեղինակավոր կազմակերպությունների դեմ: Դրա հաջորդ օրը՝ օգոստոսի 24-ին USADA-ը ցմահ զրկեց Արմստրոնգին որևէ մրցաշարին մասնակցելու իրավունքից, բայց կազմակերպության ղեկավար Տրևիս Տայգերտը խոստացավ մեղմացնել պատիժը, եթե մարզիկը խոստովանի իր մեղքը:

Associated Press գործակալության տվյալներով Օպրա Ուինֆրեյին տված հարցարույցից առաջ Արմստրոնգը հանդիպել է իր կողմից ստեղծած՝ քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամի` Livestrong-ի ղեկավարների հետ, ում հաշվին տարիների ընթացքում հեծանվորդը փոխանցել էր ընդհանուր առմամբ 7 միլիոն ԱՄՆ $: Հարցազրույցի ժամանակ Արմստրոնգը ներողությունը է խնդրել նաև հիմնադրամի աշխատակիցներից և ղեկավար մարմնից:

Ամեն դեմքում, հարցազրույցի ամբողջական տարբերակի եթեր հայտնվելուն մնացել է ընդամենը 2 օր, և եթե այն, ինչ հաղորդել են Associated Press-ին ճշմարտություն լինի, ապա այն կարող է լինել շրջադարձային կետ հեծանվավազքի, և ինչու չէ՝ ամբողջ սպորտային աշխարհի համար:

 

Նախորդ հոդվածը‘Վրաց պատգամավորները պահանջում են ԱԳ նախարարի հրաժարականը՝ ԼՂ հակամարտության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Անանդը գեղեցիկ ոճով հաղթեց Արոնյանին’