‘
Այսօր Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում «Արսենալը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»:
Եթե «Արսենալը» այս մրցաշրջանում ցույց է տալիս Վենգերի ժամանակաշրջանի ամենավատ արդյունքները, ապա «Բավարիան» ընդհակառակը՝ համարվում է վերջին տարիների ուժեղագույն թիմը: Թիմ, որը մեծ առավելությամբ՝ գնդակների 50-7 հարաբերակցությամբ առջեւում է Գերմանիայի Բունդեսլիգայում: Մյունխենցիները ցուցադրում են գերհզոր հարձակողական, կոմբինացիոն ֆուտբոլ, իրենց կազմում ունեն համաշխարհային մեծության աստղեր, ինչը թույլ է տալիս նրանց դասել Չեմպիոնների լիգայի գլխավոր հավակնորդների շարքին:
Իսկ «Արսենալը» ներկայումս Անգլիայի Պրեմիեր-լիգայում ընթանում է 5-րդ տեղում եւ եթե շարունակի այնպես խաղալ, ինչպես այժմ, ապա կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգան, ինչը մեծ հարված կլինի Արսեն Վենգերին:
Այդ իսկ պատճառով բուքմեյքերները այս դիմակայությունում բացահայտ նախապատվություն են տալիս «Բավարիային»՝ հաշվի չառնելով, որ մյունխենցիները մրցակցի հարկի տակ են հանդես գալիս: Նման բան թերեւս առաջին անգամ է լինում. նույնիսկ «Բարսելոնայի» հետ նախորդ տարիներին կայացած դիմակայություններում «Արսենալի» հնարավորությունները սեփական խաղադաշտում շատ ավելի բարձր էին գնահատվում:
William Hill բուքմեյքերական ընկերությունը այս խաղում «Արսենալի» հաղթանակը գնահատել է 3.5 գործակցով, ոչ-ոքին՝ 3,3, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ «Բավարիայի» գործակիցը՝ 2.10:
Ներկայացնում ենք այս հանդիպման պրոմո տեսանյութը:
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:
‘