‘Միսիսիպի նահանգում ստրկությունը վերացրել են ‘

902

Միսիսիպի նահանգում վավերացրել են ԱՄՆ Սահմանադրության՝ ստրկությունը վերացնող 13-րդ ուղղումը, հաղորդել է FoxNews-ը:

 Ստրկությունն արգելող ուղղումը ԱՄՆ Կոնգրեսը վավերացրել է 1865 թ., այն բանից հետո, երբ ԱՄՆ նահանգների երկու երրորդը (այն ժամանակ՝ գոյություն ունեցող 36 նահանգներից 27-ը) ընդունել էին այն: Սակայն հարավային մի քանի նահանգներ սկզբում հրաժարվել էին ընդունել ուղղումը, և դա արել էին միայն որոշ ժամանակ անց: Այսպես, Միսիսիպիում ուղղումը վավերացնելու քվեարկությունը տեղի էր ունեցել 1995 թ., սակայն այն ժամանակ էլ ստրկությունը վերացնելու գործընթացը ավարտին չէր հասցվել:

Այս բացթողումը նկատել է Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի պրոֆեսոր Ռանջան Բաթրան: Դիտելով Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը, որն ամերիկյան կինովարձույթում հայտնվեց 2012 թ. աշնանը, Բաթրան որոշել էր ստուգել, թե նահանգներից յուրաքանչյուրը երբ է վավերացրել Սահմանադրության 13-րդ ուղղումը, և պարզել էր, որ ստրկությունը  Միսիսիպիում մինչև հիմա ձևականորեն պահպանվում է, քանի որ նահանգի ղեկավարությունը թեև  վավերացրել է այդ ուղղումը, սակայն այդպես էլ դա հաստատող փաստաթուղթը չի ուղարկվել ԱՄՆ-ի դաշնային ռեեստր:

Բաթրան նամակով դիմեց նահանգի իշխանություններին, որոնք անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկեցին ԱՄՆ Ազգային արխիվ, և փետրվարի 7-ին դաշնային ռեեստրի աշխատակիցները հաստատեցին, որ Միսիսիպի նահանգը վավերացրել է ԱՄՆ Սահմանադրության 13-րդ ուղղումը, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանի և Սուքիաս Ավետիսյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ նյութերը կուղարկվեն ՀՔԾ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ» — «Բավարիա». Բուքմեյքերների կարծիքն ու ներկայացումը’