‘«Արսենալ» — «Չելսի», «Ինտեր» — «Միլան» և ևս 2 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1098

Մինչ «Պրեմիեր լիգայում» կսկսվի «Բոքսինգ դեյսը», իսկ այլ թոփ առաջնությունները կգնան երկշաբաթյա, «Բունդեսլիգան» էլ՝ մեկամսյա հանգստի, եվրոպական ֆուտբոլային տարում կընթանա վերջին խաղային շաբաթը, որտեղ գլխավոր իրադարձությունները տեղի կունենան Լոնդոնում և Միլանում:

«Արսենալ» — «Չելսի»

Երկուշաբթի, ժամը 23:59

Երբ Վենգերի, հիմնականում՝ Օզիլի և Ռեմսիի օգնությամբ պատրաստած չեմպիոնական հրաշքին սկսեցին հավատալ նաև ոչ «զինագործների» երկրպագուները, լոնդոնցիների համար սկսվեց մրցաշրջանի ամենածանր փուլը, որը կձգվի մինչև «Բավարիայի» հետ խաղը: Այս ընթացքում «Արսենալը» ընդամենը մեկ գոլի շնորհիվ դուրս չմնաց ՉԼ-ից, իսկ ներքին առաջնությունում «Լիվերպուլին» և «Չելսիին» թույլ տվեց իր հանդեպ միավորների տարբերությունը կրճատել մինչև — 2: Այդ իսկ պատճառով Լոնդոնյան դերբիում անհրաժեշտ է հաղթել՝ նախկին վստահությունն ու այս մրցաշրջանում գրանդ ակումբ լինելու զգացողությունը վերադարձնելու համար: Բացի այդ՝ Վենգերի համար Մոուրինյոյի հետ հակամարտությունը առանձին սկզբունքայնություն ունի՝ ֆրանսիացին Ժոզեին 9 դիմակայություններում էլ  նա այդպես էլ չի կարողացել հաղթել: «Չելսիի» խնդիրները մի փոքր այլ են: Այստեղ Մոուրինյոն ստիպված է աշխատել այն խաղացողների հետ, որոնք պատրաստել էին Գվարդիոլայի համար, և ամեն անգամ առիթը բաց չի թողնում կրկնելու, որ իր թիմից այս մրցաշրջանում տիտղոսներ չսպասեն: Թեև, հնարավոր է՝ սա պորտուգալացու հերթական մշակված ծրագիրն է, և, օրինակ, տոներից հետո մենք բոլորովին այլ «Չելսի» կտեսնենք:

«Ինտեր» — «Միլան»

Կիրակի, ժամը 23:45

Հաջորդ մրցաշրջանի նախաշեմին երկու թիմերում էլ, հնարավոր է՝ հեղափոխություններ տեղի ունենան թե՛ կազմում, թե՛ ղեկավարությունում, թե՛ մարզչական շտաբում: Բայց «Դերբի դելլա Մադոնինան», թեպետ արդեն այդքան աստղերով հագեցած չէ և նախկին հետաքրքրությունը չի առաջացնում, բայց շատ լավ առիթ է «Սերիա Ա-ի» հանդեպ ուշադրությունը վերականգնելու այն ֆուտբոլասերների համար, ովքեր Շևչենկոյի ժամանակաշրջանից հետո մոռացել են իտալական ֆուտբոլի մասին: Իսկ իրականում «Կալչիոն» շարունակում է մնալ ամենահետաքրքիր առաջնություններից մեկը, որտեղ ճգնաժամի պատճառով սակավաթիվ առաջին կարգի աստղերի բացակայության պայմաններում,  միևնույն է, շարունակվում են ամենահետաքրքիր մարզչական նորարարությունները, ինչը թույլ է տալիս, որ ֆուտբոլի որակը շարունակի մնալ ամենաբարձր մակարդակի: Իսկ եթե ձեզ աստղեր են անհրաժեշտ, Միլանյան դերբիում նրանցից կան՝ Բալոտելլին, Կական, Կամբյասոն և Գուարինը կարող են այդպիսիք համարվել:

«Խետաֆե» — «Բարսելոնա»

Կիրակի, ժամը 20:00

Առանց Վալդեսի, առանց Մեսսիի և նաև առանց չափից դուրս անտեղի դեղին քարտեր վաստակած Նեյմարի, մինչդեռ մտքում՝ տոնական տրամադրություն: Թվում է, որ ավելի «հարմար» առիթ միավորներ կորցնելու համար Տատայի սաները դժվար ունենան, բայց վիճակագրության համաձայն՝ հյուրընկալվելիս Մադրիդում «Խոտաֆեի» նկատմամբ հաղթանակը նշանակում է, որ Բարսան նվաճում է նաև չեմպիոնական տիտղոս: Բացի այդ՝ միավորների կորուստը և առաջատարի դիրքը «Ատլետիկոյին» զիջելը ավելի կխորացնի ոչ ֆուտբոլային խնդիրների՝ Տատայի հրաժարականի, Մեսսիի ապագայի և նոր մարզադաշտի մասին խոսակցությունների ազդեցությունը թիմի վրա: Այնպես որ՝ «Խետաֆեին» պետք է հաղթել, նախ, կիրակի, իսկ տոներից հետո՝ նաև «Կոպա դել Ռեյի» խաղարկությունում. Պեդրո, Սեսկ, Ալեքսիս եռյակը պետք է որ ունակ լինի գոլի խնդիրը լուծելու, իսկ պաշտպանությունում Բարտրան և Պիկեն լավ մարզավիճակում են:

«Վալենսիա» — «Ռեալ Մադրիդ»

Կիրակի, ժամը 23:59

Անչելոտտին որոշակիորեն կարգավորում էր թիմային խաղը, բայց բավական էր՝ Ռոնալդուն իր լավագույն երեկոն չանցկացնի, և թիմը 2 միավոր կորցրեց «Օսասունայի» դեմ խաղում, ինչը նույն պամպլոնացիների կարգի թիմերի նկատմամբ 5-0 հաշվով հաղթանակներից հետո էյֆորիայի մեջ հայտնված «մադրիդիստներին» վերադարձրեց մոուրինյոական թախիծը:

«Վալենսիայի» դեմ խաղում «սերուցքայինները» ստիպված կլինեն խաղալ առանց Վարանի և Պեպեի, ինչին եթե գումարենք Ռամոսի ոչ ստաբիլ խաղը, կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել Դիեգո Լոպեսին: «Վալենսիան» էլ նոր է հեռացրել Ջուկիչին և շատ կցանկանա նոր փուլը Պիցցիի հետ, ով դժվար մինչ հանդիպումը հասցնի ծանոթանալ խաղացողների հետ և խաղին ներկայանալով արդեն գլխավոր մարզչի կարգավիճակում՝ սկսի «Ռեալի» նկատմամբ հաղթանակով:

Բացի վերհիշյալ խաղերից՝ «Բունդեսլիգայում» շաբաթ, 18:30-ին, տեղի կունենա «Բորուսիա Դորտմունդ» — «Հետա Բեռլին» հանդիպումը: Իսկ Գերմանական ֆուտբոլի առաջատարը՝ «Բավարիան» այսօր երեկոյան կմասնակցի աշխարհի ակումբային առաջնության եզրափակչին: «Բավարիա» — «Ռախա Կասաբլանկան» կսկսվի շաբաթ, ժամը 23:30-ին, որտեղ հաղթանակը, ցավոք, չի կարողանա օգնել Ֆրանկ Ռիբերիին՝ թեկուզ մի փոքր ավելի մոտենալ «Ոսկե գնդակին»:

Նախորդ հոդվածը‘ԱՎԾ. Միջին աշխատավարձը բարձրացել է 4,4 տոկոսով’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտը ոռոգող գետերի վրա ջրամբարներ կառուցելու` Թուրքիայի որոշմանը’