‘Արտյոմ Խաչատուրով. Ինձ համար առաջընթաց կլինի Հայաստանի հավաքականում խաղալը’

805

Հայրս եւ պապս հայ են: Նրանց համար հաճելի կլիներ, եթե ես հանդես գայի պատմական հայրենիքիս ազգային թիմում: Դա նրանց երազանքն էր: Այդ մասին հայտարարել է մոլդովական «Չերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, ով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու է:

«Շատ պատճառներ ունեմ Հայաստանի ազգային հավաքականն ընտրելու համար: Գլխավոր պատճառն այն է, որ իմ հարազատները Հայաստանից են: Հայրս եւ պապս հայ են: Նրանց համար հաճելի կլիներ, եթե ես հանդես գայի պատմական հայրենիքիս ազգային թիմում: Դա նրանց երազանքն էր: Հայերեն չգիտեմ, բայց Հայաստանի հավաքականում շատ ֆուտբոլիստներ խոսում են ռուսերեն, եւ ես խնդիրներ չեմ ունենա հարմարվելու հետ կապված:  

Չեմ ցանկանում մնալ տեղում: Ինձ համար առաջընթաց կլինի Հայաստանի հավաքականում խաղալը: Այդ իսկ պատճառով ես նման որոշում կայացրի: Եթե ես անհրաժեշտ լինեի Մոլդովայի հավաքականին, ապա վաղուց հրավեր կստանայի: Այնպես որ, եթե մինչեւ օրս ինձ չեն հրավիրել, ստացվում է, որ ես պետք չեմ նրանց: Ես 20 տարեկան եմ, բայց դեռ ոչ մի խաղ չեմ անցկացրել երկրի գլխավոր թիմի կազմում, նույնիսկ՝ հրավեր չեմ ստացել: Ես որոշել եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի հավաքականում: Եվ միայն դրանից հետո շատերը դարձյալ հիշեցին իմ մասին»,- ասել է Խաչատուրովը մոլդովական TV7 հեռուստաալիքի եթերում:

Արտյոմ Խաչատուրովը ծնվել է Մոլդովայի Բենդերի քաղաքում: Մոլդովայի երիտասարդական հավաքականի կազմում նա անցկացրել է 10 հանդիպում եւ դարձել է մեկ գոլի հեղինակ: Խաչատուրովը նաեւ եղել է Մոլդովայի երիտասարդական հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Խաչատուրովը հրավիրվել էր Հայաստանի հավաքական՝ մասնակցելու 2012-ի նոյեմբերի 14-ին կայացած Լիտվայի թիմի հետ հանդիպմանը, սակայն նա չժամանեց Երեւան փաստաթղթերի ձեւակերպման մոլդովական գործընթացի հետ կապված խնդիրների պատճառով: 

Sport.News.am

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակը’
Հաջորդ հոդվածը‘Ճանապարհները հիմնականում անցանելի են’