‘Բագրատյան. ԲՀԿ-ին դրդեցինք մնալ առանձին քաղաքական ուժ ‘

1310

Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Հրանտ Բարգրատյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե «Հայ ազգային կոնգրեսում  որոշ մարդիկ շտապում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության առումով»: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ իսկ Կոնգրեսն այսօր ի՞նչ է մտածում ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով, ՀԱԿ ներկայացուցիչը պատասխանել է. «Մի անգամ չէ, որ հարցրել եմ, նաեւ մամուլում ասել եմ՝ ի՞նչ լուրջ բան կա «Բարգավաճ»-ի հետ՝ բացատրեք իմանանք։ Ինձ ասել են, որ առանձնապես բան չկա՝ մարտավարության հարցեր են։ Բայց մարտավարություն՝ մարտավարություն, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ, հենց սկսում են խոսել, անպայման սկսում են «Բարգավաճ»-ից։ Եվ չեմ բացառում, որ տակը բան էլ չկա։ Եվ եթե տակը բան էլ չկա, վաղը, մյուս օր հերթական անգամ մի հիմար կացության առաջ կկանգնենք»։

«[Թե] ինչքա՞ն է այդտեղ լուրջ, ինձ ոչինչ հայտնի չէ»,- շարունակել է Բագրատյանը, — «Սովորաբար, քանի որ կարեւորագույն որոշումները քննարկվում են, որեւէ որոշում «Բարգավաճ»-ի կամ այլ կուսակցության մասով, մենք չենք քննարկել, ինձ քննարկման չեն հրավիրել։ Մի հանգամանք էլ՝ իմ կարծիքով որոշ մարդիկ այդտեղ շտապում են։ Օրինակ՝ նրանք, որոնք հայտարարում են, որ՝ այս ուժը սենց, այսպես․․․ եթե տեսնում եք՝ «Բարգավաճ»-ն ավելի զգույշ է արտահայտվում եւ ճիշտ է անում։ Հիմա՝ մենք սովոր ենք, որ քննարկում լինի։ Դրան պատասխանվել է, թե քննարկում եղել է օգոստոսին եւ իբր լիազորել ենք ինչ-որ խոսել այդ մասին։ Գիտեք ինչ կա՝ ես չեմ սիրում դա։ Ես իմ ընկերներին էլ զգուշացնում եմ եւ աշխատում եմ՝ ՀԱԿ-ում դա չլինի։ Սենց կառչելով, թե օգոստոսին սենց քննարկում եղավ` փորձել արդարացնել․․․ կարծում եմ ջուրը մտնելուց առաջ բոբիկանալ պետք չէ։ Կգա ժամանակը՝ կտեսնենք»:

 

Այս կապակցությամբ, թերեւս արժե հիշատակել դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 20-ին Հրանտ Բագրատյանի հարցազրույցը «168 Ժամ» թերթին, (http://archive.168.am/am/articles/30575-pr), որտեղ վերջինս անդրադարձել էր առաջին նախագահի քաղաքագիտական վերլուծությանն ու ԲՀԿ-ին: Այն տեղադրված է Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ

 

Ինչպե՞ս եք գնահատում վերջին հանրահավաքի ժամանակ ԲՀԿ-ի հետ կապված` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Դա ի վերջո վերլուծությո՞ւն էր, թե՞ ԲՀԿ-ին ուղղված համագործակցության առաջարկ: 

— Խորհրդարանական ընտրությունների են գնում երեք հիմնական ուժեր` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ ՀԱԿ-ը: Մնացած ուժերը էական դեր չեն խաղում: Իշխանությունը կարող է փորձել նրանցից որեւէ մեկին ինչ-որ դեր տալ, բայց այդ դերը պարզապես չկա` նկատի ունեմ զանգվածների օժանդակության մեջ: Եվ այնպես է ստացվել, որ այդ ուժերի գլխին կանգնած են հանրապետության նախկին եւ ներկա նախագահները: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի դեպքում որեւէ ժխտում, որ իրենց հետեւը կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, չի եղել: Եթե անգամ ենթադրենք, որ ԲՀԿ-ն համեմատաբար ինքնուրույնություն ունի, իսկ մեր տեղեկությամբ` դա այդպես չէ, այնուամենայնիվ, այդ երեք հիմնական ուժերն են: Եվ այդ երեք ուժերը ընտրություններին մասնակցելու երեք տարբերակ ունեն: Առաջին` գնում են ընտրության առանձին-առանձին: Երկրորդ, գնում են միասնաբար` երեքը մի ցուցակով: Եվ երրորդ տարբերակ` գնում են ընտրության, երբ երկուսը մի ցուցակով են, մեկը` առանձին է: Երկրորդ տարբերակը, բնականաբար, բացառվում է: Այս պայմաններում կա երկու տարբերակ: Փորձը ցույց է տալիս, որ առանձին-առանձին տարբերակի դեպքում ՀՀԿ-ն օգտագործելով վարչական ռեսուրսը` փորձելու է ջարդել ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին: Եվ այդ ջարդելու հավանականությունը կա: Հիմա ՀՀԿ-ն փորձում է իր կողմը քաշել ԲՀԿ-ին: ՀԱԿ-ն էլ փորձում է նույնը անել: ՀԱԿ-ի քայլը ոչ թե վերլուծություն կամ առաջարկ էր, այլ դա գործողություն էր Տեր-Պետրոսյանի կողմից, որով նա ԲՀԿ-ին ստիպում է արագացնել որոշում կայացնելը: Եվ, իրոք, արագացրեց: 

Բայց ԲՀԿ-ն ընտրություններին առանձին մասնակցելու մասին դեռ կոնկրետ հայտարարություն չի արել: Եթե, իհարկե, հաշվի չառնենք «50+1»-ի մասին Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունները:

— Ոչ, ձեզ թվում է: Ինձ թվում է, որ ԲՀԿ-ն արդեն ընտրություններին միայնակ մասնակցելու հստակ որոշում է կայացրել: Հայտարարել է, թե ոչ, նրա գործողություններն այսօր այդպիսին են: Իհարկե, դեռ կարող են ստիպել փոխել որոշումը: Այսինքն` Լ.Տեր-Պետրոսյանի կոչը նպատակին հասավ, Տեր-Պետրոսյանը դրդեց: Չէ՞ որ մինչ այդ էլ Սերժ Սարգսյանն էր անընդհատ դրդում ԲՀԿ-ի ղեկավարին, թե` արի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցենք: Բնականաբար` նույնը արեց նաեւ ՀԱԿ-ը: 

Մինչեւ Լ.Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, ժամանակից շուտ ԲՀԿ-ն չէ՞ր ուզում բացահայտել իր քայլերը:

— Լ.Տեր-Պետրոսյանը պարզապես ամեն ինչ պարզաջրեց: Եվ, այո, մինչեւ նրա հայտարարությունը ԲՀԿ-ն շուտ որոշում ընդունելու կարիք չուներ: Իսկ այսօր ԲՀԿ-ն ստիպված խաղում է օրերի ու ժամերի վրա` եւս մի քանի օրով հետաձգելով իր կյանքը:

Փաստորեն, դուք համոզված եք, որ ԲՀԿ-ն ի վերջո առանձին է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:

— Ի վերջո, կամ ԲՀԿ-ն տարանջատվելու է ՀՀԿ-ից, կամ, որպես քաղաքական ուժ, ոչնչանալու է: ՀԱԿ-ի խնդիրն է` մոտեցնել այդ ջրբաժանի, որոշում կայացնելու պրոցեսը, օրը, ժամը: 

Բայց ԲՀԿ-ն առայժմ ոչ դեպի ՀՀԿ է գնացել, ոչ էլ, առավելեւս` դեպի ՀԱԿ: Լ.Տեր-Պետրոսյանը չգիտե՞ր, որ ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հետ չի համագործակցի:

— Բայց Լ.Տեր-Պետրոսյանի համար արդեն հաղթանակ է, որ ԲՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի հետ չի լինի:

Ի՞նչ է շահելու ՀԱԿ-ը դրանից:

— Համենայնդեպս, ՀԱԿ-ին այսօր պետք է օր առաջ հստակեցնել ԲՀԿ-ի դիրքորոշումը: Եթե այսօր ԲՀԿ-ն որոշում է միայնակ գնալ ընտրություններին, ապա կընկնի ՀՀԿ-ի իշխանության հալածանքի տակ: Եվ դա այսօրվանից արդեն մենք զգում ենք: Թող ընկնի: Եվ դա կարող է թուլացնել կամ չթուլացնել ԲՀԿ-ին: Այսինքն` պետք է սկսվի ՀՀԿ-ԲՀԿ կռիվը: Թող օր առաջ սկսվի: Իսկ ՀԱԿ-ի համար հեշտ չէր ԲՀԿ-ին դաշինքի հրավիրելը, որովհետեւ այն, ինչի համար պայքարում է ՀԱԿ-ը, այն բացասական երեւույթները, որ կան հասարակության մեջ, որպես իշխանության մաս, դրա մեջ մասնաբաժին ունի նաեւ ԲՀԿ-ն: Այնուամենայնիվ, ՀԱԿ-ը դա հաղթահարելով` հասկացնել տվեց, որ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններ դուռը բաց է թողնում: Ես կարծում եմ, որ այստեղ այնուամենայնիվ կիսով չափ խնդիր լուծվեց: Մենք ԲՀԿ-ին դրդեցինք մայիսի ընտրություններին մնալ առանձին քաղաքական ուժ: Վստահ չեմ, բայց կարծում եմ, որ մայիսի 6-ի ընտրություններից հետո ամենահնարավոր սցենարն այն է, որ ԲՀԿ-ն գալու է Ազատության հրապարակ` արդար ընտրությունների խռովությանը, ընտրակեղծիքների դեմ պայքարելու գործընթացին միանալու: Ես այդպես եմ կարծում, այլ ճար նրան չեն թողնելու: Չնայած` կապրենք, կտեսնենք: 

Այսինքն` Դուք արդեն կանխավ ենթադրո՞ւմ եք, որ ընտրությունները կեղծվելու են, եւ ԲՀԿ-ն դժգոհ է մնալու իր ստացածից: Բայց չէ՞ որ ՀՀԿ-ից արդեն հայտարարություններ են հնչել, թե այս ընտրությունները լինելու են անցած 20 տարիների ամենաթափանցիկ ընտրությունները: 

— Միանշանակ կեղծելու փորձ է կատարվելու: ՀՀԿ-ն 5 տոկոս չի անցնի, հանուն ինչի՞ պիտի անցնի: 

Բազմահազարանոց վարչական ռեսուրս ունի:

— Դա արդեն կեղծել է նշանակում: Այդ մարդիկ 2007թ. խոսք էին տվել կրկնապատկել ՀՀ Համախառն ներքին արդյունքը` «Առաջ Հայաստան», եւ այլն: Հիմա տեսեք, թե ինչ է կատարվում: Այսօր մենք ունենք բյուջե, որը եթե բաժանում ենք դոլարի, 20 տոկոսով պակաս է 2007-ի բյուջեից: Այս մարդիկ եկել էին պայքարելու օլիգարխների դեմ` իրենք դարձան օլիգարխներ: Նույն վարչապետով ու նախարարներով արդեն դարձան նորահայտ օլիգարխներ:

Դուք ասում եք` բյուջեն պակասել է, բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը բյուջեի եկամտային մասը 101 մլրդ դրամով ավելացնելու մասին հայտարարություն արեց: Եվ դա ապահովելու համար նաեւ նախապես հարկային ոլորտների մի շարք օրենքներ փոխվեցին:

— Որտե՞ղ է բյուջեն ավելացել: Եթե այս տարվա բյուջեի եկամտային մասը 878 մլրդ դրամ էր, հաստատվածը 938 մլրդ է: 101 միլիարդ դրամը որտե՞ղ է: Կառավարության կայքում կան անցած տարիների բյուջեները, կարդացեք: Ինչպե՞ս է ավելացել: 5,5 տոկոս էլ գնաճ կա: 877 մլրդ դրամը 5,5 տոկոսով աճեցնում ենք, ստացվում է 926 մլրդ: Բացի այդ, 4,2 տոկոս տնտեսական աճ կա: Այդ 926-ն էլ 4,2 տոկոսով աճեցնում ենք, ստանում ենք 964 մլրդ դրամ: Ի վերջո, բյուջեն վարչապետը 26 մլրդ դրամով պակասեցրեց: Մի՞թե չեք հասկացել: Քանի անգամ եմ ասել, որ Տիգրան Սարգսյանը ֆռռացնելու հատկություն ունի: Մինչեւ մարդիկ կջոկեն, կհասկանան` ժամն անցնում է: Կամ այդ 101 մլրդ-ն ի՞նչ փող էր, որ գոնե այդքանով էլ չավելացրեցին: Իսկ ՀԱԿ-ը պնդում էր` բյուջեն ավելացնել 350 մլրդ դրամով: 

Դուք կարծես թե դրական գնահատեցիք ԲՀԿ-ի հետ կապված Լ.Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը, բայց ՀԱԿ-ում դրա հետ կապված տարաձայնություն առաջացավ: Որոշ գործիչներ կամ ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարներ չընդունեցին ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության տարբերակը:

— Բնական է, դժվար է: Ես էլ իմ մեջ որոշակի թերահավատություն ունեմ: Ես չէի ուզենա մեկնաբանել, թե ով ինչ ասաց: Տարբեր մեկնաբանություններ եղան: Բայց ես ձեզ բացատրեցի տարրական քաղաքական տեխնոլոգիան: 3 ուժեր են եւ 3 հնարավոր տարբերակներ:

Բայց եթե ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցի, դա կարող է վտանգավոր լինել ՀԱԿ-ի համար: ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, կարող է ցույց տալ, թե անկախ է, նույնիսկ կարող է ընդդիմադիրի կեցվածք ընդունել ու այդպիսով ՀԱԿ-ից ձայներ տանել:

— ՀԱԿ-ն առաջինը կլինի, որ կուզենա` ԲՀԿ-ն շատ ձայն հավաքի: Կարո՞ղ է, թող հավաքի: Մենք այդպես չենք կարծում: Մենք կարծում ենք, որ այս պահին մեզ ձեռք է տալիս, որ ԲՀԿ-ն կարողանա մոբիլիզացնել իշխանական դաշտում գտնվող իր ձայները: 

Բայց ՀԱԿ-ի համար ի՞նչ տարբերություն` այդ ձայները ԲՀԿ-ի՞ն են գնում, թե՞ ՀՀԿ-ին: Երկուսն էլ իշխանական ուժ են: Եվ Դուք եք ասում, թե ԲՀԿ-ն էլ պատասխանատվության իր բաժինն ունի Հայաստանում առկա բացասական երեւույթների համար:

— Պարզապես ԲՀԿ-ն եթե սկսի իր ձայները հավաքել, հավաքելու է ՀՀԿ-ից: Ոչինչ, 98 ձայն թող ՀՀԿ-ից վերցնի, 2 ձայն էլ կարող է ՀԱԿ-ից տանել: Բայց նա տասնապատիկ անգամ ավելի է վերցնելու ՀՀԿ-ից: Սա կարեւոր է:

Իսկ Դուք տեղյա՞կ եք, թե ՀԱԿ-ում նախընտրական ինչ գործընթացներ են գնում: Արդեն համամասնական ցուցակի հետ կապված մեկնաբանություններ են հնչում:

— Տեղյակ չեմ ցուցակից:

 

 

Նախորդ հոդվածը‘ԺՀԿ անդամ. ԲՀԿ-ի հարցը քննարկվել է օգոստոսին ‘
Հաջորդ հոդվածը‘«Զենիթը» վերջին րոպեին հաղթանակ կորզեց «Ռոստովից»’