‘Բանկային ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման միտումը Հայաստանում կպահպանվի. Մասնագետ’

1077

2014 թվականին ևս Հայաստանում կպահպանվի բանկային ավանդների և վարկերի տոկոսադրույքների նվազման միտումը: Այդ մասին հունվարի 31-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նա նշել է, որ պետական պարտատոմսերի եկամտաբերության նվազումը պարտադիր կհանգեցնի ավանդների տոկոսադրույքների նվազման, հատկապես` դրամային ավանդների պարագայում:

Իսկ արտարժութային ավանդների տոկոսադրույքների առնչությամբ Ա.Հանեսյանը նշել է, որ ուղղակի կապ չի տեսնում դրանց և եվրապարտատոմսերի եկամտաբերության միջև: «Արտարժութային ավանդների տոկոսադրույքը մեծապես առչվում է LIBOR միջազգային տոկոսադրույքին: Այս տարի մենք LIPOR տոկոսադրույքի բարձրացում չենք ակնկալում, ինչից ելնելով ենթադրում ենք, որ արտարժութային ավանդների տոկոսադրույքները չեն բարձրանա», — նշել է Ա.Հանեսյանը:

ՀՀ ԿԲ տվյալներով, 2013  թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆինանսական շուկայում ավանդների տոկոսադրույքները կազմել են միջին հաշվով 8,7%, իսկ վարկերի տոկոսադրույքները` 14,3%: Երկու ցուցանիշներն էլ տարեկան կտրվածքով նվազել են 0,2 տոկոսային կետով: Պետական պարտատոմսերի եկամտաբերությունը տարեկան կտրվածքով (2013թ. դեկտեմբերին` 2012թ. դեկտեմբերի համեմատ) նվազել է միջին հաշվով 13,7%-ով` մինչև 9,9%, մասնավորապես, կարճաժամկետ պետական  պարտատոմսերինը` 10,4%-ից մինչև 8,2%, միջնաժամկետ պետական պարտատոմսերինը` 14,3%-ից մինչև  10%, երկարաժամկետ պետական պարտատոմսերինը` 16,3%-ից մինչև 11,6%:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան մոտ 20 մ շրջվել է ձորը. կան տուժածներ ‘
Հաջորդ հոդվածը‘Կադաստրի պետական կոմիտեն պարզեցրել է քաղաքացիների դիմումների ընդունման գործընթացը’