‘Բարոնուհի Քոքսը քննադատել է Բաքվի քաղաքականությունը’

708

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ բրիտանա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի հետ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ հանդես է եկել ելույթով, News.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է «Asbarez»-ը:

«Ես տարածաշջան եմ այցելել մոտ 78 անգամ,  անգամ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ: Ափսոսում եմ, որ իմ ջանքերն այս քննարկման մեջ աջակցություն չի վայելելու, քանի որ դրանում քննադատվելու է Ադրբեջանը, սակայն դա հիմնված է առաջին ձեռքից ստացված ապացույցների վրա»,-ասել է բարոնուհին:

«1991 թ-ին ես այցելեցի Ադրբեջան եւ հանդիպեցի այն ժամանակվա նախագահի ու քաղաքական առաջնորդների հետ: Ես ցնցված էի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտմանը նրանց  ակնհայտ աջակցությամբ», — ասել է նա:

«Հայերն առաջին զոհերն էին, քանի որ արդեն եղել էին Բաքվի եւ Սումգայիթի ջարդերի զոհերը: Հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց: Ես վկան էի, թե ինչպես էին «Գրադի» հրթիռներն ամեն օր  հարվածում Ղարաբաղին, ականատեսն էի օդային ռմաբակոծման», — ընդգծել է Քոսքը:

Նա նաեւ նշել է, որ հայկական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջը գտնվող տարածքը վերահսկողութան տակ վերցնելը ագրեսիվ զավթում չէր, այլ գոյատեւման համար անհրաժեշտ գործողություն, քանի որ դրանք Ղարաբաղի գյուղերն ու քաղաքները հարվածելու հենակետեր էին:

«Այս վերջին պատմությունը կապ ունի ներկայիս մտահոգությունների հետ: Ադրբեջանի կողմից թշնամական քաղաքականության շարունակումը վնաս է հասցնում այդ կիսասառեցված հակամարտության կարգավորման փորձերին: Օրինակ, լորդ Լեյրդը հիշատակեց Ռամիլ Սաֆարովի դեպքի մասին, որը Ադրբեջանին արտահանձնվելուն պես ազատ արձակվեց», — ընդգծել է Քոքսը:

«ԱՄՆ պետքարտուղարության մամլո քարտուղար Պատրիկ Վենտրելը հայտարարել էր, որ Միացյալ նահանգները խիստ մտահոգված է Սաֆարովի ազատ արձակմամբ: Ռուսաստանն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարությունների գործողությունները հակասում են միջազգային միջնորդական ջանքերին: Կարո՞ղ եմ հարցնել նախարարին, թե ի՞նչ պահանջներ են ներկայացվել Ադրբեջանին` դատապարտված հանցագործի ազատ արձակման եւ մեծարման հետ կապված», — հարցրել է բարոնուհին:

«The Economist»-ը նաեւ բարձրացրել էր ԵՄ-ի նկատմամբ վստահության հարցը, երբ վերջինս 19,5 մլն եվրո էր խոստացել նավթով հարուստ Ադրբեջանի  արդարադատության համակարգի բարեփոխման համար:

2006 թ-ից Ադրբեջանի տնտեսությունը` նրա նավթային հսկայական պաշարներով հանդերձ, գրեթե եռապատկվել է` հասնելով մինչեւ 62 մլրդ դոլարի: Կարո՞ղ եմ հարցնել նախարարին, ինչո՞վ է ԵՄ-ն արդարացրել նման հարուստ երկրին 19,5 մլն եվրոյի տրամադրումը: Բացի այդ, առկա է անհանգստությունը՝ Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացման հետ կապված` 7 տարվա ընթացքում 20 անգամ: Բացի նրանից, որ չնայած ռազմական ոլորտին ուղղված նման ծախսերին, երկրում շատերն աղքատության մեջ են ապրում, դա նաեւ մտահոգություն է առաջացնում Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի վերսկսման հակվածության առումով: Եւ այդ մտահոգությունը խորանում է ադրբեջանական կողմից ռազմական հռետորաբանության եւ թշնամական քարոզչությամբ, որը չի նպաստում վստահության ամրապնդմանն ու բանակցային գործընթացի արդյունավետությանը», — հայտարարել է Քոքսը:

Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների անհանգստացնող վիճակին:

«Ափսոսում եմ, որ ստիպված եմ հանդես գալ նման քննադատական խոսքով: Ինձ իհարկե կարող են դատապարտել կողմնակալության մեջ, սակայն եթե անգամ իմ ելույթը կողմնակալ է, ապա այն ճշգրիտ է` հիմնված առաջին ձեռքից ապացույցների վրա եւ հաստատված բազմաթիվ անկախ աղբյուրներով», -ընդգծել է Քոքսը:

Նախորդ հոդվածը‘Արաբկիրի ոստիկանները հանցագործություններ են թաքցրել’
Հաջորդ հոդվածը‘Չարլզ Դարվինը ԱՄՆԿոնգրեսի ընտրություններում չորս հազար ձայն է ստացել ‘