‘«Բարսելոնայի» համերգը, Ռոնալդուի վերադարձը, Կասիլյասի հիացմունքը. տեսանյութ’

736

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում երեք հանդիպում առանձնացան մյուսներից: Բայց տարբեր պատճառներով:

Նախ, «Բարսելոնան» սեփական խաղադաշտում ջախջախեց Բիլբաոյի «Աթլետիկին»: Ինքնին սա անակնկալ չէր, սակայն շատ տպավորիչ էր կատալոնացիների խաղը: Պարզապես կախարդական համերգ էր, որի դիրիժորներն էին Ինյեստան, Մեսին, Չավին եւ մնացածները` առանց բացառության: «Բարսան» հաղթեց 5:1 հաշվով եւ չլիներ «Աթլետիկի» դարպասապահի հերոսական խաղը, այս հաղթանակը ավելի խոշոր կլիներ:

Միակ հարցը, որը թերեւս շատերին հետաքրքրում է, այն է, թե ո՞րն է այս «Բարսելոնայի» պոտենցիալը, արդյո՞ք սա նրանց ուժեղագույն ֆուտբոլն է, որովհետեւ տպավորություն կա, Վիլանովան դեռ ամբողջութամբ չի օգտագործում այս թիմի ներուժը: Բոլոր դեպքերում, «Բարսելոնայի» խաղը գեղագիտական մեծ հաճույք պատճառեց:

Իսպանիայի առաջնություն. 14-րդ տուր

«Բարսելոնա» — «Աթլետիկ»` 5:1

Խերարդ Պիկե, 22, Ամորիբիետա, 26 (Ինքնագոլ), Ադրիանո, 45, Սեսկ Ֆաբրեգաս, 57, Լիոնել Մեսի, 69 – Իբաի Գոմես, 66

Իսկ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Սանտագո Բեռնաբեու» մարզադաշտում, որտեղ մադրիդյան դերբիում «Ռեալը» խաղում էր «Աթլետիկոյին»: Ե՞րբ էր այդպիսի բան եղել, որպեսզի «Աթլետիկոն» 8 միավորով գերազանցի «Ռեալին»: Դրա պատասխանը երեւի միայն հնագետները գիտեն:

Այս հանդիպումից ակնկալիքները մեծ էին: «Աթլետիկոն» հույս ուներ հաղթանակի դեպքում ավելի պոկվել «Ռեալից» եւ հեռու չթողնել «Բարսային», իսկ «Ռեալին»` պարզապես ետ չմնալ առաջատարներից եւ ցույց տալ, որ իր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում:

Այս հանդիպումը վերածվեց մարզիչների` Մոուրինյո-Սիմեոնե հակամարտության, որտեղ փայլուն հաղթանակ տարավ պորտուգալացին: Վերջինս տակտիկապես գերազանցեց իր մրցակցին: «Ռեալը» գրեթե անթերի հանդիպում անցկացրեց, բավական սոլիդ եւ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրեց: Իսկ Սիմեոնիի հիմնական սխալը թերեւս այն էր, որ նա հոգեբանորեն չէր պատրաստել իր սաներին: Բավական երկչոտ եւ զգույշ ֆուտբոլ, որը չփոխվեց նույնիսկ այն դեպքում, երբ «Ռեալը» հաշվի մեջ առաջ անցավ:

Գերազանց հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, որի ֆանտաստիկ գոլն ու Իկեր Կասիլյասի արձագանքը դեռ երկար ժամանակ կմնան մարզասերների հիշողության մեջ:

«Ռեալ» — «Աթլետիկո»` 2:0

Կրիշտիանու Ռոնալդու, 16, Մեսութ Օզիլ, 66

Եվ վերջապես, երրորդ կարեւոր խաղում «Վալենսիան» սեփական խաղադաշտում պարզապես ջախջախիչ պարտություն կրեց «Ռեալ Սոսյեդադից»` 2:5: Հաշվի առնելով, որ նախորդ տուրում վալենսիացիները նույնպես ջախջախիչ պարտություն էին կրել «Մալագայից», հասկանալի է, որ թիմի ղեկավարների համբերությունը հատեց, եւ  խաղից անմիջապես հետո «Վալենսիայի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պելեգրինոն պաշտոնանկ արվեց: Այժմ «Վալենսիան» գտնվում է 11-րդ տեղում, եւ նոր մարզիչ պետք է իրավիճակը շտկելու համար տաժանակիր աշխատանք կատարի:

«Վալենսիա» — «Ռեալ Սոսյեդադ»` 2:5

Ռոբերտո Սոլդադո, 2, 73 – Ալբերտո դե լա Բելա, 44, Միկել Գոնսալես, 57, Դիեգո Իֆրան, 64, Իմանոլ Ագիրեչե, 83, Կառլոս Վելա, 90

Այս տուրից հետո «Բարսելոնան» 40 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկոն» ունի 34, իսկ «Ռեալը»` 29 միավոր:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Վերսկսկվել է Գանձասարի պարսպի սալիկապատումը (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ հուշարձանների պահպանության վարչությունը տեղյակ չէ, որ Գանձասարի պարիսպը նորից սալիկապատվում է ‘