‘
Այսօր Բիշքեկում տեղի ունեցած անկարգությունների հանգամանքները հետաքննելու համար ստեղծվել է միջգերատեսչական խումբ, որում ընդգրկվել են հանրապետության բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են Ղրղզստանի գլխավոր դատախազությունում: «Այս փաստով դեռևս քրեական գործ չի հարուցվել,- հայտարարել են երկրի գլխավոր դատախազությունում:- Այսօրվա դեպքերի վերաբերյալ նախնական եզրակացություններ կարելի է անել միայն միջգերատեսչական հանձնախմբի աշխատանքների ավարտից հետո»:
Այսօր Բիշքեկում ոսկու արդյունահանությամբ զբաղվող խոշորագույն ղրղզա-կանադական «Կումտոր» ձեռնարկությունը ազգայնացնելու համար կազմակերպված հանրահավաքի մասնակիցները փորձել են ներխուժել կառավարության շենք, որտեղ տեղակայված են ազգային ժողովը և նախագահի աշխատակազմը: Շենքը պահպանող զինվորականները ցուցարարներին ցրելու համար ստիպված են եղել լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ կիրառել: Արդյունքում ցույցը ցրվել է: ՆԳՆ տվյալներով՝ այժմ Բիշքեկում և շրջաններում իրադրությունը կայուն է և լիովին վերահսկվում է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Հակաօրինական գործողությունների համար ոստիկանության բաժին են տարվել ակցիայի չորս ակտիվիստներ: Ոստիկանության կազմը հանրապետությունում ուժեղացված ծառայություն է իրականացնում, նրանց օգնում են մի քանի հարյուր ժողովրդական հսկիչներ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում վնասվածքներ է ստացել 12 հոգի, այդ թվում՝ 9 իրավապահ: «Կումտորի» ազգայնացման համար հանրահավաքը կազմակերպել էին խորհրդարանական ընդդիմադիր «Աթա-Ժուրտ» («Հայրենիք») կուսակցության առաջնորդները:
‘