‘Բուրժուադեմոկրատական հեղափոխություն’

2781

Բան չունեմ ասելու, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին քննադատողները բոլորը շատ խելոք են, բոլորն էլ՝ շատ ազնիվ, միայն թե մի քանի հարցի պատասխան կա, որոնք չեն կարողանում տալ, ու ինչ էլ անես, միևնույն է, չեն տա՝ երևի համարելով որ դա ազգային անվտանգության գաղտնիք է, որը բացահայտվելուց հետո ազգը կարող է լուսավորվել և հասկանալ՝ իրականում ինչն ինչոց  է: 
Այդ հարցերից մեկը վերաբերում է ՀԱԿ առաջնորդին. ո՞րն է այն դրդապատճառը, որով նա այսքան տարի ղեկավարում է ընդդիմությունը, եթե կարող էր ինքն իր համար քաշվել մի կողմ և որպես Հայաստանի հաղթանակած նախագահ՝ ժամանակ առ ժամանակ հայրենասիրական հայտարարություններ աներ, գիտությամբ զբաղվեր, ու հաստատ՝ դրանից  և՛գործող իշխանությունները, և՛ ընդդիմության հասցեին «անաչառ» քննադատողները երջանիկ ու շնորհակալ կլինեին…
Երկրորդ հարցը վերաբերում է ԲՀԿ առաջնորդին. ո՞րն է այն դրդապատճառը, որով նա ցանկանում է Հայաստանում փոփոխություններ իրականացնել, եւ այդ պատճառով միացել է ընդդիմությանը՝ ռիսկի ենթարկելով իր ունեցվածքը և ամեն օր լսելով իշխանության կողմից արտանետած վայրահաչոցները: Մի՞թե նա իշխանության կարիք ունի, կամ փողի, կամ էլ փառքի, «հեն ա»՝ ազգի մեծ մասը նրան համարում է ամենամեծ բարերարը, և նա կարող էր այդ համբավով մինչև կյանքի վերջն ապրել, ու թե՛ իշխանությունները երջանիկ կլինեին, թե՛ նրա վրա վայրահաչողները չէին լինի…

Կամ Ստեփան Դեմիրճյանը. նա, այսքան տարի պայքարելու փոխարեն՝ կարող էր իշխանության հետ համագործակցության գնալ, և ինչպես մնացածները՝ ինքն էլ օգտվեր իշխանությունների տրամադրած բիզնես հնարավորություններից:

Նույնը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը. ի՞նչն էր նրան խանգարում ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել ու օգտվել իշխանության լծակներից`  մի նախարարություն ղեկավարեր կամ արտերկրում դեսպան աշխատեր ու ցեղասպանության մասին հոդվածներ հրապարակելով՝ դառնալ Սփյուռքի «կուռքը»:
Ուրեմն, ի՞նչն է դրդում այս գործիչներին և նրանց ղեկավարած ուժերին ժողովրդի կողքին լինել ու ենթարկվել տարատեսակ զրկանքների, այն դեպքում, երբ նրանցից յուրաքանչյուրը այլընտրանք ուներ իշխանության մեջ լինելու ու հանգիստ ու բարեկեցիկ կյանքով ապրելու: 

Այստեղ միայն մեկ պատասխան կարող է լինել` հայրենիքի նկատմամբ ունեցած պատասխանատվությունը, գիտակցումը, որ եթե իրենք պետությունը դուրս չբերեն այս վիճակից, ապա, հետո, հաստատ, այլեւս դժվար կլինի այս վիճակից պետությունը դուրս բերել:

Ուրեմն, այս շարժմանը կասկածողները կամ շարժման լիդերների մասին տարատեսակ ստեր տարածողները, հաստա՛տ, տրամաբանության հետ խնդիր ունեն, այլապես չնչին տրամաբանություն ունենալու դեպքում նրանք կհասկանային, որ ընդդիմության առաջնորդները անձնական դրդապատճառներից ելնելով չէ, որ սկսել են այս շարժումը: Ու վերևում նշածս մի քանի հարցերի պատասխանները բավարար էին՝ բացահայտելու նրանց մասին բոլոր չարախոսողների ոչ անկեղծ լինելը:

Քանի չեմ մոռացել, մի մեղադրանքի էլ պատասխանեմ, թե իբր Ռուսաստանն է Հայաստանի ընդդիմությանը առաջնորդում, ու դա է պատճառը որ նրանք այժմ «արևմտամետ» իշխանությունների դեմ շարժում են սկսել: Նախ, եթե իշխանությունները արևմտամետ են, ապա այդ ինչպե՞ս Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում, իսկ եթե Հայաստանի ընդդիմությունը Ռուսաստանի կողմից է ղեկավարվում, ապա ի՞նչն է խանգարում Ռուսաստանին այսքան երկար ու ձիգ տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին տապալել և իշխանության բերել իրենց ուզած մարդուն կամ մարդկանց:

Այս պարզագույն հարցերը բացահայտում են բոլոր բանսարկությունները շարժման ու նրա ղեկավարների մասին: Իսկ ամենապարզ ճշմարտությունն այն է, որ այս շարժումը միակ շանսն է՝ Հայաստանը փրկելու ֆեոդալացումից կամ գաղութացումից, ու ով ցանկանում է, որ Հայաստանը չդառնա այդպիսին, ապա նվազագույնը, ինչ ինքը կարող է անել, գոնե չխանգարելն է այս շարժմանը:

Միսակ Մարտինյան

Նախորդ հոդվածը‘Վահան Վարդապետյան. Համաժողովրդական շարժումն սկսված է, պետք է թափ հավաքի և վերջնական արդյունքի հանգեցնի ‘
Հաջորդ հոդվածը‘Օրենսդրական խնդիրը հրատապ կարգով ՍԴ-ից պետք է տեղափոխել ԱԺ. Օմբուդսմեն’