‘Բրեդ Փիթը հետաքրքրված է Պիղատոսի դերով ‘

813

Բրեդ Փիթը հետաքրքրված է Վերա Բլասիի սցենարով WarnerBros. ստուդիայում նկարահանվող «Պոնտացի Պիղատոսը» ֆիլմում գլխավոր դերով, հայտնում է  Deadline ամսագիրը:

Աստվածաշնչային Պիղատոսը Հրեաստանի հռոմեական կուսակալն էր մ.թ. 26-36թթ.: Բլասիի սցենարը պատմում է այն մասին, թե ինչպես հռոմեացի սպայի զգայուն տղան վերածվեց արյունարբու զինվորի, այնուհետեւ՝ զորավարի, որի ռազմական հաջողությունները նրա համար ուղի հարթեցին դեպի քաղաքականություն: Չնայած, որ Պոնտացուն խոստացել էին կայսեր փոխանորդ նշանակել Եգիպտոսում, նրան ուղարկեցին Հրեաստան՝ կառավարելու ներսից կրոնական երկպառակություններով ծվատվող Երուսաղեմի եռացող կաթսա: Հրեաներին հարկերով խեղդող, նրանց կրոնական հավատալիքներն ու ավանդույթները ոտնահարող, մարդկանց աջուձախ մահվան դատապարտող եւ այդ ամենի արդյունքում՝ վրդովված տեղացիներին հաճոյանալու համար Նազովրեցի Հիսուսին կատաղած ամբոխի ձեռքը տված   Պիղատոսի դաժանությունն ու անարդարությունները կանխորոշեցին նրա հետագա ճակատագիրը: Կուսակալի կամայականությունների մասին սամարացիների բողոքի հիման վրա Ասորիքում հռոմեական նվիրակ Վիտելիոսը Պիղատոսին ազատեց զբաղեցրած պաշտոնից եւ ուղարկեց Հռոմ: Պիղատոսի հետագա ճակատագիրը հայտնի չէ, չնայած պատմական որեւէ փաստի վրա չհիմնված վարկած կա, որ նա ինքնասպան է եղել:

Ֆիլմի ռեժիսորը դեռ հայտնի չէ: Նախագծի պրոդյուսերներն են Մարկ Ջոնսոնը եւ Լինի Հարիսը: Deadline տեղեկացնում է, որ ֆիլմը չի շարադրելու պատմական իրադարձությունները, ինչպես դա ընդունված է էպիկական ֆիլմերում:

Սակայն եթե ֆիլմի հեղինակները ցանկանում են գլխավոր դերում ունենալ Բրեդ Փիթին, պետք է շտապեն. դերասանը խոստացել է, որ, երբ լրանա իր 50-ամյակը, հեռանալու է կինոդերասանի մասնագիտությունից: Այնպես որ, կարճ ժամանակ է մնացել: 

Նախորդ հոդվածը‘Ձյունը կրկին կաթվածահար էր արել երթևեկությունը’
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն դեռ չի կողմնորոշվել` Սերժ Սարգսյանի դիմանկարը քարոզչանյութ է, թե ոչ. Մամուլ’