‘
Բրիտանական BBC հեռուստաընկերությունը պնդել է, որ Մարգարեթ Թեթչերի կառավարության օրոք պահպանողական կուսակցությունում ազդեցիկ դիրք զբաղեցնող քաղաքական գործիչներից մեկը, ում անունը չի հայտնվում, մանկապիղծ է եղել և բռնաբարել է արական մանկատան երեխաներին: Մերկացումները հնչել են «Նյուսնայթ» հեռուստածրագրի ընթացքում, երբ ցուցադրվել է հարցազրույց 49-ամյա մի տղամարդու հետ, որը 1970-ական թթ. եղել է Հյուսիսային Ուելսի «Բրին Էսթին» մանկատան սան:
1996-2000 թթ. բրիտանական իրավապահ մարմինները հետաքննություն էին անցկացրել և պարզել, որ 1974-ից մինչև 1990 թ. Հյուսիսային Ուելսում գործել է մանկապիղծների կազմակերպված խումբ, որի զոհ են դարձել 40 մանկատներում ապաստանած առնվազն 650 երեխաներ:
49-ամյա Սթիվեն Մեսշեմը պատմել է, որ մանկատանը եղած ժամանակաընթացքում իրեն բազմիցս բռնաբարել են, և հանցագործների թվում եղել է նաև մի ազդեցիկ քաղաքական գործիչ: BBC-ի ծրագրի հեղինակներն այդ մարդուն անվանել են «բարձր հասարակական դիրք զբաղեցնող ստվերային ֆիգուր», սակայն նշել են, որ բավարար ապացույցներ չունեն՝ նրա մեղքը հաստատելու համար, այդ պատճառով էլ չեն հրապարակում քաղաքական գործչի անունը:
Ի դեպ, որոշ լրագրողների և խորհրդարանականների կարծիքով՝ BBC-ն այս հաղորդմամբ փորձում է հանրության ուշադրությունը շեղել իրենց նախկին՝ արդեն հանգուցյալ հեռուստահաղորդավար Ջիմի Սևիլից, որը նույնպես մեղադրվել է մանկապղծության համար:
‘