‘Գագիկ Ջհանգիրյան. Եթե մի երկու օր էլ մնայիք սահմանին, լրիվ այլ առաջարկներ կանեիք ‘

1539

Սահմանամերձ համայնքների բնակիչներին հարկային արտոնություններ տրամադրող օրինագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ կողմ է դրա ընդունմանը:

Այնուհանդերձ, պատգամավորը ուշադրություն հրավիրեց օրինագծի այն կետի վրա, որով բնակիչների հարկային արտոնությունների չափը որոշելու է Կառավարությունը: Ջհանգիրյանի խոսքով, այս դրույթը պետք է կարգավորվի օրենքով: Նա կոչ արեց Կառավարությանը՝  մինչեւ հաջորդ ընթերցումը շտկել այս հատվածը:

Ջհանգիրյանը անդրադարձավ նաեւ մի շարք պատգամավորների՝ սահմանամերձ գյուղերին այլ արտոնություններ եւս տրամադրելու մասին առաջարկներին:

«Քանի որ բոլոր խմբակցությունից մեր գործընկերները եղել են սահմանամերձ գյուղերում, իրենց մաշկի վրա զգացել են իրենց խնդիրները, տարբեր առաջարկներ են անում՝ սկսած անվճար սնունդից, ամուսնության ծախսերի փոխհատուցումից, եւ այլն: Բայց վստահ եմ, որ եթե մի քանի գիշեր էլ մնայիք այնտեղ, քնեիք բլինդաժներում, լրիվ այլ առաջարկներ կանեիք», — նշեց Ջհանգիրյանը: 

Նրա խոսքով, պատգամավորների  առաջարկները քննելիս Կառավարությունը պետք է մտածի՝ սահմանին կանգնած զինվորներն օգտվու՞մ են այն արտոնություններից, որոնք առաջարկվում է սահմանամերձ գյուղերի բնակիչներին տալ:

Ըստ պատգամավորի, չեն կարող սահմանամերձ գյուղի բնակիչներին տված արտոնություններն ավելին լինել, քան հենց այդ սահմանները պահող զինվորներինը: «Պետք չէ ականջահաճո հայտարարություններ անել, եկեք մեր ախորժակներն ու ցանկությունները համադրելի դարձնենք», — ասաց Ջհանգիրյանը: 

Նախորդ հոդվածը‘Վիսենտե դել Բոսկե. «Հնարավոր է` երբ Ֆաբրեգասը և Կոստան վերադառնան հավաքական, նրանց դիրքերում արդեն այլ ֆուտբոլիստներ լինեն» ‘
Հաջորդ հոդվածը‘Տյագո Սիլվա. «Երբ Դունգան ինձ զրկեց ավագի թևկապից, հասկացա` կորցրել եմ տեղս հավաքականում» ‘