‘Գագիկ Ջհանգիրյան. Ճիշտ է ունենալ երաշխիքով ստեղծվող հանձնաժողով գարնանը, քան թե դեկտեմբերին՝ մերժման որոշում’

844

Ինչպես գիտենք, այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը որոշեց հետաձգել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավորների հեղինակած՝ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քվեարկությունը:

Մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նիստում հայտարարեց, որ ԱԺ մեծամասնությունը հանձնաժողով ձևավորելու հարցը պատրաստ է ընդունել միայն նախագահական ընտրություններից հետո:

iLur.am-ի թղթակիցը զրուցել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանի հետ:

-Արդյոք հավատու՞մ եք, որ մեծամասնությունը կկատարի իր խոստումն ու նախագահական ընտրություններից հետո կողմ կքվեարկի Մարտի մեկի հարցով հանձնաժողովի ստեղծման նախագծին:

-Եթե այդ խոստումները տրված լինեին առանձնազրույցների ընթացքում, գուցե ես որոշակի վերապահումներ ունենայի: Բայց քանի որ այդ խոստումը հրապարակային՝ մամուլի և հեռուստատեսության բազմաթիվ ներկայացուցիչների և այլ քաղաքական ուժերի ներկայությամբ տրվեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, մասնավորապես՝ հանձնաժողովի նախագահի և ԱԺ նիստում՝ ԱԺ նախագահի կողմից, ապա ես շատ եմ ուզում հավատալ:

Եթե չհավատայի, չէի հետաձգի հարցը: Ես ունեի երկու տարբերակ. կամ պետք է ստանայինք մերժման որոշում, քանի որ իրենք հանձնաժողովում մեծամասնություն են կազմում, կամ իրենց կողմից անհրաժեշտ համարվող փոխզիջումը կատարելով՝ ունենայինք վերոնշյալ պայմանավորվածությունը: Ես Մարտի մեկի հարցով հանաձնաժողովի նախագծի հեղինակն եմ, իսկ պահանջատերը, առաջին հերթին, մեր ժողովուրդն է՝  զոհերի ծնողները, իրավահաջորդները, հարյուրավոր վիրավորներն ու հազարավոր հալածյալները: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ այդ պահին ճիշտ է ունենալ երաշխիքով ստեղծվող հանձնաժողով գարնանը, քան թե դեկտեմբերին՝ մերժման որոշում՝ պետաիրավական հանձնաժողովի բացասական եզրակացությամբ, որն էլ ենթադրելու էր այդ հարցի՝ օրակարգ չմտնելը:

-Ձեր կարծիքով՝ արդյո՞ք Մարտի մեկի հանձնաժողովը կարդարացնի սպասումները:

-Մենք նշել ենք, թե իր աշխատանքի ընթացքում ինչ խնդիրներ է հետապնդելու այդ ժամանակավոր հանձնաժողովը, միաժամանակ, դուք հասկանում եք, որ մենք օպերատիվ-հետախուզական, քննչական, դատախազական լիազորություններ չունենք և կոնկրետ գործերի բացահայտմամբ չենք զբաղվելու: Բայց այն խնդիրները, որոնք մենք ձևակերպել ենք, հատկապես՝ որ մենք խնդիր ենք դրել գնահատել իրավապահ մարմինների, ոստիկանության, հատուկ քննչական ծառայության, դատախազության աշխատակիցների թե՛ գործողությունները,  թե՛ կայացված որոշումները, ապա պետք է այդ գործողությունների ու որոշումների նույնականության և հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություն ներկայացնել Ազգային ժողով: Սա նշանակում է, որ եթե բարենպաստ աշխատանքային պայմաններ ապահովվեն հանձնաժողովի գործունեության համար, ապա չի կարող այնպես պատահել, որ այդ հանձնաժողովն իր նպաստը չբերի Մարտի մեկի դեպքերի բացահայտմանը:

Չի կարող չբերել, քանի որ չենք կասկածում, որ մենք շատ բծախնդիր և իրավաբանական առումով շատ հստակ կուսումնասիրենք թե՛ դեպքի հանգամանքները, թե՛ սպանությունները, թե՛ դրանց տրված իրավական գնահատականները, թե՛ այդ որոշումների հիմնավորվածությունն ու օրինականությունը:

Մնացած խնդիրը, թե Ազգային ժողովը, իշխանությունները, քաղաքական մեծամասնությունն ինչ եզրակացությունների կգան, կամ ինչ հետևություններ կանեն՝ այդ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելուց հետո, արդեն պարզ կլինի հետագայում: Ես վստահ եմ, որ չեն կարող անտեսել:Նույնիսկ այնպիսի անատամ եզրակացություն, ինպիսին էր Նիկոյանի հանձնաժողովի կողմից կազմած եզրակացությունը, որը փորձել էր ամեն ինչ լղոզել, ընդդիմության և իշխանության գործողությունները և «մեղքերը» հավասարեցնել, որը, ինչպես ինձ ասել են, փորձել էր ներկայացնել փոխադարձ հրաձգություն, նույնիսկ այդպիսի հանձնաժողովը ինչ-որ հետևանքներ ունեցավ: Ես վստահ եմ, որ այս հանձնաժողովն ավելի պրոֆեսիոնալ և ավելի սկզբունքային կլինի, և մենք, այդ աշխատանքի ընթացքում, բնականաբար, չբացահայտելով ծանրագույն այդ հանցագործություննները, մեր նպաստը կբերենք դրանց բացահայտման գործին:

Զրուցեց Լիլիթ Լալայանը

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը` «Շախտյորի» նոյեմբեր ամսվա լավագույն խաղացող’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում ծանր վիրավորել են վրացի «հեղինակությանը» և հափշտակել 1 մլն դոլար (տեսանյութ)’