‘
Գազպրոմը բանակցում է Հայաստանի հետ բնական գազի գնի հնարավոր նվազեցման շուրջ:
«Մեդիամաքսի» փոխանցմամբ՝ այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում ասել է Գազպրոմի մամլո քարտուղար Սերգեյ Կուպրիյանովը:
«Գներն իսկապես աճել են, մենք բանակցում ենք այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է դրանք նվազեցնել: Առկա է փոխըմբռնում, թե ինչպես կարող ենք հասնել ավելի ցածր գների», — ասել է Կուպիյանովը:
Նա նշել է, որ դրան կարող է նպաստել ՀայՌուսգազարդի կապիտալում Գազպրոմի բաժնեմասնակցության ավելացումը: «Մենք, երեւի, կավելացնենք մեր մասնաբաժինը, եւ դա գնի նվազեցման հնարավորություն կստեղծի», — ասել է Կուպրիյանովը:
Հունիսի 17-ին Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպմանը քննարկվել էր ՀայՌուսգազարդում Գազպրոմի մասնաբաժնի ավելացումը ՝ ներկայիս 80%-ից մինչեւ 100% (20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը):
Մեդիամաքսի տեղեկություններով՝ այսօր Երեւանում կայանալու է ՀայՌուսգազարդի բաժնետերերի ժողովի նիստ:
‘