‘«Գալա» հեռուստաընկերությունը չի վստահում ոստիկանությանը’

609

Այսօր Օմբուդսմենի Շիրակի տարածքային գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին «Գալա» հեռուստաընկերության Գյումրու գրասենյակ, որտեղ հանդիպեցին հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Վահան Խաչատրյանի հետ, հայտնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:

Ինչպես արդեն նշվել էր Պաշտպանի հայտարարության մեջ, ի թիվս այլ խնդիրների, Պաշտպանը մտահոգված էր ընտրությունների օրը «Գալա» հեռուստաընկերության կայքի խափանման համար։

Օմբուդսմենի ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ «Գալա» հեռուստաընկերության սեփականատերը հրաժարվել է դիմում ներկայացնել Պաշտպանին՝ պատճառաբանելով, որ չի վստահում Ոստիկանությանը և կասկածում է, որ կպատժվեն այն անձինք, որոնք խափանել են լրատվամիջոցի բնականոն աշխատանքը։

Պաշտպանի աշխատակազմն այժմ ամփոփում  և վերլուծում է նախագահի ընտրությունների վերաբերյալ ստացված 253 ահազանգերը, որոնցից առանձնացվում են գոնե առերևույթ հիմնավոր ահազանգերը: Առերևույթ հիմնավոր ահազանգերի վերաբերյալ Պաշտպանը պատրաստում է գրություն ՀՀ Ոստիկանապետին։

Նպատակ ունենալով եղած ահազանգերի մանրազնին ուսումնասիրության արդյունքում վեր հանել և հանրությանը ներկայացնել ընտրախախտումների իրական պատկերը, ինչպես նաև նպաստել բոլոր հանցագործությունների բացահայտմանը՝ Պաշտպանը պատրաստ է գործակցել բոլոր պետական ու հասարակական կառույցների, ինչպես նաև առանձին անհատների հետ: 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացին նետվել է Կիևյան կամրջից’
Հաջորդ հոդվածը‘«Միլան» — «Բարսելոնա». բուքմեյքերների կարծիքն ու պրոմո-ներկայացումը’