‘
Ilur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
— Վերջերս ԱՎԾ-ն հրապարակեց սոցիալ-տնտեսական բնագավառի վերաբերյալ ցուցանիշներ, համաձայն որոնց՝ Հայաստանում աճել է աղքատների թիվը, արտագաղթողների թիվը, 35 տոկոսով նվազել են օտարերկրյա ներդրումները եւ այլն: Ձեր կարծիքով՝ իր պաշտոնավարման ընթացքում նման պատկեր գրանցելուց հետո Սերժ Սարգսյանն իրավունք ունի՞ առաջադրելու իր թեկնածությունը:
— Պրովոկացիաների հետեւից մի գնացեք: Ընդհանուր առմամբ՝ ինչ կատարվում է աշխարհում, կատարվում է նաեւ մեզ մոտ: Մենք աշխարհից բաժանված չենք: Չկա աշխարհում որեւէ երկիր, որ դա տեղի ունեցած չլինի: Այսօր ժողովուրդը պետք է հավատա այն քաղաքական ուժին, որն այս ֆորս-մաժորային իրավիճակից հնարավորություններ է ստեղծում, որ ժողովուրդը դուրս գա:
— Բայց սրանք պաշտոնական ցուցանիշներ են:
-Առանց պաշտոնական ցուցանիշների էլ բնական է՝ աղքատությունը պետք է ավելանա: Առանց դրա էլ մեր բոլորի բյուջեները պետք է փոքրանա, որովհետեւ՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամը լուրջ արհավիրք էր աշխարհի համար: Հիմա ամբողջ աշխարհը փորձում է դիմագրավել, եւ այդ գործընթացներում բավական արդյունավետ է Հայաստանի գործունեությունը: Այս պարագայում ժողովուրդը, մտածողությունը ոչ թե պետք է վերագրումներ կատարի իշխանություններին՝ իր աղքատության համար, այլ պետք է ընտրի անձին, որը կարողանա այս վիճակից դուրս բերել ժողովրդին:
-Եվրոպական մի շարք երկրներում սոցիալ-տնտեսական ճգնաժամի պատճառով կառավարություններ հրաժարական տվեցին, իշխանափոխություններ եղան:
— Նախ՝ դա համատարած չէր: Պետություններ եղան, որոնց սոցիալական բլոկի վրա մեծ ազդեցություն ունեցավ ճգնաժամը՝ աշխատավարձեր, կենսաթոշակներ եւ այլն: Բնականաբար, այդտեղ ժողովուրդը ոտքի կանգնեց: Մենք կարողացել ենք ունեցած սոցիալական միջոցներից նահանջ չապրել:
— Բայց դա արվել է արտաքին պարտքը մեծացնելու հաշվին:
-Արտաքին պարտք նաեւ Հունաստանն է վերցնում, եւ մեծ, շատ մեծ թվեր, միեւնույն ժամանակ՝ չի կարող կարգավորել այդ վիճակը: Իսկ արտաքին պարտք բոլոր պետություններն էլ ունեն՝ անսահմանափակ քանակով: Բայց եկեք, տեսեք, որ եւ թոշակների, եւ աշխատավարձերի խնդիր ունեցան, մինչեւ այսօր էլ ընդվզումներ են տեղի ունենում աշխարհի բոլոր պետություններում:
— Սերժ Սարգսյանի իշխանության օրոք է գրանցվել այս բոլոր բացասական ցուցանիշների աճը՝ արտագաղթ, աղքատություն եւ այլն:
-Իշխանության օրոք գրանցվելը չի նշանակում, որ երկրի նախագահը կարող էր ու չկատարեց: Խնդիրը այն է, որ երկրի նախագահը կարող էր ու կատարեց, որպեսզի ավելի մեծ ցնցումներ չապրի Հայաստանը սոցիալական բլոկի առումով:
-Հայաստանում որքան բարձրանում է աղքատության ցուցանիշը, այնքան ընտրություններում շատանում են իշխանությունների ձայները: 2007-ին աղքատությունը մոտ 17 տոկոս էր, ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն ստացավ 23 տոկոս, 2012թ. աղքատությունը դարձավ 35-36 տոկոս, աճեցին իշխանության, ՀՀԿ-ի ձայները՝ 44 տոկոս: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս ֆենոմենը:
— Երկրի անվտանգության խնդիրներով ժողովրդի մտածումը կապված է ՀՀԿ-ի հետ: Այսինքն՝ ՀՀԿ-ն այսօր միակ քաղաքական ուժերից մեկն է, կամ ընդգծված քաղաքական ուժն է, որը ետընթացների գաղափարախոսությամբ այսօրվա իրավիճակը տեր լինելու խնդիրներից չի նահանջում: Մենք ենք, որ ազգային կարեւորագույն օրակարգից երբեք ետընթաց չենք ունենում:
-ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանը բարոյական ու քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ են այսօրվա…
— Ես կարծում եմ՝ ոչ թե պետք է հարցնել՝ բարոյական պատասխանատվություն կրո՞ւմ ենք, թե ոչ, այլ՝ պետք է առավելագույնը մտածել. ամեն ինչ արվում է, որպեսզի բարոյական-քաղաքական սեթեւեթանքների շրջանակներում լուծվի, այլ՝ պետք է տեր կանգնել պետությանը:
Արման Գալոյան
‘