‘Գայլերի որսը կարգելվի` դրանց թվի նվազմամբ պայմանավորված’

550

Հայաստանում գայլերի թվի որոշակի նվազման պատճառով հնարավոր է չթույլատրվի դրանց որսը։ Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից, այժմ ուսումնասիրություններ են տարվում՝ ճշգրտելու գայլերի իրական թվաքանակը և ակտիվությունը։ «Եթե գայլերի թիվը չհամապատասխանի սահմանված թվաքանակին, ապա Բնապահպանության նախարարությունը որսի ծրագիր չի ներկայացնի կառավարության քննարկմանը»,-նշեցին նախարարությունից։ 
«Էկոլուր» կազմակերպության նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանի կարծիքով՝ գայլերի որսը պետք է վաղուց արգելվեր, քանի որ դա լուրջ վնաս է Հայաստանի էկոհամակարգին։ «Ոչնչացնել գայլերին՝ նշանակում է վերացնել էկոհամակարգի մի օղակը, որն անպայման կանդրադառնա նաև մյուս օղակների և ողջ էկոհամակարգի վրա»,-նշեց Ինգա Զարաֆյանը։ Նրա խոսքով՝ գայլերը սկսեցին գյուղերում հարձակվել ընտանի կենդանիների վրա, որովհետև խաթարվել էին կենդանիներին անհրաժեշտ կենսառեսուրսները։ «Հանքարդյունաբերության և անտառահատման հետևանքով խեղաթյուրվում է բնական միջավայը, ինչն էլ անդրադառնում է կենդանիների վարքի վրա»,-համոզված է Զարաֆյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. փետրվարի 10-ի որոշմամբ՝ փետրվարից մինչև ապրիլ թույլատրվում էր իրականացնել 200 գայլի որս և յուրաքանչյուրի դիմաց սահմանված էր 100 հազար դրամ պարգևավճար։ Որոշման ընդունման հիմնական նպատակը գայլերի կողմից Հայաստանի տարբեր բնակավայրերի վրա հարձակման նվազեցման անհրաժեշտությունն է: Գայլերի որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում 2011-2012 թթ. գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների շրջանակներում: ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2011 ընթացքում որսված 95 գայլերի մորթիները, իսկ 2012թ. ընթացքում որսված 179 գայլերի մորթիները տրամադրվել են ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ը պատրաստակամ է ծանրակշիռ ավանդ բերել տարածաշրջանում կայուն խաղաղության, պետությունների եւ ժողովուրդների միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի, տեր ե՞ս’