‘Գավառագետը դարձել է աղբավայր ‘

858

Գավառի բնակչուհի տիկին Աիդան, ով ապրում է Գավառագետի ափին, մեծ հիացմունքով է պատմում, թե մանկության տարիներին ոնց էր լողում գետում, նույնիսկ խմում էր գետի ջուրը: Հիմա պատկերն այլ է:

«Մեծ ցավ է ապրում՝ տեսնելով, որ Գավառագետը դարձել է աղբավայր ու թե ինչպես են բակիչները մեքենաները կանգնեցնում գետի մոտ եւ տոպրակներով աղբը գցում գետը», — ասում է 60-ամյա տիկին Աիդան: 

Գավառի քաղաքապետարանի «Սանմաքրում եւ բարեկարգում» ՊՈԱԿ-ի աշխատակից Սամվել Գուլաբյանն նշում է, որ Գավառագետի մաքրման համար տեղական բյուջեից 2012 թ-ին տրամադրվել է 6 միլիոն դրամ, որով մաքրվել է գետի 2000 մետր հատվածը: Աշխատանքների մեկնարկը տրվել էր 2012-ի հունվարի 23-ից, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից:   

Անդրեյ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի մարզի մասնաճյուղի ղեկավար Լուսինե Թոփլաղալցյանն առաջարկում է  էկոքարոզչություն եւ էկոարշավներ իրականացնել համայնքում, որի ժամանակ կներկայացվեն, թե  ինչպես պահպանել բնությունը: Գետի ափին էլ կտեղադրվեն հատուկ ցուցանակներ, որոնք բնակիչներին կհորդորեն տարածքը մաքուր պահել: «Կարելի է նաեւ տուգանք սահմանել աղտոտելու համար», — նշում է տիկին Թոփլաղացյանը:

Գետի հունը նետված աղբը ոչ միայն աղտոտում է շրջակա միջավայրը: Գավառագետն ի վերջո բնակիչների նետած աղբը վերադարձնում է հենց իրենց: Բանն այն է, որ նետված աղբը խցանում է գետի հունը՝ դժվարացնելով նրա ընթացքը եւ նպաստելով, որ անձրեւային եղանակի ժամանակ գետն ափերից դուրս է գա ու ողողի հարեւանությամբ գտնվող տները: Ի վերջո, վարարումների հետեւանքների վերացման համար համայնքային եւ պետական բյուջեից խոշոր գումարներ են հատկացվում: Սակայն բնակիչները շարունակում են աղբը նետել գետը, չնայած, որ գործում է աղբատար մեքենա:

Սաթեն Կարապետյան, Գավառ

Նախորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ի էլեկտորատի կողմնորոշելու մասին իմաստ կունենա խոսել, երբ հայտնի կլինեն բոլոր թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘Մրցաշարը ընդհատվել է երկրպագուներից մեկի՝ Քրիստոսին նման լինելու պատճառով. Տեսանյութ’