‘Գարեգին Բ-ն հորդորում է հարգել մշակութային եւ կրոնական բազմազանությունը’

662

Եվրոպական քաղաքակրթությունը պետք է հարգի հինավուրց քրիստոնեական ժառանգություն ունեցող ժողովուրդների ժառանգությունը, ասվում է Եվրոպայի խորհրդի՝ միջմշակութային երկխոսության կրոնական պլատֆորմի շրջանակներում Երեւանում ընթացող վեցերորդ հանդիպմանը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հղած ուղերձի մեջ:

«Զարգացման նոր փուլի անցած եվրոպական քաղաքակրթությունը պետք է շարունակի հարգել հինավուրց քրիստոնեական ժառանգություն ունեցող ժողովուրդների ժառանգությունը՝ բազմազանությունը դիտարկելով որպես համաեվրոպական արժեք», ասվում է ուղերձում, որը հանդիպման մասնակիցների համար ընթերցել է Գեւորգ եպիսոպոս Սարոյանը:

Վեհափառ Հայրապետի խոսքով՝ ներկայիս աշխարհում հաճախ աղճատվում են ազատության եւ հավասարության չափանիշները՝ դրանով իսկ վտանգելով միջմշակութային երկխոսության եւ կրոնի ազատության ճշմարիտ ընկալման արժեքը, որոնց հիմնական նպատակը ողջ աշխարհում համերաշխությանը, խաղաղությանը եւ բարգավաճմանն աջակցությունն է:

«Հայ ժողովուրդը եւ Հայոց եկեղեցին դարերով պայքարել են՝ պահպանելու համար ինքնատիպ մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը եւ կրոնական բազմազանության նկատմամբ հարգանքի եւ հանդուրժող վերաբերմունքի հարուստ պատմական փորձ ունեն», — նշել է Առաքելական եկեղեցու հովվապետը:

Եվրոպայի խորհրդի՝ միջմշակութային երկխոսության կրոնական պլատֆորմի շրջանակներում վեցերորդ հանդիպումը կկայանա Երեւանում սեպտեմբերի 2-3-ը:

Նախորդ հոդվածը‘Քրիստինե Խանումյան. Շիրակո շագայետ Սերժ Սարգսյան կ Եվրոպե’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի՝ որ ուղղությամբ շարժվել’