‘Գարեգին Երկրորդը ցավակցական հեռագիր է ուղարկել Անտիոքի ուղղափառ եկեղեցու հովվապետ Իգնատիոս 4-րդ-ի մահվան կապակցությամբ’

670

Դեկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Անտիոքի Հույն Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին` Անտիոքի և Համայն Արևելքի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Իգնատիոս Դ Պատրիարքի մահվան կապակցությամբ:
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի հաղորդագրության,  հայրապետական ցավակցագրում մասնավորապես ասվում է. «Նորին Սրբազնությունն իր ողջ կյանքի ընթացքում քաջաբար ծառայեց Սիրիայի Եկեղեցուն և քրիստոնեական ամուր առաջնորդության օրինակ դարձավ հատկապես Մերձավոր Արևելքի ընթացիկ ճգնաժամի պայմաններում:
Իգնատիոս Պատրիարքը մեծ հաջողությունների հասավ Անտիոքի Պատրիարքության հոգևոր կյանքի վերանորոգության գործում, և նրա ջանքերի շնորհիվ զգալի առաջընթաց արձանագրվեց ուղղափառ երիտասարդ սպասավորության զարգացման, նոր աստվածաբանական հաստատությունների բացման, ինչպես նաև միջեկեղեցական և միջկրոնական երկխոսությունների զարգացման մեջ:
«Մենք աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արքայության մեջ և հայցում Ամենակարողին, որ խաղաղություն պարգևի Սիրիայի ժողովրդին քաղաքակական անկայունության և քաղաքացիական պատերազմի այս դժվարին օրերին», — ասվում է Նորին սրբության ցավակցական հեռագրում:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ցուցարարները մտել են նախագահական նստավայրի տարածք ‘
Հաջորդ հոդվածը‘Ջոնի Դեփը նորից Դոն Կիխոտով կզբաղվի’