‘Գոհար Սիմոնյան. Գոնե պայմանավորվեք, որ նու՛յն սուտն ասեք…’

1788

Կենտրոնական բանկի կողմից տարածված վերջին հաղորդագրությունն առաջին հայացքից  անհասցե, այդուհանդերձ՝ բավական անսքող մեղադրանքներ էր մեջտեղ բերել: Եւ որպեսզի ստեղծված իրավիճակը հասկանանք, անհրաժեշտ է նաեւ պարզաբանել,  թե այստեղ «ում այգու ուղղությամբ էին քարեր նետվել»:

«Վերջին մի քանի օրվա ընթացքում միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում՝ արտարժութային շուկաների մեծ տատանումները, նպաստել են ներքին արժութային շուկայում որոշակի սպասումների ձևավորմանը եւ փոխարժեքի տատանողականության աճին: ԿԲ-ն գնահատում է, որ այս երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ, եւ հաստատում է իր պատրաստակամությունը՝ կայունացնել շուկայում իրավիճակը իր  տրամադրության տակ գտնվող բոլոր գործիքների միջոցով: Կենտրոնական բանկը այս պահին կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից եւ անհարկի փոխարկումներից, քանի որ, փոխարժեքի նման տատանողական վարքագծի պարագայում, դրանք իրենց մեջ կրում են բարձր ռիսկեր եւ ակնկալվող օգուտի փոխարեն՝ կարող են հանգեցնել զգալի վնասների»,- հայտարարել է Կենտրոնական բանկը:

Ընդ որում, ինչպես տեսնում եք, հայտարարությունը հիմնականում չորս կարեւոր ուղերձ է հղում հանրությանը:

ա. Սխալվում են բոլոր նրանք, ովքեր ազգային արժույթի  վայրիվերումները կապում են միայն կառավարության, ԿԲ-ի վատ աշխատանքի եւ սոսկ մեր տնտեսության ներքին խնդիրների հետ: Միջազգային շուկաներում եւ տարածաշրջանում տեղի են ունեցել զարգացումներ, նաեւ՝  արտարժութային տատանումների տեսքով, որոնք  նպաստել են ներքին արժութային շուկայում ստեղծված իրավիճակին: Այլ խոսքով՝ ֆինանսական շուկայում տիրող դրությունը որոշակիորեն օբյեկտիվ է:

բ. Հասկանալի է, որ ֆինանսական շուկան չէր կարող չարձագանքել այն ամենին, ինչ կարող էր եւ ազդեց մեզ վրա, սակայն, ԿԲ-ն նաեւ տողատակով հասկացնում է , որ առանձին ուժեր կամ մարդիկ, շահարկելով իրավիճակը,  շուկայում պետք եկածից ավելի վատատեսական «սպասումներ են  ձևավորում»՝ նպաստելով փոխարժեքի տատանողականության աճին: Ենթադրվում է՝ սուբյեկտիվ, սպեկուլյատի՛վ աճին:

գ. ԿԲ-ն հայտարարում է, որ այս ամենը կարճաժամկետ բնույթ է կրում, եւ որ՝ ի վիճակի է կիրառել այն ողջ գործիքակազմը, որով հնարավոր է իրավիճակը կայունացնել: Այլ կերպ ասած՝ չպե՛տք է տուրք տալ կոնկրետ մարդկանց կողմից շուկան հագեցնող վատատեսական կամ խուճապային տրամադրություններին:

դ. Այս ամենից բացի՝ ԿԲ-ն, մի տեսակ, չասենք՝ թաքնված սպառնալիք, բայց շատ կոնկրետ ուղերձ է հղում բոլոր նրանց, ովքեր այլասերում են շուկան՝ վերը նշված պահվածքով, եւ, եթե կարելի է այդպես ասել, նրանց նաեւ «իրենց իսկ շահն է գլխի գցում»: Այլ կերպ ասած՝ ԿԲ-ն բացատրում է, թե ռիսկերը շատ մեծ են՝ «պղտոր ջրում ձուկ բռնելու փոխարեն»: Հնարավոր է՝ «ակնկալվող օգուտի փոխարեն  հանգեցնեն զգալի վնասների»:

Հիմա մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ուրիշներին մեղադրելու փոխարեն՝ ԿԲ-ում, լավ կանեն՝ սեփական սխալների, պետությանը հասցրած վնասների ու այն մասին խոսեն, որ տարիներ շարունակ հենց իրե՛նք են այլանդակել շուկան՝ դրամավարկային քաղաքականությունից մինչեւ բանկային սեկտոր-տնտեսություն հարաբերություններ: Չխոսենք նաեւ այն մասին, որ սա մի «հրեշ» է, որը ե՛ւ չվերահսկվող (սոսկ ԱԺ-ում  ի գիտություն ընդունվող) քաղաքականության հեղինակ է, եւ այն գործադրող, եւ, իբր, ինքն իրեն նաեւ վերահսկող մարմին: Այդ մասին եւ գրել ենք, եւ դեռ առիթներ կլինեն գրելու:

Հիմա կրկին գանք տարածված հաղորդագրությանը, եւ քանի որ ամեն բան օրվա լույսի պես պարզ է՝ միանգամից էլ նկատենք, որ գլխավոր դրամատան անթաքույց մեղադրանքներն ուղղված են հիմնականում ներկրման «վրա նստած» շատ կոնկրետ «լֆիկների» եւ, ենթադրում ենք, այնպիսի ընկերությունների, որոնք իրենց ծառայությունների դիմաց Հայաստանում ազգային արժույթով են շահույթ ստացել  եւ այժմ հետաքրքրված են շատ արագ տարադրամ դուրս բերել երկրից…

Հավանաբար, իրերի դրության այսօրինակ ներկայացումը անհանգստացրել է կառավարությանը, եւ այդ պատճառով էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ օր առաջ, «արցունքն աչքերին», ԱԺ-ում տրամագծորեն հակառակ ուղերձ ներկայացնում հանրությանը՝ ձեռքի հետ էլ «մաքրելով ԿԲ-ի դեմքը»:

Այլ կերպ ասած՝ մեր  վարչապետը գեղջկական խորամանկությամբ փորձում էր բոլորիս ապացուցել, թե.

ա. չկա՛ Հայաստանից տարադրամ դուրս բերելու խնդիր,

բ. չկա նաեւ լֆիկների «անկշտությա՛ն» հարց,

գ. առկա է միայն «միջազգային դրությամբ պայմանավորված իրավիճակ», որում պիտի «գոտիներս ձգենք ու համբերենք», այսքան բան:

«Մեզ դա մտահոգում է, և մենք փորձում ենք լծակներ օգտագործել…դա կախված չէ մեր ներքին տնտեսական զարգացումներից, այլ կապված է տարածաշրջանային զարգացումների հետ: Բայց մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի դա սահուն անցկացնենք…բայց ներկրողների խնդիրն է դժվարանում, քանի որ իրենք գնում են դոլարով, բայց վաճառում են դրամով…Գոնե այս պարագայում պետք է կարողանալ ամեն ինչ անել, եւ մենք ԿԲ-ի հետ քննարկում ենք, թե ինչ անենք, որպեսզի ներկրողները կարողանան առանց կորուստի դուրս գալ»:

Տե՛ղ հասանք՝ ինչպես ասում են:

Փաստորեն, ՀՀ վարչապետի միակ խնդիրն այսօր ոչ թե ՀՀ քաղաքացու թշվառ դրությունն է, այլ «լֆիկնոցի վիճակը»: Եւ միայն այն պատճառով, որպեսզի քողարկվեն իրական խնդիրները, որոնց «տուտն արդեն ԿԲ-ն բացել էր», այս մարդը գնում է նույնիսկ ինքն իրեն ու կառավարությանը վերջնականապես վարկաբեկելու ճանապարհով: Միայն թե՝ «լֆիկները» չտուժեն, ԿԲ-ի հետ քննարկեն՝ տեսնեն ոնց են ապահովում նրանց անկորուստ կյանքը…

Շատ լավ, ենթադրենք՝ այսպիսի իշխանության պարագային վերը հիշատակված պահվածքն «ամենագործնականն» ու ճշգրիտն է, որ կա: Բայց այդ դեպքում կարելի էր գոնե ԿԲ-ի, սեփական գործածության պատգամավորների հետ էլ պայմանավորվել՝ նույն սուտն ասել:

Թե չէ վարչապետը դեռ միկրոֆոնների առաջ խոսքը չի ավարտել, «օքսֆորդյան տղան»՝ Լեւոն Մարտիրոսյանն ու մյուսներն էլ այնտե՛ղ են պնդում, թե շուկայում «սպեկուլյացիա կա, եւ որոշ տնտեսվարողներ օգտագործում են այս տրամադրությունները, որպեսզի կարողանան գնային քաղաքականություն փոխել»:

Այսինքն՝ գերշահույթներ ստանալ, պարզ է, չէ՞:

Հետո՞ ինչ, որ մի կողմում քաղաքացիներն են այս քաղաքականությունից աղքատությունից էլ ցածր նշաձողի հարեւանությամբ հայտնվում, մյուս կողմից էլ՝ պետությու՛նն է քայքայվում:

Օրինակ՝ նաեւ արտաքին պարտքի մարման ծանրության տակ, որովհետեւ եւ այս ու հաջորդ տարվա գումարներն են ահռելի չափերի, ընդ որում՝ դոլարով վճարելիք, եւ՝ տոկոսադրույքները…

Մեկ այլ առիթով մենք, իհարկե, առավել մանրամասն այս խնդրին կանդրադառնանք, իսկ մինչ այդ՝ ընդամենը երեք աղյուսակ ներկայացնենք: Չեմ էլ պատկերացնում՝ «ոնց ենք սրա տակից դուրս գալու» եւ ինչպես ենք ապրելու առհասարակ:

Մանավանդ՝ մեր «սատկած տնտեսության» եւ այսպիսի անձեռնհաս, ագահ ու միայն սեփական գրպանի մասին մտածող իշխանության պարագային…

ՀՀ արտաքին պարտքը (աստղանիշերով նշված են պլանային ցուցիչները, իրական դրությունը հաստատապես շատ ավելի ծանր է ներկայումս)

Հայաստանի արտաքին պետական պարտքի սպասարկումը. (մայր գումարի մարում + տոկոսավճարներ), մլն ԱՄՆ դոլար

Կառավարության արտաքին պարտքի տոկոսավճարները, մլն ԱՄՆ դոլար





Նախորդ հոդվածը‘Հայաստանի տնտեսության աճը 2015թ.–ին կարող է կազմել 3,3%. ԱՄՀ’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Դրամը հնարավոր կլինի կայունացնել միայն բիզնեսը խեղդելու հաշվին ‘