‘Հայաստանի տնտեսության աճը 2015թ.–ին կարող է կազմել 3,3%. ԱՄՀ’

1222

Հայաստանի տնտեսության աճը 2015 թվականին կարող է կազմել 3.3 տոկոս: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։

«Մեր կարծիքով, հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3–տոկոսանոց աճի հնարավորություն կունենա»,– Սանչեսի խոսքերն է մեջբերում ԱՌԿԱ գործակալությունը։

Խոսելով ընթացիկ կանխատեսման մասին` Սանչեսն ասել է, որ արտաքին շուկաներում կատարվող գործընթացներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա։

«ԱՄՀ–ն իր նախնական սցենարի համաձայն, կարծում է, որ Հայաստանը 2014 թվականը կավարտի տնտեսության 2.6 տոկոսանոց աճով։ Այդ ցուցանիշը շատ ցածր է Հայաստանի ներուժից»,– ասել է նա։

ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ պրագմատիկ տեսանկյունից պետք է կենտրոնանալ հաջորդ տարվա վրա և պարզաբանել է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդում է, այդ թվում, ռուսական շուկաների վիճակը։

«Ռուսաստանում, որի տնտեսությունը տարածաշրջանի խոշորագույններից մեկն է, ԱՄՀ–ն 2015 թվականին կանխատեսում է 0.5–տոկոսանոց ՀՆԱ աճ, սակայն չի բացառվում, որ տվյալ ցուցանիշը կհստակեցվի դեպի նվազում։ Ռուսական իշխանությունները հնչեցրել են նաև 0.8–տոկոսանոց տնտեսական անկման հավանականությունը»,– ասել է նա։

Այդ համատեքստում, Սանչեսի խոսքով, կարևոր են Հայաստանի տնտեսության վրա ազդող երկու գործոններ` մասնավոր տրանսֆերտները Ռուսաստանից և արտահանումը։

«Հաջորդ տարի բավականին բարդ իրավիճակ է լինելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ոչ այդքան լավ վիճակում է, ինչը կարող է արտացոլվել դրամական փոխանցումների և արտահանման ծավալների վրա։ Տրանսֆերտները շարունակում են աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում, բացի այդ, միջազգային պահանջարկի թուլացման ֆոնին արտահանման ծավալների որոշակի կրճատում է դիտվում»,– պարզաբանել է նա։

Նշենք սակայն, որ ԱՄՀ ներկայացուցիչը մոտավորապես նույն կանխատեսումներն էր անում նաև 2008-2009 թթ., երբ Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում արձանագրեց, արտաքին պահուստները զգալիորեն պակասեցին, իսկ աղքատությունը աճեց 1.5 անգամ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանն ազատ համացանցով երկրների ցուցակում է ընդգրկել’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Գոնե պայմանավորվեք, որ նու՛յն սուտն ասեք…’