‘Գվարդիոլան Մյունխենում. նոր մանրամասներ և արձագանքներ’

701

Երեկ առավոտյան իտալական «La Gazzetta dello Sport»-ն առաջին էր, որ հայտարարեց այն մասին, թե Գվարդիոլան կողմնորոշվել է իր ապագայի հարցում և աշխատելու Մյունխենի «Բավարիա»-ում: Ընդամենը 3 ժամ անց գերմանական ակումբի կայքը պաշտոնապես հայտնեց մարզչի հետ 3 տարվա պայմագրի մասին:

Այն, որ կատալոնացի մասնագետը իր ապագայի հարցում կողմնորոշվելու էր տոներից հետո, հայտնի էր հենց Պեպի խոսքերից, բայց դժվար էր կանխատեսել այն, որ այդ մասին կհայտնեն հենց ձմռանը: Նախ՝ անգլիական Աբրամովիչը՝մի կողմից, և Մանչեստերցի շեյխերը՝ մյուս կողմից, անընդհատ ավելի բարձր աշխատավարձ էին խոստանում Պեպին՝ հասցնելով այն մինչև տարեկան 22 մլն €-ի: Բացի դրանից էլ՝ բոլոր թիմերը, որոնք հավակնում էին Գվարդիոլայի հետ պայմանագիր ստորագրելուն, ներկայումս ունեն մարզիչ, և ամեն դեպքում՝ անհարգալից կլիներ նրանց հանդեպ՝ այդ պահին թիմի նոր գլխավոր մարզչի անունը հայտնելը:

Բայց «Բավարիա»-ում իրավիճակը մի փոքր այլ էր, այստեղ Յուպ Հայնկեսի  պայմանագիրը ավարտվելու էր ամռանը, և գերմանացիները նոր հեղինակավոր մարզչի կարիք ունեին: Գվարդիոլայի՝ Գերմանիայում հայտնվելու տարբերակը շրջանառվում էր ավելի քիչ, քան Պեպի՝ «Չելսի»-ն «Սիթի»-ն կամ «Ռոմա»-ն գլխավորելու տարբերակները: «Փիլիսոփա»-ն վերջ ի վերջո նախընտրեց իր մարզչական կարիերան շարունակել «Բավարիա»-ում, որտեղ կմարզի այնպիսի խաղացողների, որոնց տարբեր տարիների ընթացքում ցանկացել է ձեռք բերել Բարսայի համար: 

Երեկ, արդեն պաշտոնական հայտարարությունից հետո, Գվարդիոլայի 2 գործակալներից մեկը հայտնեց այն մասին, որ նրանք պայմանագիրը կնքել են դեռևս դեկտեմբերի 20-ին, սակայն այդ պահին չեն ցանկացել տարածել որևէ տեղեկատվություն: Օրվա ընթացքում սկսեցին խոսել նաև Գվարդիոլայի հնարավոր օգնականների մասին: Կատալոնական «Mundo Deportivo»-ն, հղում անելով մարզչին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնեց, որ թեկնածուների շարքում կա նաև «Ռեալ Մադրիդ»-ի նախկին լեգենգ Ռաուլի անունը, ով կարող է օգնել Պեպին, քանի որ ծանոթ է գերմանական ֆուտբոլին և տիրապետում է գերմաներենին:

Մեկ այլ կատալոնյան օրաթերթի՝ «Sport»-ի տվյալներով՝ Գվարդիոլան Մյունխենում կվերածվի ամենաբարձր վարձատրվող մարզչի՝ տարեկան 17 մլն € աշխատավարձով:

Հետաքրքիր էին նաև բրիտանական լրատվամիջոցների արձագանքները: Մասնավորապես, «Daily Mirror»-ում կարծում են, որ այս ամենը կարող է օգնել «Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին՝ մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում ավելի հանգիստ և առանց ավելորդ ճնշման աշխատել: «The Daily Telegraph»-ում համարում են, որ Պեպի գալստով «Բունդեսլիգա»-ն կարող է մեծապես առաջիմդել և վերածվել ամենամրցունակ ազգային առաջնության: «Daily Mail»-ն ու «The Independent»-ը խորապես ափսոսում են, որ «Պրեմիեր լիգա»-ն կորցրեց նման կարգի մասնագետ ունենալու հնարավորությունը՝հատկապես նշելով, որ այժմ մեծ հիասթափություն են ապրում «Չելսի»-ի երկրպագուները, ովքեր կարծում էին, թե ընդամենը 5 ամիս պետք է դիմանալ Բենիտեսին, և Աբրամովիչը ամենամեծ նվերը կմատուցի իրենց՝ ի դեմս Պեպի:

Այսօր ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հայտնվեց Գվարդիոլայի հետ հարցազրույց, որտեղ նա խոսում է իր ֆուտբոլային կարոտի և այն մասին, որ «Բավարիա»-ի հետ կփորձի անել, ինչ անում էր Բարսայում: Եթե խոսքը խաղային փիլիսոփայության մասին է, ապա շատ հետաքրքիր է, թե ինչպես են Արյեն Ռոբբենը կամ Մարիո Մանջուկիչը կարճ փոխանցումներով ֆուտբոլ խաղալու: Միևնույն ժամանակ՝ պարզ է, որ Գվարդիոլան կպահանջի ձեռք բերել իր նախընտրած տեսակի խաղացողների, այդ թվում, ինչու չէ՝  Բարսայից:

 

Նախորդ հոդվածը‘Էգեմեն Բաղիշ. Թուրքիան պատրաստ է լուծել ԵՄ-ի խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Դատախազությունը կհետեւի ընտրախախտումների մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին’