‘Էգեմեն Բաղիշ. Թուրքիան պատրաստ է լուծել ԵՄ-ի խնդիրները’

811

Թուրքիան կարող է իր վրա վերցնել եվրագոտու ճգնաժամի հետ կապված ծախսերի մի մասը,  հայտարարել է  Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին: «Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների ապագան» զեկույցով հանդես գալով Ստոկհոլմի համալսարանում՝ Բաղիշը նշել է, որ Եվրամիությունն ապրում է իր պատմության ամենալուրջ ճգնաժամերից մեկը, որը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական  բովանդակություն ունի: Ընդ որում՝ Բաղիշը վկայակոչել է մի քանի փորձագետների, որոնք ճգնաժամի պատճառը համարում են եվրաինտեգրացիայի նախագծի նկատմամբ եվրոպացիների անվստահությունը: «Նոր անդամ երկրները, որոնք տնտեսական աճի բարձր ցուցանիշներ ունեն, կարող են նպաստել, որպեսզի Եվրամիությունն ավելի կարևոր տեղ զբաղեցնի գլոբալ համակարգում: Թուրքիան կարող է զգալիորեն փոխել Եվրոպայի ճակատագիրը»,- հայտարարել է թուրք նախարարը:  Ըստ Բաղիշի՝ Թուրքիան տարածաշրջանային և միջազգային կարևոր դերակատարում ունի, և թուրքական էկոնոմիկան Եվրոպայում ամենաարագ զարգացողն է:«Թուրքիան նոր քաղաքական կենտրոն է Բալկանյան թերակղզին և Հյուսիսային Աֆրիկան ընդգրկող տարածաշրջանում: Թուրքիայի պատմական կապերը բալկանյան, կովկասյան և մերձավորարևելյան տարածաշրջանների հետ և ոչ վաղ անցյալի փորձը կարող են իրենց նպաստը բերել ԵՄ-ի արտաքին քաղաքականությանը՝  կարևոր և վիճելի տարածաշրջանների հարցում»,- ասել է Բաղիշը: 

Նախորդ հոդվածը‘Արոնյանի առաջին հաղթանակը’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլան Մյունխենում. նոր մանրամասներ և արձագանքներ’