‘Գրագողության մեջ «բռնված» Գերմանիայի Կրթության նախարարը հրաժարական կտա ‘

759

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր ամենամտերիմ համախոհներից մեկը` Գերմանիայի Կրթության նախարար Աննետտե Շավանը, ով մի քանի օր առաջ գրագողության համար զրկվել էր գիտական ատիճանից, հրաժարական է տալու: Այդ պաշտոնում վերջինիս կփոխարինի Յոհաննա Վանկան, ով վերջին շրջանում ղեկավարել է Ներքին Սաքսոնիայի Գիտության եւ մշակույթի նախարարությունը:  

«Նախարար Շավանը որոշել է հրաժարական տալ: Ծանր սրտով ընդունել եմ հրաժարականը: Այսօր առավոտյան ես այդ մասին տեղեկացրել եմ ԳԴՀ նախագահին»,- երեկ հայտարարել է Մերկելը` Շավանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ ճեպազրույցի ժամանակ: Ավելի վաղ Շավանը հայտարարել էր, թե մտադիր չէ լքել նախարարի պաշտոնը, եւ հերքել էր գրագողության վերաբերյալ բոլոր խոսակցությունները: Այնինչ, Դյուսելդորֆի համալսարանի խորհուրդը, որտեղ 1980 թվականին իր թեկնածուական թեզն էր պաշտպանել Շավանը, երեքշաբթի օրը կայացած նիստի ժամանակ որոշում էր ընդունել` անվավեր ճանաչել Շավանի թեկնածուական թեզը եւ նախարարին զրկել գիտական աստիճանից:

Ինչպես հայտարարել էր ֆակուլտետի դեկան Բրունո Բլեքմաննը, խորհուրդը եկել է այն եզրահանգման, որը իր «Անհատը եւ խիղճը» թեզում նախարարը «առանց «համապատախան հղումների պարբերաբար եւ կանխամտածված օգտագործել է այլ մարդկանց մտավոր աշխատանքի արդյունքներ»:  

Նախորդ հոդվածը‘Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանը’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը կպատմի, թե ինչ հիվանդություն ունեք’