‘Գրողուցավից. Գայանե Բաբայան. «Թե ինչպես մեր տուն ոստիկաններ եկան» ‘

983

Մարտի 1-ից համարյա 9 ամիս հետո մեր տուն ոստիկաններ եկան: Շատ ուրախացանք, որովհետեւ արդեն արհամարհված էինք զգում` ես ու տնայիններս: Երկու երիտասարդ ոստիկան, մեկը` ոնց որ թաղային, մեկն էլ` համայնքային երեւի, եկան, ասին` ոստիկանությունից ենք, ու նրանցից մեկը կարմիր գրքույկ ցույց տվեց: Նստեցին, ու ես չթաքցրի իմ գոհունակությունը, որ նրանք ընդամենը ոստիկանությունից են, այլ ոչ թե Ջրային պետական կոմիտեից` կառավարությանն առընթեր, որովհետեւ նրանց, իրենց կարծիքով, պարտքեր ունեմ:

Տես, ոստիկանությունից չեն վախում, ջրային տնտեսությունից են վախում` ասավ մի ոստիկանը մյուսին: Ի՞նչ կա` ասի ոստիկաններին, ու դստերս ասացի` սուրճ դիր մեր հարգելի ոստիկանության համար: Ոստիկաններից մեկը խորը շունչ քաշեց ու պաթետիկ հարցրեց` դուք մասնակցե՞լ եք ընդդիմության հանրահավաքներին: Բա ինչո՞ւ եք ուշացած գալիս, ասացի, էն արտակարգ դրությունից էս կողմ դուռը բաց սպասում էինք ձեզ, չկայիք: Վատ եք աշխատում, ձեր ագենտներին պտի գործից դուրս արվի: Հետո, ասի, ես լրագրող եմ, ի պաշտոնե եմ պարտավոր լինել հանրահավաքներին, չնայած երեւի կգնայի, եթե լրագրող էլ չլինեի: Ոստիկաններից մեկը մյուսին ասավ` կրակն ընկանք, լրագրող ա: Բան չկա, ասի, չեմ ծախելու ձեզ, սուս կմնամ, հետո ասի` այ էն մարդը` ցույց տալով ընտանիքիս անդամին, լրագրող չի, ինքը կարար գնար, կարար չգնար միտինգի, բայց գնում էր, Հյուսիսային պողոտայում քնում էլ էր, մարտի մեկի գիշերն էլ ենք եղել, ես` որպես լրագրող, ինքը` որպես միտինգավոր, կարաք գոնե նրան բերման ենթարկեք, միշտ ուզեցել է, բայց բերման չեք ենթարկել… Էն Օսիպյանը-բանը գալիս էին, իրա կողքից կնանոնց էին տանում, իրան չէին տանում, հիմի տարեք: Ոստիկանները, թե` բերման ենթարկելու չենք եկել, զրուցելու ենք եկել, հիմի անձամբ Սերժ Սարգսյանի կողմից հրահանգ ունենք, թե դուք ինչի՞ պահանջ ունեք, ինչի՞ց եք դժգոհ:

Միթե մեր պահանջի մասին եք հարցնում, ասի, թե բա` հա, ինչի՞ պահանջ ունեք: Դա շատ զվարճալի թվաց ինձ, ոնց որ ոսկե ձկնիկը ծովից դուրս գա ու ասի` երեք ցանկություն ասա, կամ էլ` Ալադինի կախարդական լամպի կախարդը: Ես ուրախացա, որ վերջապես բարի կախարդը մեր տուն էլ այցելեց (ես գիտեի, որ մեր փողոցում էլ մի օր տոն կլինի), ու ասի. ես այն եմ ուզում, ինչ ձեր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն արդեն ունի` տներ, դղյակներ, դաչաներ, բիզնեսներ ու շատ փող: Ոստիկանապետի անունը լսելուն պես ոստիկաններից մեկը ջղայնացավ, վեր թռավ, ասավ` նա զասլուժիտ ա արել, նա պախատ ա արել: Դե, ասացի, ընդունում եմ ձեր սերը, բայց ո՞նց ա, որ նրա զասլուժիտ անելը ըտենց մեծ փողերով վարձատրվում ա, իսկ մեր զասլուժիտը` տեսնում եք, թե ինչով ա վարձատրվում: Ոստիկաններս, սակայն, կռիվ չէին ուզում, հանգիստ ու մի քիչ էլ փիլիսոփայաբար` ինչքան կարողանում էին, հորդորում էին` էլ չգնալ ընդդիմության միտինգներին: Դե հիմի, ասինք, էս տվյալ պահին միտինգ չկա էլ, որ գնանք կամ չգնանք, բայց որ լինի, հենց ձեզ համար գնալու ենք: Հարցրի, թե ինչքան են ստանում, իմացա` 70 հազար դրամ: Բա` ասի, էդ փող ա՞, որ դուք դրա խաթեր ոստիկան աշխատեք, ժողովրդի վրա գնաք, ժողովուրդը ձեզ ծաղրի, մենք էլ ձեզ նկարենք ու խայտառակ անենք… Ոստիկաններից մեկը, որ լեզվից ելնելով` քյավառցի էր, ասաց. բա լավ բաներ չկա՞ն էս երկրում, օրինակ տարբերություն չկա՞ 15 տարի առաջվա ու հիմիկվա միջեւ: Ո՞նց չկա, ասինք, 15 տարում մի պուճուր տարբերություն էլ չլինի՞: Երբ ոստիկանները լռեցին, սկսեցինք մենք հարցեր տալ: Հարցրինք, թե իրենց դո՞ւր է գալիս, որ չեն կարողանում պաշտոնյայի լակոտներին կամ գողականներին բռնել: Ո՞ւմ կարաք բռնեք հիմի` ժողովրդի՞ն: Ոստիկաններս փափկեցին, նրբացան, էս պատերից դուրս չգա, ասին, որ ձեր տուն ենք եկել, անուն-ազգանուն- հայրանուններս ճշտած գրում էին, երբ աղջիկս ըմբոստացավ` մի գրեք իմ անունը, ասում էր, չեմ ուզում, որ իմ անունը գրեք: Ասում եմ` ոչինչ, թող գրեն, մեր ոստիկաններն են, մեզ նման տառապած մարդիկ են, իրենք իրենց կամքով չեն եկել, ուղարկել են, թող բոլորինս էլ գրեն, եկել են մեր տուն, որ թողնենք դատարկաձեռն գնա՞ն: Դուստրս էլ չարացած, թե` չէ, իմ անունը մի գրեք: Ես նորից շարունակեցի, որ` այ բալա, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասե՞լ, որ ոստիկաններն էլ են մեր հարազատները, հետո մի երկու անգամ էլ դու ես եկել ակցիաներին, ուզում են գրեն` թող գրեն: Այստեղ ոստիկաններից մեկը աղջկաս ասաց` քուրո, տես, չենք գրում: Հետո ես ոստիկաններին ասացի. եթե դուք ձեր ղեկավարությունից բողոք-բան ունենաք, ինձ ասեք, չեմ գրի ձեր անունը, մենակ ինֆորմացիան կտամ: Ոստիկաններս վախեցան, ասին` չէ, մեզ մոտ լավ ա ամեն ինչ: Իմ ընտանիքի էն մյուս անդամն էլ, թե` մարտի 1-ի սիդի չե՞ք ուզում: Ո՞ւմ նկարածը` հարցրին ոստիկանները: Ընդդիմության` ասինք: Չէ, ասին, չենք ուզում, մենք մերն ունենք: Հա, ասինք, դուք լավ բաներ կունենաք, դե բերեք` մենք ձերը նայենք: Չէ, ասին, էդ թեման չենք ուզում խորացնենք, պրոստը խնդրում ենք էլ միտինգի չգնաք: Քանի՞ հոգի է լսել ձեզ ու չի գնացել` հարցրինք: Ոստիկաններից մեկը պատմեց մեր թաղամասում ապրող մի տարիքով կնոջ մասին, որին ամեն օր Հյուսիսային պողոտայից բերման էին ենթարկում իրենց մոտ, իրար հետ սուրճ էին խմում, կինն ասում էր, լավ, էլ չեմ գնա, հետո մյուս օրը մարշրուտկայով գնալիս իրենց ձեռքով հաջող էր անում ու էլի գնում: Լավ ծիծաղեցինք այն բանի վրա, որ հոգեխանգարված ենք… Հետո ասինք` հաջորդ միտինգին, որ Աստծո հաջողությամբ լինի, ձեր խաթեր համար էլ ենք գնալու, հիմի ձեր դարդն էլ ավելացավ, փոխանակ հանցագործ բռնեք, մեր տուն եք եկել: Այսպես, լավ մթնոլորտում հրաժեշտ տվեցինք մեր երիտասարդ ոստիկանությանը, որոնք այդպես էլ հրաժարվեցին սուրճից` երեւի իրենց չէր կարելի ընդդիմադիրների տանը սուրճ խմել: Բայց գնալիս ասացին, որ շատ հաճելի էր մեր նման կիրթ մարդկանց հետ շփվելը: Ասացին, որ իրենց համար նշանակություն չունի, թե մարդը ընդդիմադիր է, թե չէ:

Աղբյուրը՝ www.groghucav.am

Նախորդ հոդվածը‘Մարտերի պատճառով Դամասկոս մեկնող չվերթները չեղյալ են հայտարարվել ‘
Հաջորդ հոդվածը‘«Մեսենջերը» Մերկուրիի բեւեռում ջրային սառույց է հայտնաբերել ‘