‘Գ. Ծառուկյան. Կոռուպցիայի դեմ պայքարը ղեկավարում են կոռումպացված անձինք’

912

Այսօր մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորած խորհրդարանական  պատվիրակության  այցը Բրյուսել: Գագիկ Ծառուկյանի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ընթացքում  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն Բրուսելում է՝ Եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով:

Անկաշկանդ  շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք  է  հայտնել, որ անհնար է  երկրում  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում: 

Հանդիպման  շրջանակներում կողմերը   զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ  թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին:

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է  հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝  Եվրոպական կուսակցությունների  հետ  համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության  կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության  առաջին գրավականն ու երաշխիքը  մարդկային հարաբերություններն են: Այդ  համատեքստում նա կարևորել է ԲՀԿ  նախագահի հետ ծանոթությունը:

Եվրոպական խորհդարանի փոխնախագահը նշել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը  կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:  Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է այցելել Հայաստան, որտեղ կարող են նաև  առավել հանգամանորեն քննարկել առաջիկա գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի    գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:  Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն  մշտապես հանդես  է   եկել   բացառապես   ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից:

Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների  ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց  դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի  ուշով հետևելու են  ներքաղաքական բոլոր  զարգացումներին:

Գագիկ Ծառուկյանի այցը  շարունակվելու է նաև  վաղը՝ դեկտեմբերի վեցին:

 

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ի սպանդի զոհերի հարազատները վաղը բողոք են արտահայտելու ԵՊՀ պատմության ֆակուլտետում ‘
Հաջորդ հոդվածը‘Ռադիոհաղորդավարները «խաբեությամբ» Ուիլյամի կնոջ մասին տեղեկություններ են կորզել ‘