‘Գ. Ջհանգիրյան. Անվտանգության ծառայությունները նայե՞լ են այս օրինագիծը ‘

1053

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում մատնանշեց այն վտանգները, որոնք առկա են օրինագծում: Մասնավորապես, նա մի փոքր հեգնանքով նշեց, որ օրենքը կարող էր անվանվել «Անձնական տվյալները երրորդ անձին, այլ երկրներին փոխանցելու մասին», որովհետև այն ֆինանսական աջակցությունը, որ դրված է այս օրենքի տակ, հենց այդ նպատակն է հետապնդում, հակառակ դեպքում որևէ մեկը մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունը ավելի էֆեկտիվ դարձնելու համար մեզ չէր վճարի:
Ըստ Ջհանգիրյանի՝ իհարկե լավ է, որ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում մի շարք կարևոր ոլորտ հանված է այս օրենքի կարգավորման շրջանակից (պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական, ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ  պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով-iLur.am), թեև սա էլ ամբողջովին խնդիրը չի լուծում:
Գագիկ Ջհանգիրյանը կարևորեց նաև այն, որ 9-րդ հոդվածի 4-րդ մասում, իրավական տեխնիկայի առումով, պետք է թվարկվեն այն դեպքերը, երբ այդ տվյալները կարող են օգտագործվել առանց քաղաքացու համաձայնության:
Նա անդրադարձավ նաև վերահսկողություն իրականացնող գործակալությանը, որին բավական մեծ լիազորություններով են օժտում:
«Օրենսդիրը շատ լավ հասկանում է սրա վտանգը, և դրա համար այս գործակալությանը այսպիսի լայն լիազորություններ ենք տալիս: Եթե 5 կամ 15 հոգի լինեն, արդյո՞ք կարող են այսպիսի ծավալի ինֆորմացիայի վրա վերահսկողություն իրականացնել: Գոնե փոխանցողը լինի այդ գործակալությունը: Եթե դա մեր անվտանգության ծառայության վերահսկողության տակ է, այդտեղ խնդիր չկա, բայց տեղեկատվություն հավաքող, մշակող սուբյեկտները տասնյակ են, հարյուրավոր են՝ առողջապահության ոլորտ, գիտության-կրթության, պաշտպանության ոլորտ, և ամեն մի ոլորտի մշակող կարող է ինքնուրույն մեկնաբանել ու փոխանցել»:
 Վերջում Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ այսպիսի վտանգավոր նախագծերը այսպիսի թեթևությամբ չի կարելի քննարկել և ընդունել:
«Անվտանգության ծառայությունները նայե՞լ են այս օրինագիծը»,- հարցրեց Ջհանգիրյանը:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Կոնգրեսը Հվ.Կովկասի ամենաազդեցիկ լիբերալ կուսակցությունն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանում արձանագրվել է ծննդաբերության աճ’