‘Դավիթ Հարությունյան. Ունեմ որոշակի վերապահումներ մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ’

652

«Ունեմ որոշակի վերապահումներ՝ կապված 2008 թ. մարտի 1-ի դեպքերը քննող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ, իմ դիրքորոշումը կհայտնեմ երկուշաբթի օրը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջինիս հետաքրքիր չէ իմանալ, թե Արցախից զենքեր բերվել են, թե ոչ՝ Դավիթ Հարությունյանն ասաց, թե շատ հարցեր կան, որոնց պատասխանը հետաքրքիր է իմանալ, սակայն դա չի նշանակում, որ ԱԺ-ն բավարար հնարավորություններ ունի պարզելու այդ հարցերը:
«Պետք է ստանանք երկրորդ կողմի տեսակետը. լսելով միայն մեկ ներկայացում՝ դժվար է եզրահանգման գալ, այդ իսկ պատճառով ես պատրաստվում եմ բարձրացրած հարցերով դիմել հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ կարծիք հայտնելով, որ, այնուամենայնիվ, հանձնաժողովի ձևաչափը լավագույն տարբերակը չէ: 
ՀՀԿ-ական պատգամավորն իր տեսակետը բացատրում է նրանով, որ «նախկինում ունեցել ենք նման հանձնաժողով, որը դարձել էր քաղաքակական բանավեճերի հարթակ»:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների տասնյակը ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԳԱՏԷ-ի սերվերը կոտրած ցանցահենները պահանջել են դադարեցնել իրանցի միջուկագետների հետապնդումը’