‘Դավիթ Մաթեւոսյանը ադրբեջանցի գրողի մասին. Գրչեղբայրս մեծ փորձանքի մեջ է իր տանը ‘

1625

Մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ արվեստագետ Դավիթ Մաթեւոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի հետ տեղի ունեցող զարգացումներին: Հիշեցնենք, որ իր «Քարե երազներ» գրքի համար, որտեղ հեղինակն անդրադարձել է Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերին, Այլիսլիի նկատմամբ իր հայրենիքում հալածանքներ են սկսվել:

Դավիթ Մաթեւոսյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ես կոչնակ եմ հնչեցնում. տվյալ պահին ես խորապես անտարբեր եմ Հայաստանի և Ադրբեջանի բոլոր քաղաքագետների և քաղաքական գործիչների, մեր բոլոր անհաշտ հակամարտությունների ու տարաձայնությունների, պատերազմների ու, մասնավորապես՝ Ղարաբաղյան պատերազմի բոլոր հետևանքների նկատմամբ:

Ես Դավիթն եմ՝ Հրանտ Մաթևոսյանի որդին, որի գրչեղբայրը և բարեկամը՝ Աքրամ Այլիսլին, մեծ փորձանքի մեջ է իր տանը… Մեր երկրներում, որոնք պատանդ են դարձել Կասպիական նավթի և «երրորդ աշխարհի երկրների» պաշարների սպառման քաղաքականության, որտեղ արևմտյան ժողովրդավարությունը գիտակցաբար խափանվում է՝ ճիշտ այնպես, ինչպես և ռուսաստանյանը՝ հումանիզմ և ընդհանուր տան հայեցակարգ և զարգացման ոսկե հեռանկարներ, որտեղ անգրագետ գրչակներն ու քաղաքական չարչիները մշակույթի մարդկանց հիմնականում ընկալում են որպես «արքայի» գահի մոտ ծվարած ձրիակեր-ծաղրածուների, իսկ  հարգելի ստեղծագործական միությունների մշակույթ-բանի շեֆ գործիչները հենց այդպիսին էլ իրենց ներկայացնում են՝ իբրև հարգարժան ծաղրածուներ և ջանում են այդպես էլ մնալ ու չկորցնել կերակարտաշտը ՆԿԱՐԻՉ-ՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՉԷ, ՆԱ ՊԵՏՔ Է ԽԱՉՎԻ, քանի որ ասում է. Այրեք իմ գրքերը, դրանք ոչ մեկին չեն փրկել, և նա ասում է. Ես թախծում եմ, ես կարոտում եմ Հրանտ Մաթևոսյանին, և նա գրում է այն, ինչ մտածում է, իսկ նա մտածում է այն, ինչ սրտով է զգում՝ որ այդ երկրների, այդ տարածաշրջանի համար մի ճանապարհ կա՝ հաշտության և ընդհանուր տան-աշխարհի, և հեռանկար-իրերը ծայրաստիճան անօգուտ են իշխող վարչակարգի համար, ՆՐԱ ԲՈԼՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՐԵՐԻ համար, և հենց այդ պատճառով էլ ԳՐՈՂ ԱՅԼԻՍԼԻՆ ՊԵՏՔ Է ԽԱՉՎԻ՞: Գրողի ծոցը կորեք դուք էլ, ձեր պաշարներն ու ձեր արյունոտ բիզնեսն էլ հետը – Աքրամ Այլիսլին ադրբեջանցի չէ, հայ չէ, վրացի չէ և ոչ էլ իրանցի է… նա Քաղաքացի է և նա Մարդ է, ինչը դուք երբեք հնարավորություն չունեք լինել… Լափեք՝ ձեր ազգային, իշխանական կերակրատաշտերի մոտ կանգնած, լափեք, ու թող ձեր աչքերը ճարպակալեն, հայրենասիրական երգեր երգեք և գյուղացիների ու բանվորների զավակներին ուղարկեք զոհվելու բանակում: Իշխանության մնացեք որքան հնարավոր է՝ երկար, ձեզ հնարավորություն է տրվել… Բայց հասկացեք, եթե ուղեղներդ դեռ վերջնականապես չեն հալվել, որ հենց նրան՝  չքծնողին, ոչ «հայրենասերին» դուք ձեռք չեք տա, չեք սպանի, չեք հաշմի, չեք ոչնչացնի, քանի որ նա «ձերը» չէ, և նա ստրուկ չէ և թքած ունի ձեզ և ձեր նմանների վրա…

Եւ այսօր՝ մեր ծանոթությունից քսանմեկ տարի անց, ես ՍԵՂՄՈՒՄ ԵՄ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ՝ ՄԱՐԴՈՒ, ՔԱՂԱՔԱՑՈՒ ԵՒ ԻՐ ԺՈՂՈՎՐԴի-ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ ՁԵՌՔԸ, և դա անում եմ, քանի որ այդպես եմ սովորել հորիցս՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍՅԱՆԻՑ՝ ՄԱՐԴՈՒՑ, ՔԱՂԱՔԱՑՈՒՑ ԵՒ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՐԻՈՏԻՑ, ԱՆԱՐԻ, ՌՈՒՍՏԱՄ ԵՒ ՄԱՔՍԻՄ ԻԲՐԱՀԻՄԲԵԿՈՎՆԵՐԻ բարեկամից ու գործընկերոջից… Գարշահոտ է փչում, պարոնայք պոլիտիկաններ, խանության և ստալինշչինայի գարշահոտ է փչում՝ միաժամանակ: Ամոթ և խայտառակություն ձեզ, եթե չդադարեցնեք այս էժանագին ներկայացումը Ժառանգական Խան և Նախագահ Իլհամբեյ Հեյդարովիչ Ալիևի գլխավորությամբ: Ամոթ ու խայտառակություն արևմտյան «ժողովրդավարությանը» և տարածաշրջանի երկրներում ռուսաստանյան «իմաստուն» քաղաքականությանը, եթե նրանք թույլ տան հետագա էսկալացիան, եթե խամաճիկը պատժի ԳՐՈՂԻՆ»:

 

 

Նախորդ հոդվածը‘ՀՀՇ-ը փետրվարի 23-ին արտահերթ համագումար կհրավիրի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը դեսպանին անվանել է «նորաթուխ բլոգեր»’