‘Դատավորների հեգնանքն ու անբարեհաճությունը. ՀԱԿ երիտասարդների դատական նիստ ‘

983

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 13:00-ից, ՀՀ վերաքննիչ դատարանում ընթանում է այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ չորս երիտասարդների վերաքննիչ  բողոքի քննության երկրորդ նիստը:

Նիստն սկսվելուն պես նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զգուշացրեց, որ տեսաձայնագրում կարող է կատարվել միայն առաջին 10 րոպեների ընթացքում: Տիգրան Առաքելյանի փաստաբան Վահե Գրիգորյանը խնդրեց ներկայացնել տեսաձայնագրումն արգելելու պատճառները, քանի որ դռնբաց նիստի ժամանակ օրենքը չի արգելում այն, կան որոշակի սահմանափակումներ միայն հստակ պատճառների հիմնավորմամբ: Դատավոր Արմեն Դանիելյանը հարցրեց, թե արդյո՞ք փաստաբանը հարց է ուղղում իրեն, և երբ ստացավ դրական պատասխան, չպարզաբանեց արգելքը՝ պատճառաբանելով, թե փաստաբանն իրավունք չունի հարց ուղղել դատավորին:

Ընթացակարգի համաձայն՝ մեղադրող կողմը հանդես եկավ ելույթով՝ բողոքարկող կողմի փաստարկներին տալով հակափաստարկներ:  

Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն բանին, որ որոշ փաստարկներ, մասնավորապես՝  տուժող կողմի որոշ ցուցմունքներ, ներկայացվում են առաջին անգամ: Դատախազը համաձայնեց ամբաստանյալների այն պնդմանը, որ ավտոմեքենայի ներսում օդի անբավարարություն, ճնշվածություն, որոշակի նեղվածություն կարող էր լինել, և դա սովորական բան է, քանի որ  դրանով ոստիկանների գործողությունները ուղղված են եղել սահմանափակելու երիտասարդների ազատությունը:

Նրա խոսքով՝ Կոնգրեսի երիտասարդների գործողությունները չեն կարող  դիտվել որպես պաշտպանություն: Վերջինս չհամաձայնեց բողոքարկող կողմի այն փաստարկին ևս, թե Տիգրան Առաքելյանը չէր կարող ձեռքերը կապված վիճակում գլխով այնպես հարվածել հետևում գտնվող մարդուն, որ կպչեր թիրախին՝ ոստիկանի քթին:   

Զարմանալին այն էր, որ նիստը նախագահող դատավորը պարբերաբար չխոսելու կոչով դիմում էր ամբաստանյալներին, երբ վերջիներս միջամտում էին դատախազի կողմից բերվող փաստարկներին՝ հակափաստարկ ներկայացնելով: Որպես օրինակ՝ երբ դատախազը վկայակոչեց Տիգրան Առաքելյանի նախնական ցուցմունքը, Տիգրան Առաքելյանն առարկեց՝ փաստելով, որ ինքը չի տվել նախնական որևէ ցուցմունք: Դատավորը դժգոհեց ու հորդորեց Տիգրան Առաքելյանին չընդհատել դատախազի ելույթը, որից հետո դատախազն ինքն իրեն ուղղեց՝ ասելով, որ իսկապես, Առաքելյանը նախնական ցուցմունք չի տվել:

Դատավորը անբարեհաճ էր նաև երիտասարդաների փաստաբանների՝ Ստեփան Ոսկանյանի ու Վահե Գրիգորյանի նկատմամբ. ամեն անգամ, երբ վերջիններս շշուկով բառեր էին փոխանակում , դատավորը կանգնեցնում էր նիստը և ասում՝ «միք խոսի»:

Իսկ դատավոր Աղրամանյանն էլ աչքի ընկավ հեգնական վերաբերմունքով: Որպես օրինակ՝ երբ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ջուր խնդրեց, Աղրամանյանը հակադարձեց, թե միգուցե և վերջինս սոված լինի ու ուտելու բա՞ն ուզի:

Նիստը շարունակվում է: 

Նախորդ հոդվածը‘«Շախտյորը» մերժել է Մխիթարյանին ձեռք բերելու՝ «Զենիթի» առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացիները չեն հավատում Օսկանյանին ներկայացված մեղադրանքներին ‘