‘Դատարանը մերժեց Մատաղիսի գործով դատաքննության վերսկսման միջնորդությունը ‘

614

2012 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը:

Դատական նիստին ներկայացել էին տուժողների իրավահաջորդները, ամբաստանյալները, նրանց շահերի պաշտպանը: Այս դատական նիստին վերջապես ներկայացել էին նաև բոլոր երեք մեղադրողները, հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Նիստի սկզբում մեղադրող կողմը միջնորդություն ներկայացրեց վերսկսել դատաքննությունը և հրամանատար Իվան Գրիգորյանին կանչել հարցաքննության: Դատարանն ընթերցեց ոստիկանության կողմից ուղարկված գրությունը, որը պարունակում էր տեղեկատվություն այն մասին, որ հնարավոր չէ գտնել Իվան Գրիգորյանի բնակության հասցեն: Ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդության վերաբերյալ նշեց, որ այն պարզապես պատրվակ է՝ ձգձգելու համար դատական վիճաբանությունների փուլին անցնելը, և կտրականապես առարկեց բավարարել միջնորդությունը:

Դատարանը մերժեց միջնորդությունը և անցավ վիճաբանությունների փուլ:

Այնուհետև մեղադրող կողմի միջնորդությամբ դատական նիստն ընդմիջվեց հինգ րոպեով, որը, սակայն, «անհասկանալի» պատճառներով ձգձգվեց մոտ մեկ ժամ:

Ընդմիջումից հետո մեղադրողներից մեկն ընթերցեց ճառի ներածական մասը, որով պնդեց մեղադրանքը, այնուհետև խնդրեց դատական նիստն ընդմիջել մինչև 2012 թ. դեկտեմբերի 4-ը՝ ճառն ամբողջությամբ ներկայացնելու համար:

Հիշեցնենք, որ Մատաղիսի գործի վերաբերյալ իրենց մտահոգությունն էին հայտնել մի շարք հասարակական կազմակերպություններ: Իսկ 2012 թ. նոյեմբերի 29-ին մամուլի ասուլիսով գործով փաստաբան Հայկ Ալումյանը և «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը բարձրաձայնել էին գործի վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Նախորդ հոդվածը‘Մուհամեդ Մուրսիի տասնյակ հազարավոր հակառակորդներ պահանջում են նախագահի հրաժարականը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանն ու Մոլդովան կարևորում են քաղաքական երկխոսության ակտիվացումը’