‘
Ռուսական գազի գնի թանկացման շուրջ խոսակցությունները, իշխանությունների ջանքերով, արդեն զավեշտի են վերածվել: Հատկապես՝ այդ գնի շուրջ տարվող բանակցությունների ֆոնին իշխանությունների կողմից արված հայտարարություններից հետո: Ընդ որում՝ գազի գնի թանկացման, այն էլ՝ գաղտնի թանկացման մասին սկսեցին խոսել դեռևս ամառվանից: Կասկածները խորացան գազի գնի վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից հրապարակված հայտնի տվյալներից հետո: Երբ պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց «ՀՀ արտաքին առևտուրը. երկիր-ապրանք» աղյուսակը, հստակ երևաց, որ այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան ներկրված 1000 խմ բնական գազի մաքսային արժեքը կազմել է $219։ Այնինչ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «ՀայՌուսգազարդը» շարունակում էին պնդել, որ գազը ձեռք է բերվում $180-ով։ Դրանից անմիջապես հետո նույն Արմեն Մովսիսյանը հայտարեց, թե գազի գնի գաղտնի թանկացում չի կարող լինել, և հավելեց, թե գազի գնի շուրջ պայմանավորվածության արդյունքները կհրապարակվեն բանակցությունների ավարտից հետո: Դա հուլիսին էր: Արդեն օգոստոսին Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցից հետ հաղորդագրություն տարածվեց, թե Սարգսյանը Մոսկվայում հայտարարել է, թե Ռուսաստանը և Հայաստանը փոխհամաձայնության են եկել գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ, նշել է, որ այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ հաշի առնելով տարածաշրջանում համադրելի գները և պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը: Սարգսյանի այս հայտարարությանը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հակադարձեց, որ եթե Սերժ Սարգսյանը իմանար գազի գնի գոյացման իրական մեխանիզմները (կամ գուցե գիտի, բայց համեստաբար չի ասել), ապա երբեք գազի գնի շուրջ չէր բանակցի: Բագրատյանը հիմնավորեց. Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Ռուսաստանը Հայաստանին գազ չի վաճառում: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը. «Գազպրոմ»-ը գազը վաճառում է տրանզիտ իրականացնող ընկերությանը, որը նույն «Գազպրոմ»-ին է պատկանում, վերջինս էլ՝ «ՀայՌուսգազարդ»-ին: «Գուցե իրոք 180-ով է Ռուսաստանն իր կազմակերպությանը վաճառում, բայց դա ինձ չի հետաքրքում: Ինձ հետաքրքրում է՝ հայ մարդը ինչքանո՞վ է գազ գնում: Իսկ մենք գազ գնում ենք 425 դոլարով: 132 հզ. դրամը դոլարով մոտ 227 դոլար է, դա էլ պետք է բազմապատկես 1.3-ով, քանի որ մեր գազը կալորիականությամբ ցածր է եվրոպականից: Մեր ստանդարտը 7 հզ. կկալ է, եվրոպականը՝ 9100 կկալ: Այսինքն՝ մենք` հայերս, ռուսական գազը գնում ենք 425 դոլարով»,- այսպիսն էր Բագրատյանի արձագանքը: Իսկ իշխանությունները շարունակում էին նորից պնդել, թե բանակցությունները դեռ շարունակվում են: Սակայն հենց այդ ժամանակ Civilnet-ում հրապարակվեց տեղեկատվություն, որ չնայած իշխանությունների պնդումներին, թե բանակցությունները շարունակվում են, իրականում դեռ այս տարվա մայիսին «ՀայՌուսգազարդը» և «Գազպրոմը» գազի գնի վերաբերյալ նոր պայմանագիր են ստորագրել: Միաժամանակ ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել «Գազպրոմի» մամլո ծառայություն՝ թե Հայաստանը ներկայում ի՞նչ գնով է ներկրում ռուսական գազը: «Գազպրոմի» մամուլի ծառայությունից պատասխանել էին. «Ներկայում կողմերն աշխատում են «Գազպրոմէքսպորտի» և «ՀայՌուսգազարդի» միջև 2008թ. հուլիսի 2-ի պայմանագրի լրացման համաձայն, որը ստորագրվել է 2012թ. մայիսին: Փաստաթղթով սահմանված է Հայաստան առաքվող գազի գինը, ինչը տնտեսվարող սուբյեկտների առևտրային գաղտնիքն է»։ Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունները ասում են, թե բանակցությունները շարունակվում են, և գնի շուրջ դեռ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, ռուսական ընկերությունը հայտարարում է, որ բանակցություններն արդեն ավարտվել են, իսկ պայմանագիրը՝ ստարագրվել։ Արդեն հոկտեմբեր ամսին է՛լ ավելի ուշագրավ տեղեկություններ հայտնվեցին: Մասնավորապես, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդես եկավ այսպիսի հարցով. «Մեզ հասած տեղեկության համաձայն՝ ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել Ռուսաստանի գազամատակարարման դիմաց ՀՀ-ի կողմից վճարումների մասին: Ըստ այդ տեղեկությունների՝ տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանը բարձրացրել է գազի գինը՝ հասցնելով այն 240 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Այնինչ Հայաստանը մինչ այս վճարում էր 180 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Տարբերությունը փակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ չվճարված գումարի փոխարեն ՀՀ-ն կվճարի իր բաժնեմասով: Վերոհիշյալ նիստում որոշվել է ՀայՌուսգազարդի Հայաստանի բաժնեմասը, որը կազմում է ընդհանուր սեփականության 20%-ը, վաճառել Ռուսաստանին 63 մլրդ դրամով: Նույն տեղեկությունների համաձայն՝ այս գործարքը կծածկի գնի տարբերությունը մինչև 2013 ապրիլի 1-ը, այդ օրվանից սկսած՝ Հայաստանն արդեն յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի համար պետք է վճարի 240 դոլար», — ասաց Լևոն Զուրաբյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք վարչապետը հաստատո՞ւմ է այս տեղեկությունը, եթե այո, ապա նման բախտորոշ որոշումն ինչպե՞ս կարող է ընդունվել առանց հանրային լայն քննարկման ու գաղտնի պահվել հասարակությունից, և արդյո՞ք նախագիծն ընդգրկված չպետք է լիներ մասնավորեցման ծրագրի օրենքով»: Լևոն Զուրաբյանի հարցին պատասխանեց նախարար Մովսիսյանը՝ նորից նշելով նույն բանը. «Տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում գազի գնի վերաբերյալ, որևիցե բան հայտարարել բանակցությունների ընթացքում նպատակահարմար չէ, ավարտվելուն պես հանրությանը տեղյակ կպահվի»: Ավելին, դրանից ընդամենը օրեր անց Զուրաբյանի այս պնդումը, ըստ էության, հաստատեցին «Գազպրոմի» մամուլի ծառայությունից: Երբ iLur.am-ը փորձել էր մեկնաբանություն տալ «ՀայՌուսգազարդի»` Հայաստանին պատկանող բաժնետոմսերի հնարավոր վաճառքի մասին՝ ընկերությունից հրաժարվել էին որևէ տեղեկություն հաղորդել՝ նշելով, որ գործարքն առայժմ նախապատրաստական փուլում է: iLur.am-ի այն հարցին, թե մոտավորապես ինչքա՞ն ժամանակ է պահանջվում գործարքն ավարտին հասցնելու համար, «Գազպրոմի» ներկայացուցիչը նունպես հստակ պատասխան չտվեց. «Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչքան կտևեն փաստաթղթի նախապատման աշխատանքները, այս պահին տեղի են ունենում տարբեր քննարկումներ»: Այսինքն, ըստ էության՝ ընդդիմության պնդումները, որ ոչ միայն գինը գաղտնի բարձրացվել է, այլև՝ բաժնեմասի վաճառք է եղել, անհիմն չէին: Ի դեպ, Լևոն Զուրաբյանը նույն նիստի ժամանակ Մովսիսյանին ասել էր, որ իշխանությունները թաքցնում են վաճառքի իրողությունը մի պարզ պատճառով, քանի որ դա հայտնի դառնալու պարագայում բոլորը կհասկանան, որ նախագահական ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են գազի գնի աղետալի բարձրացումը թաքցնել՝ ակնկալելով մինչև ընտրությունները ցնցումների բացակայություն: Ըստ էության՝ այժմ հենց այդ կանխատեսումն էլ իրականանում է: Չնայած ապացույցներին, որ գնի շուրջ բանակցություններն արդեն վաղուց ավարտվել են, կառավարությունը փաստացի նոր սկսել է մարդկանց նախապատրաստել թանկացմանը: Ու մինչ մարդկանց մոտ բնական բացասական արձագանք կլինի, իշխանությունները կհաղորդեն «լավ լուր» այն մասին, որ գազի գինը մի որոշ ժամանակ չի թանկանա, և հենց այդ լույսի ներքո էլ կմատուցեն հայկական կողմի բաժնեմասերի վաճառքի մասին տեղեկությունները:
Քրիստինե Խանումյան
‘