‘Դեսպանները ջարդեցին Սերժ Սարգսյանի միֆը ‘

1862

«Հասարակության կողմից վստահության և աջակցության բացակայությունը ներկայացնում է արդարադատության համակարգի արդյունավետության աստիճանը: Այնպես որ կայացման այս դժվարին պայմաններում անհրաժեշտ է մտածել պետական կառույցների աշխատանքի ձևի և որակի ապահովման մասին: Իրավական համակարգում հասարակական վստահություն ապահովելու հետ կապված ՝ անգլիական մի լավ խոսք կա. «Արդարադատությունը պետք է իրականացնել,  բայց  իրականացնելու համար այն նախ պետք է տեսնել »: Ամեն ինչ ունի իր նշանակությունը՝ ժամանակահատվածը, թափանցիկությունը, արդարության ներկայացումը: Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» վերջին հաշվետվության՝ Հայաստանում բավարար կերպով չեն ներկայացվում պետական պաշտոնյաների և պատգամավորների ունեցվածքի տվյալները: Բարձրաստիճան անձանց ֆինանսական միջոցների թափանցիկությունը իսկապես կարևոր գործոն է՝  ներկայացնելու հանրությանը, որ բոլորն իսկապես հավասար են օրենքի առաջ:… Հայաստանի վերջին մի քանի դեպքերը զարմանք ու հարցեր են առաջացրել ոչ միայն եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաների, այլև հասարակության մեջ (օրինակ՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հետ կապված գործը): Իսկ ամենաթարմը նախկին արտգործ նախարար Վարդան Օսկանյանի դեպքն է»:

Սա հատված էր ոչ թե Հայաստանում լույս տեսնող ընդդիմադիր լրատվամիջոցի հրապարակումներից, այլ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի վերջին գրառումից, որը տիկին դեսպանն արել էր իր բլոգում:

Հայաստանում, փաստորեն, սկսվել է մի շրջան, երբ գերտերությունների դեսպաններն իրար հետևից ուղիղ տեքստով բարձրաձայնում են Հայաստանում առկա խնդիրների մասին: Մի բան, որ նախկինում չի եղել: Ընդ որում՝ խոսում են ոչ պատահական երկրների դիվանագետները. սկզբում՝ Ռուսաստանի, հետո`ԱՄՆ-ի, և ապա արդեն Մեծ Բրիտանիայի դեսպանները:

Նախ, եթե հիշում ենք, խոսեց ՌԴ դեսպան Կովալենկոն, ով անդրադառնալով «Համերկրացիներ» ծրագրին` ուղիղ տեքստով ասաց, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ այդ ծրագրի պատճառով, և որ պետք է պատճառներն այլ տեղերում փնտրել: Այսինքն՝ մարդն ակնհայտորեն մի մեսիջ հղեց. «այնպիսի երկիր կառուցեք, այնպես ղեկավարեք երկիրը, որ մարդիկ չփախչեն, իսկ եթե մարդիկ փախչում են, դա ոչ թե նրանց մեղքն է, ում մոտ  փախչում են, այլ նրանց` ումից փախչում են»: Հետո, հիշեցնենք, խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը, ով անդրադառնալով նույն Օսկանյանի գործին՝ ձեռի հետ էլ քար նետեց հայաստանյան արդարադատության բոստանը: Նա ասաց, որ Օսկանյանի գործն օրենսդրության ընտրովի կիրառում է:

 և ահա, հիմա էլ խոսեց Մեծ Բրիտանիայի դեսպանը:

Չի կարող պատահականություն լինել այն, որ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից մի երկու ամիս առաջ գերտերությունների դեսպաններն «առանց հետին մտքի» խոսեն հայաստանյան խնդիրների մասին: Սրանք հստակ մեսիջներ են, որոնք, առաջին հերթին, բնականաբար, ուղղված են Սերժ Սարգսյանին: Սրանք մեսիջներ են, որոնք նաև հստակ ցույց են տալիս, որ ընտրություններից առաջ Սարգսյանին վերագրվող միջազգային աջակցությունն ընդամենը միֆ է: Միֆ, որը հորինվել և շրջանառվում է իշխանական քարոզչամեքենայի կողմից: Դիվանագիտական էթիկայից ելնելով՝ դեսպանները, որոնք Հայաստանի իշխանություններին հանդիպելու հազար ու մի առիթ են ունենում, նման մտահոգությունները կարող են փոխանցել անձամբ իշխանություններին` առանց միջնորդների: Կփոխանցեին, ու մենք այդ մասին նույնիսկ ոչինչ չէինք էլ իմանա: Օրինակ` այնպես, ինչպես արվել էր 2008 թվականին: և այդ մասին մենք իմացանք միայն այն ժամանակ, երբ եղան WikiLeaks-ի աղմկահարունց հրապարակումները: Իսկ այժմ դեսպաններն ակներևորեն որոշել են զերծ մնալ ավելորդ դիվանագիտական «թիթիզություններից» և խոսել հրապարակավ, խոսել փաստերով, խփել ամենախոցելի կետերին` սոցիալական հարցեր, արդարադատություն, պետական ոչ արդյունավետ կառավարում: Իսկ փորձառու դիվանագետները երբեք պատահականորեն չեն խախտում դիվանագիտական նորմերը: Դեսպանները, փաստորեն, իրենց գործն արեցին: Նրանք ընտրություններից առաջ գրեթե ուղիղ տեքստով ջարդեցին Սերժ Սագսյանի իբր ունեցած` միջազգային աջակցության միֆը: Իսկ դուք դեռ հավատո՞ւմ եք այդ միֆին: Եթե այո, ապա նորից կարդացեք գերտերությունների դեսպանների հայտարարությունները:

Պարգև Ապրեսյան 

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում բեռնվել է Բաքու-Թբիլիս-Ջեյհանով մատակարարվող նավթի 2000-րդ տանկերը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը կհետաքննի Սաակաշվիլիի վարչակարգի հանցագործությունները’