‘Դեսպան Մանուկյանը 175 հազար դոլար և 95 հազար եվրո նվիրատվություն է ստացել’

1339

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հարուստ դեսպանների ցանկում է: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի` 2011թ. նրա եկամուտը գոյացել է 22 հազար 574 դոլար աշխատավարձից, 26 միլիոն 136 դրամ երկու անշարժ գույքի վարձակալությունից ստացած վճարից, 175 հազար դոլար և 95 հազար եվրո նվիրատվություններից:

Դեսպան Մանուկյանը 2011թ. ունեցել է նաև դրամական միջոցներ` 395 հազար դոլար, 192 հազար եվրո, 19 մլն ռուսական ռուբլի: Տարվա ընթացքում դեսպանի դրամական միջոցներն ավելացել են: Համեմատության համար նշենք, որ 2011-ի սկզբին նրա հաշվին եղել է 220 հազար դոլար, 100 հազար եվրո և 0 ռուբլի:

Դեսպանի 19 մլն ռուբլին գոյացել է բնակարանի վաճառքից:

Կինը` Արմինե Մանուկյանը, 2011-ին որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին եղել է 140 հազար դոլար` տարեսկզբի 40 հազար դոլարի փոխարեն, 80 հազար եվրո, ինչպես նաև 12 մլն դրամ` տարեսկզբի 50 մլնի փոխարեն:

Հովհաննես Մանուկյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հայտարարագրում նշված գումարի զգալի մասը գոյացել է 2011թ. թանկարժեք բնակարանի վաճառքից: Հարցին, թե որտե՞ղ է գտնվել «թանկարժեք բնակարանը», դեսպանն այսպես պատասխանեց. «Բավարարվենք այնքանով, ինչը հրապարակված է: Թեև սա հրապարակային գործչի ճակատագիր է, բայց իրոք հաճույք չի պատճառում, երբ սեփականությանդ վերաբերյալ հրապարակային վերլուծություն է արվում»: 

Նա չպատասխանեց նաև այն հարցին, թե որտեղից է գոյացել երկու նվիրատվությունների խոշոր գումարները:

Ինչ վերաբերում է գումարի մնացած մասին, ապա, Հովհաննես Մանուկյանի խոսքերով, դրանց ծագումը իր և ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի վարձակալությունից ստացված վարձավճարներն են:

hetq.am

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզ. Մենք բավական ուժեղ թիմ ունենք’
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. Freedom House-ը ուղղել է իր սխալը’