‘Դիմում Էթիկայի հանձնաժողովին՝ Տարոն Մարգարյանի հարցով’

1287

«Ազատություն»  ռադիոկայանի փոխանցմամբ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի»  գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Բաղրամյան 26 հասցեում գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանին հասցեագրած դիմումով խնդրել է պարզել՝ «ներքաղաքային փոխադրավարձը բաձրացնելիս քաղաքապետ Տարոն Մագարյանը գտնվե՞լ է արդյոք շահերի բախման իրավիճակում կամ եղե՞լ է նման ռիսկ»: 

Նույն դիմումի երկրորդ խնդրանանքն է պարզել՝ «Ներդրումները կառավարելիս քաղաքապետը չի՞ օգտագործել արդյոք պաշտոնական դիրքը և լիազորությունները»:

Դիմումի մեջ նշված է․ — «Վերջին օրերին, կապված ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետ, առավել հաճախացել են հրապարակումները քաղաքապետի բիզնես-գործունեության, մասնավորապես, այն մասին, որ որոշ երթուղիներ սպասարկող կազմակերպություններ պատկանում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նրա մերձավոր ազգականներին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակվել էր Երևանի քաղաքապետարանի պատասխանը, ըստ որի՝ մասնավորապես 5 և 32 երթուղիները սպասարկում է «Ռոբերտ Տարոն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Մամուլում պնդումներ կան, որ այդ ընկերությունը պատկանում է Տարոն Մարգարյանին և նրա  աներձագին՝ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին:

«Թրանսփարենսի ինթերնեշնլը» օրեր առաջ դիմել է նաև Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով «Երեվան քաղաքում ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ցանկը՝ ըստ երթուղիների», «Ուղեվարձի բարձրացման հայտեր ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների ցանկը», բացի այդ՝ «Ուղեվարձի բարձրացման մասին քաղաքապետի որոշման հիմնավորումները»:

Այս առնչությամբ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանն ասաց․ — «Այդ կազմակերպությունների տվյալներն ուսումնասիրելուց հետո մենք կարող ենք պատկեր կազմել, թե ովքեր են այդ գծատերերը իրավական առումով: Մենք գիտենք, որ շատերի հետևում թաքնված կլինեն տանիքներ, այսպես ասած, որոնք քողարկված կլինեն և չի բացառվում, որ նույն Տարոն Մարգարյանը լինի տանիք որոշ գծերի համար և առնվազն հայտնի է, որ մի քանի գծերի սպասարկող ընկերությունը «Ռոբերտ-Տարոն» ընկերությունն է, որը նրա աներձագին է պատկանում․․․ Մենք շատ լավ հասկանում ենք, որ  Հայաստանում աներձագը բավականին մերձավոր ազգական է համարվում և ակնհայտորեն հովանավորվում է նույն Տարոն Մարգարյանի կողմից»:

Էթիկայի հանձնաժողովին հասցեագրված դիմումի մեջ «Թրանսփերենսի ինթերնեշնլը» նաև նշել է․- «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի ու եկամուտների և դրանց ձեռքբերման աղբյուրի օրինականության վերաբերյալ կասկածները և մամուլում մինչ օրս շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները սկիզբ առան պարոն Մարգարյանի կողմից իր գույքի և եկամուտների հայտարարագիրը (2012թ. մարտի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) որպես Երևանի ավագանու թեկնածու ԿԸՀ ներկայացնելուց հետո: Մինչդեռ, ըստ ՀՀ բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2011թ. և 2012թ. գույքի և եկամուտների հայտարարագրի Տ.Մարգարյանը, որպես սեփականություն, չունի որևէ շարժական կամ անշարժ գույք կամ եկամտի այլ աղբյուր՝ աշխատավարձից բացի: Համադրելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած և պաշտոնապես հրապարակված հայտարարագրերը ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի հետ՝ ստեղծվում է տպավորություն, որ այդ ողջ շարժական և անշարժ գույքը ձեռք է բերվել 2013թ. հունվար-փետրվար ամիսներին»: 

Այս առնչությամբ «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փոխտնօրեն Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է. — «Կամ Տարոն Մարգարյանը երկու ամսում՝ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին ձեռք է բերել բավականին մեծածավալ գույք՝ ունենալով քաղաքապետի իր աշխատավարձը, կամ ստել է հայտարարագրերից մեկում»:

Էթիկայի հանձնաժողովը վարույթ հարուցելու դեպքում պարտավոր է որոշում կայացնել մեկամսյա ժամկետում: Մինչ օրս այս հանձնաժողովի որոշման հիմքով որևէ անձ դեռ պաշտոնից չի զրկվել պաշտոնական լիազորությունների և բիզնեսի շահերի բախման պատճառով:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնանկ է արվել Կենտրոնի ոստիկանապետը’
Հաջորդ հոդվածը‘Նելսոն Մադելայի առողջական վիճակը բարելավվում է’