‘«Դրանք հաստավիզ երկու հոգի եզներ էին, մարդկանց հում-հում կուտեն» (տեսանյութ)’

2732

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երևանի քաղաքապետարանում Ալմաստ Քիթափսզյանն ուզեցել է գրանցվել դեկտեմբերի 16-ին կայանալիք աճուրդին մասնակցելու համար, երբ նրան մոտեցել են երկու թիկնեղ տղամարդ, կանչել առաջին հարկ ու սպառնացել, որ չմասնակցի աճուրդին: Այդ մասին iLur.am-ի թղթակցին ասաց Ալմաստ Քիթափսզյանը:

«Կանչեցին դուրս ու ասացին՝ բա՝ էդ հողը մերն է, հլա փորձվեք ու մասնակցեք աճուրդին: Երբ ասացի՝ հողը իմն է, դեռ աճուրդը չեղած՝ ո՞նց է արդեն ձերը, ասացին, որ իրենցն է, ու վերջ»,- քաղաքապետարանից վրդովված դուրս գալուց հետո պատմեց տիկին Ալմաստը:

Նրա խոսքով՝ վիճաբանության ընթացքում քաղաքապետարանի աշխատակիցներից մեկն աչքով է արել տղաներին, և նրանք հեռացել են: Երբ տիկին Ալմաստը սպառնալիքների մասին տեղեկացրել է քաղաքապետարանի անվտանգության աշխատակցին ու պահանջել պարզել այդ մարդկանց ինքնությունը, ավտանգության աշխատակիցն ասել է, որ իրենք ճաշարանում էին, և ինքը չի ճանաչում նրանց: Կինը պահանջել է հանդիպում քաղաքապետի կամ այլ ղեկավար անձանց հետ, սպասել մեկ ժամ, սակայն ապարդյուն:

«Հիմա վախենում եմ, եթե քաղաքապետարանում են նման բան անում, ապա դրսո՞ւմ ինչ կանեն, մարդկանց հում-հում կուտեն, ես վախենում եմ գնալ տուն, դրանք հաստավիզ երկու հոգի եզներ էին, կարող է գան ու ինձ սպանեն»,- վրդովված մանրամասնում է տիկինը:

Նրա փոխանցմամբ՝ աճուրդի հանված հողատարածքը հարակից է իր սեփականություն համարվող տարածքին, մինչև այժմ այդ տարածքը սեփանաշնորված չի եղել, իսկ այժմ, երբ հանվել է աճուրդի, կինը ցանկություն է հայտնել այն սեփականաշնորհել օրենքով սահմանված կարգով:

Նախորդ հոդվածը‘Հայերը «ֆալշ» Jacobs-ի և Tchibo-ի միջոցով ամսական 200 հազար դոլար են աշխատել’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի արտաքին պարտքը պատմական ռեկորդի է հասել’