‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկրորդ միջանկյալ զեկույցի ամբողջական տեքստը’

697

Ինչպես տեղեկացրել էր iLur.am-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները նախօրեին տարածել են նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը: Ներկայացնում ենք զեկույցի ամբողջական, ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:

ԱՄՓՈՓԱԳԻՐ

Պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկեց hունվարի 21-ին և դեռևս զուսպ և քիչ տեսանելի է։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավը ամենանկատելին է, թեպետ որոշ թեկնածուներ նույնպես ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին։ Հունվարի 31-ին Երևանի կենտրոնում նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել անհայտ անձի կողմից։ Իշխանությունները հետաքննչական գործողություններ են իրականացնում։ Թեպետ օրենքը թույլատրում է, որ քարոզարշավի անցկացման ընթացքում «անհաղթահարելի խոչընդոտներ» առաջանալու դեպքում թեկնածուն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան՝ երկու շաբաթով հետաձգել ընտրությունները, փետրվարի 5-ին պարոն Հայրիկյանը հայտարարել է, որ ինքը նման դիմում չի ներկայացնելու։
Թեև իշխանությունները հայտարարել են ընտրությունները միջազգային պարտավորությունների համաձայն անցկացնելու իրենց մտադրության մասին, քարոզարշավի և պետական գործառույթների տարբերակումը հստակորեն չի արտահայտվում, նույնիսկ եթե պաշտոնյաները գտնվում են պաշտոնական արձակուրդում՝ քարոզարշավին մասնակցելու նպատակով։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները զեկուցել են այն դեպքերի մասին, երբ գործող նախագահի նախընտրական շտաբները գտնվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերում։
Թեկնածուները պետք է բացեն հատուկ բանկային հաշիվ քարոզչությանը առնչվող բոլոր գործարքները իրականացնելու համար և պարբերաբար հայտարարագրեն իրենց քարոզարշավի ծախսերը։ Այնուամենայնիվ, ոչ բոլոր թեկնածուներն են բացել հաշիվ կամ ներկայացրել քարոզարշավի իրենց առաջին հայտարարագրերը։ Նման բացթողումների դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ոչ մի պատժամիջոց չի կիրառել։ ԿԸՀ-ն նաև ընդունել է որոշում, ըստ որի նախընտրականշտաբի տարածքի վարձավճարը չի համարվում որպես քարոզարշավի համար նախատեսված ծախս և հայտարարագրման ենթակա չէ։
Ընտրությունների վարչարարական նախապատրաստումը ընթանում է ըստ օրենքով սահմանված վերջնաժամկետների։ ԿԸՀ-ն շարունակում է աշխատել բաց և թափանցիկ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտորդական առաքելություն էջ
Տեղամասային ընտրական հանձնաժողովները (ՏԸՀ) կազմավորվել են մինչև հունվարի 24-ը, սակայն թեև կուսակցությունները ունեցել են հնարավորություն առաջադրել անդամներ յուրաքանչյուր ՏԸՀ-ում, ոչ բոլորն են օգտվել այդ հնարավորությունից։ ՏԸՀ-ի անդամները մասնակցում են մասնագիտական դասընթացների, և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները դրական են գնահատել այն դասընթացները, որոնց ներկա են գտնվել։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ) հայտարարել է, որ հունվարի 29-ի դրությամբ գրանցված ընտրողների թիվը՝ մոտ 2,5 մլն. է։ Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ, որոնց նպատակն է ճշգրտել ընտրացուցակները և իրազեկել ընտրոդներին ընտրացուցակների տվյալները ստուգելու մասին։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի լրատվամիջոցների մոնիթորինգի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական և ընտրություններին վերաբերյալ տեղեկատվությունը լրատվամիջոցների կիզակետում է։ Լրատվամիջոցները պարբերաբար լուսաբանում են թեկնածուներին, բայց հեռուստաալիքների մեծ մասում գերակշռում է գործող նախագահի և թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի լուսաբանումը։ Բոլոր թեկնածուները օգտագործում են հանրային լրատվամիջոցներով իրենց տրամադրված անվճար եթերաժամը։
ԿԸՀ-ն և դատարանները ստացել են քիչ թվով բողոքներ, որոնք մերժվել են կամ չեն ընդունվել վարույթ։ Գլխավոր դատախազությունը խրախուսել է հանրությանը հայտնել ընտրակաշառքի դեպքերի մասին՝ առանց քրեական հետապնդման մտավախության։

II . ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ և ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

Պաշտոնական քարոզարշավը, որը մեկնարկել է հունվարի 21-ին և ավարտվելու է փետրվարի 16-ի կեսգիշերին, դեռևս զուսպ և քիչ նկատելի է։ Գործող նախագահ Սերժ Սարգսյանի քարոզարշավը ամենանկատելին է։ Խորհրդարանում ներկայացված մի քանի կուսակցությունների որոշումը չառաջադրել թեկնածուներ, մասամբ ազդել է քարոզարշավի ընդհանուր մթնոլորտի վրա։
Ութ թեկնածուներից չորսը անցկացնում են քարոզչություն փակ և բաց տարածքներում։
Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական թիմերը անցկացնում են դռնեդուռ քարոզչություն։ Պաստառներ և այլ տպագիր քարոզչական նյութեր բավականին
սակավ են։։ Թեպետ առ այսօր թեկնածուներից չորսը այցելել են մարզեր, մայրաքաղաքից դուրս դուրս ծավալուն հանրավաքներ եղել են միայն գործող նախագահի քարոզարշավի շրջանակում։
Նախընտրական քարոզարշավում նկատվում է աշխույժ բանավեճի պակաս։ Քաղաքացիական և քաղաքական իրավունքները, պետության դերը հասարակական կյանքում և տնտեսությունը թեկնածուների մեծ մասի մոտ ուշադրության կենտրոնում են։
Գործող նախագահը հիմնական շեշտը դնում է կայունության ու անվտանգության, բանակի, իբրև գլխավոր հրամանատար իր դերի և իր ռազմական անցյալի վրա՝ հստակորեն առանձնանալով տպագիր և հեռարձակվող քարոզարչական այլ նյութերում։ Գործող նախագահից բացի, բոլոր թեկնածուների կարծիքով առկա են ընտրացուցակների անճշտություններ և վարչական ռեսուրսի չարաշահում և մտահոգություն են արտահայտում ընտրական գործընթացի ընդհանուր ամբողջականության վերաբերյալ։
Իրենց հերթին իշխանությունները բազմիցս կրկնել են ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու իրենց պարտավորության մասին։ Հունվարի 31-ի ուշ երեկոյան Երևանի կենտրոնում թեկնածու Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել անհայտ անձի կողմից։ Հաջորդ օրը նա ենթարկվել է վիրահատական միջամտության և իշխանությունները հետաքննում են գործը։ Թեպետ Սահմանադրությունը թույլատրում է, որ քարոզարշավի անցկացման ընթացքում «անհաղթահարելի խոչընդոտներ» առաջանալու դեպքում թեկնածուն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով, փետրվարի 5-ին պարոն Հայրիկյանը հայտարարել է, որ ինքը նման դիմում չի ներկայացնելու։
Ընտրական օրենսգիրքը արգելում է պետական և համայնքային ծառայողներին
նախընտրական քարոզչություն կատարել՝ իրենց լիազորություններն իրականացնելիս: Շատ անգամ ընտրված կամ նշանակված պաշտոնյաները արձակուրդ են վերցրել: ՀՀ Տարածքային կառավարման նախարարության համաձայն, տաս մարզպետներից ինը արձակուրդ են վերցրել՝ գործող նախագահի համար նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները հաղորդել են, որ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի մի շարք վայրերում, ինչպես նաև Երևան քաղաքի մի քանի համայնքներում որոշ քաղաքապետեր ձևակերպել են արձակուրդ քարոզչություն իրականացնելու համար։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզպետի հետ, ով նախընտրել է հանդիպել ՀՀԿ-ի Աշտարակի գրասենյակում աշխատանքային ժամերին։ Նա չի վերցրել արձակուրդ ընտրությունների կապակցությամբ։ Արարատ մարզի գյուղերից մեկի համայնքապետը, ով ներկայումս գտնվում է արձակուրդում, գլխավորում է գործող նախագահի տեղական նախընտրական շտաբը և հայտնել է երկարաժամկետ դիտորդներին, որ նա տեղափոխել է շտաբը համայնքային վարչության շենք՝ նախընտրական շտաբի տարածքում էլեկտրական հոսանքի բացակայության պատճառով։
Չնայած իշխանությունները հայտարարել են միջազգային պարտավորություններին համահունչ ընտրություններ անցկացնելու իրենց մտադրության մասին, քարոզչական գործունեության և պետական գործառույթների տարբերակումը հստակ չէ, հատկապես մարզերում։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները տեղեկացվել են երեք դեպքերի մասին, երբ ուսուցչական կազմին կամ ուսանողներին իրենց վերադասները պարտադրել են մասնակցել գործող նախագահի քարոզչական հանդիպումներին։ Վանաձորում մի հաստատության բուժանձնակազմին պարտադրել են մասնակցել գործող նախագահի հանրահավաքին։ Հունվարի 25-ին Երևանում և հունվարի 30-ին Վանաձորում (Լոռու մարզ) ուսուցիչներին հրահանգվել է մասնակցել գործող նախագահի քարոզչական միջոցառումներին և պարտադրվել է տրամադրել անձնագրային տվյալները դպրոցի տնօրենին։ Հունվարի 23-ին Կապանի քաղաքապետարանը (Սյունիքի մարզ) զանգել է դպրոցներ տեղեկացնելու գործող նախագահի կայանալիք հանրահավաքի մասին։

Համաձայն Ընտրական օրենսգրքի, ընտրական շտաբները չեն կարող տեղակայվել ընտրական հանձնաժողովների հետ նույն շենքերում, կամ պետական մարմինների զբաղեցրած շենքերում (բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տարածքները չեն պատկանում պետական մարմիններին)։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները հայտնել են այն դեպքերի մասին, երբ գործող նախագահի նախընտրական շտաբները գտնվում են նման շենքերում։
Արմավիրի մարզում (Արևադաշտ) նախընտրական շտաբը գտնվել է նույն տարածքում ինչ ՏԸՀ-ն։ Նախընտրական շտաբները գտնվել են Արմավիրի (Արմավիր, Էջմիածին և Մեծամոր) և Արագածոտնի (Ծաղկահովիտ) մարզերում քաղաքապետարանի շենքերում, Արագածոտնի (Արագած և Կարբի) մարզում Մշակույթի տանը, դպրոցի բակում գտնվող շինությունում Արագածոտնի (Օհանավան) մարզում (զեկույցը նախապատրաստելու ժամանակահատվածում շտաբը տեղափոխվել է)։
Գործող նախագահի պաշտոնական նախընտրական կայքում նշվում է, որ ողջ երկրի տարածքում տեղակայված են 117 նախընտրական շտաբներ։ Սակայն, մարզային նախընտրական թիմը երկարաժամկետ դիտորդներին տեղեկացրել է, որ գործող նախագահի նախընտրական շտաբների թիվը զգալիորեն ավել է։
ԿԸՀ-ի Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը (ՎՎԾ) լիազորված է իրականացնելու վերահսկողություն՝ ապահովելու ընտրական հանձնաժողովների, քաղաքական կուսակցությունների և թեկնածուների դրամական միջոցների հավաստիությունը և թափանցիկությունը։ Յուրաքանչյուր թեկնածուի քարոզարշավի համար կատարվող ծախսերի չափսը չպետք է գերազանցի 100 մլն. ՀՀ դրամ (մոտ 200,000 եվրո)
Ըստ Ընտրական օրեսնգրքի, թեկնածուները պետք է բացեն հատուկ բանկային հաշիվ ՀՀ Կենտրոնական բանկում քարոզարշավի հետ առնչվող բոլոր գործարքները կատարելու համար։ Թեկնածուներից մեկը դեռևս չի կատարել այդ պահանջը։ Այնուամենայնիվ, ԿՀԸ-ն համարում է, որ հատուկ նախընտրական հաշիվ բացելը պարտադիր չէ և չկա այն բացելու օրենքով սահմանված վերջնաժամկետ։
Թեկնածուները պարտավոր են ներկայացնել ՎՎԾ իրենց եկամուտների և ունեցվածքի հայտարարագրերը գրանցումից հետո, երկու ֆինանսական հաշվետվություններ՝ մինչև քվեարկության օրը և մեկն էլ՝ մինչև ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը։ Յոթ թեկնածու ներկայացրել են առաջին ֆինանսական հայտարարագիրը հունվարի 30-ին՝ օրենքով սահմանված կարգով։

ՀՀ Կենտրոնական բանկը պարտավորված է երեք աշխատանքային օրը մեկ ՎՎԾ-ին հաշվետվություններ ներկայացնել թեկնածուների նախընտրական հիմնադրամների մասին։ ՎՎԾ-ն ուսումնասիրում է թեկնածուների հաշվետվությունները, ստուգման արդյունքներով կազմում է տեղեկանք և ներկայացնում ԿԸՀ, որը տեղադրում է դրանք իր համացանցային կայքում։ Ըստ ԿՀԸ-ի որոշման, նախընտրական շտաբների համար ծախսված վարձավճարները չեն համարվում քարոզչական ծախս և չեն ընդգրկվում թեկնածուների ֆինանսական հայտարարագրերում։

III . ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Ընտրությունների վարչարարական նախապատրաստումը ընթանում է օրենքով սահմանված վերջնաժամկետներին համապատասխան։ ԿԸՀ-ն շարունակում է աշխատել բաց և թափանցիկ՝ տրամադրելով իր նիստերի վերաբերյալ տեղեկատվություն և մուտք ապահովելով թեկնածուներին, թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ ԿԸՀ-ն առ այսօր չի սահմանել այն կանոնները, ըստ որոնց այն թեկնածուները, ովքեր որոշել են ինքնաբացարկ հայտարարել պարտավոր են փոխհատուցել իրենց նախընտրկանան քարոզարշավի ընթացքում պետության կողմից կատարված անվճար հեռարձակման եթերաժամի ծախսերը։ Ինչպես նաև, այն հարցը, թե արդյոք թեկնածուները կարող են մատուցել անվճար տրանսպորտային ծառայություններ ընտրողներին ընտրությունների օրը, մնում է անպատասխան։ ԿԸՀ-ն և ոստիկանությունը հրապարակել են հեռուստատեսությամբ ընտրողների իրազեկմանն ուղղված հոլովակներ, ինչպես նաև պատրաստել են տեղեկատվական տարբեր նյութեր, որոնց կիզակետում են ընտրացուցակների ճշգրտումն ու քվեարկության ընթացակարգերը, այդ թվում նաև սահմանափակ կարողություններով անձանց համար։
Թվով 1,988 ՏԸՀ-ները կազմավորվել են մինչև հունվարի 24-ը նախատեսված Ընտրական օրենսգրքով։ ԸԸՀ-ները նշանակել են երկուական անդամ իրենց իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր ՏԸՀ-ում։ Ազգային ժողովում ներկայացված հինգ քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրը և ընտրական դաշինքը իրավունք ունեին յուրաքանչյուր ՏԸՀ-ում մեկական անդամ նշանակելու։ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը առաջադրել են անդամներ բոլոր ՏԸՀ-ներում, մինչդեռ ՀԱԿ-ը, Ժառանգությունը և ՀՅԴ-ն չեն համալրել իրենց տրված տեղերը 457, 65 և 51 ՏԸՀ-ներում համապատասխանաբար։ Այս թափուր տեղերը համալրվել են համապատասխան ԸԸՀ-ների նախագահների կողմից՝ իրավական դրույթների համաձայն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները զեկուցել են, որ ՏԸՀ-ները գումարել են իրենց առաջին նիստերը հունվարի 27-ին՝ օրենքով սահմանված կարգով։ ԸԸՀ-ները և ՏԸՀ-ները հիմնականում լավ կահավորված են, թեև ինչպես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդներն են զեկուցել, որոշ դեպքերում նրանց տարածքները անհարմար են։ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) և ԵԱՀԿ երևանյան
գրասենյակի հետ համատեղ հունվարի 28-ին բոլոր մարզերում ԿԸՀ-ն կազմակերպել է
մասնագիտական դասընթացներ ՏԸՀ-ների անդամների համար։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները դրական են գնահատել այն դասընթացները, որոնց իրենք ներկա են գտնվել:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (ԱՎՎ) հայտարարել է, որ հունվարի 29-ի դրությամբ գրանցված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2,507,004 է։ Ոստիկանությունը ձեռնարկել է հատուկ միջոցներ՝ նպատակուղղված ընտրացուցակները թարմացնելու և ընտրողներին իրազեկելու՝ Բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) մեջ տվյալների ճշգրտման վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների կողմից այցելած ընտրատեղամասերից շատերում փակցված են ընտրողների իրազեկմանն ուղղված պաստառներ՝ ընտրացուցակներում ճշգրտումներ կատարելու վերաբերյալ։ Բացի այդ, ընտրացուցակների և ԲՊՌ-ի որակը բարելավելու նպատակով ԱՎՎ-ն հրապարակում է ամսեկան տեղեկագրեր իր աշխատանքների մասին։ Ոստիկանությունը կազմակերպել է «դռնեդուռ» ստուգումներ երեք քաղաքներում՝ հայտնաբերելու մեծ թվով գրանցված ընտրողների հասցեները, քանդված շինութունները, որտեղ քաղաքացիները դեռ գրանցված են, ինչպես նաև սխալ հասցեները։
Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների, նման ստուգումներ անցկացվել են մնացած այլ մարզերում համայնքային ոստիկանության կամ տեղական իշխանությունների ներկայացուցիչների կողմից։
Նախագահի չորս թեկնածուները բարձրաձայնել են իրենց մտահոգությունները ընտրացուցակների վերաբերյալ՝ պնդելով, որ գրանցված ընտրողների թիվը չափազանց ուռճացված է։ Նրանք մատնանշել են, որ հատկապես մտահոգիչ է արտերկրում բնակվող ընտրողների փոխարեն քվեարկության հնարավորությունը։
Հիմք ընդունելով 2012թ.-ի Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի եզրակացությունները, քաղաքացիական կացության ակտերի գրասենյակներում ներդրվել է էլեկտրոնային ներցանցային համակարգ։ Այս համակարգը կապակցված է ԲՊՌ-ի հետ՝ տրամադրելու ճշգրտված ծանուցում և տվյալների փոխանակման մեխանիզմ՝ ԲՊՌ-ի աշխատանքների և ընտրացուցակների որակի բարելավման նպատակով ։ Փետրվարի 4-ի դրությամբ, ԿՀԸ-ն հավատարմագրել է 19 տեղական կազմակերպություններ՝ 3,588 դիտորդներով։

IV. ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ լրատվամիջոցների մոնիթորինգի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ մշտադիտարկվող լրատվամիջոցները ցուցաբերում են նկատելի հետաքրքրություն քաղաքական և ընտրություններին առնչվող լրատվության նկատմամբ։ Պաշտոնական քարոզարշավի մեկնարկից ի վեր, քարոզարշավի լուսաբանումը լրատվամիջոցներում աշխուժացել է երեկոյան լուրերում, տարբեր հարցազրույցներում և գովազդային հոլովակներում։ Մշտադիտարկված հեռարձակող լրատվամիջոցների մեծ մասը հիմնականում ներկայացրել է թեկնածուների մասին տեղեկատվություն, մինչդեռ առցանց և տպագիր լրատվամիջոցները, ինչպես նաև հեռարձակող Երկիր մեդիա և Ազատություն ռադիոկայանը ներկայացրել են նաև որոշ քննադատական մեկնաբանություններ և վերլուծություններ։ Պաշտոնական քարոզարշավի առաջին երկու շաբաթների ընթացքում մշտադիտարկված լրատվամիջոցների զգալի մասը պարբերաբար լուսաբանում էր թեկնածուների լայն շրջանակ։ Միաժամանակ, լրատվամիջոցները որոշ թեկնածուների լուսաբանել են ավելի հանգամանալիորեն, որոնցից Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը եղել են առավել ներկայացված։ Լուսաբանումը գերազանցապես իրադարձային ուղղվածության էր, և հիմնականում քննարկվում էին թեկնածուների կողմից իրականացվող քարոզարշավի տարբեր ոճերը, քան թե ներկայացվում էին նրանց կոնկրետ քաղաքական ծրագրերը կամ քաղաքական դիսկուրսը։ Մշտադիտարկված հեռուստաալիքների մեծ մասը քաղաքական լուրերի լուսաբանման ժամանակ համեմատաբար համեստ մաս են տրամադրել իշխանություններին, այդ թվում նաև գործող նախագահին։ Պարոն Սերժ Սարգսյանի գործունեության, այդ թվում՝ տարբեր շնորհանդեսներին կամ հանրային միջոցառումներին նրա մասնակցության մասին լրատվամիջոցների հաղորդումները միշտ չէ, որ հստակորեն տարբերակել են, արդյոք այդ գործունեությունը տարվել է քարոզարշավին զուգահեռ, թե հանդիսացել է որպես նրա մի մաս։ Այս հանգամանքը ընդգծել է իր պաշտոնական լիազորությունների և քարոզչական գործունեության տարանջատման հարցը։
Մինչ հանրային ռադիոն առ այսօր իր լրատվական հաղորդումներում ներկայացրել է բավական հավասարակշռված լուսաբանում թեկնածուների վերաբերյալ, հանրային Հ1 հեռուստաալիքը իր լսարանին է ներկայացրել տարբեր թեկնածուների քարոզչության ծավալն արտացոլող լուսաբանում։ Քարոզարշավի ժամանակահատվածում լրատվամիջոցը սկսել է «Հարցազրույց» հաղորդաշարը, որը նպատակ ունի հրավիրել բոլոր թեկնածուներին։ Միաժամանակ, Հ1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը իր վարած «Տեսանկյուն» վերլուծական հաղորդման մեջ ցուցաբերել է կողմնակալություն ընդդիմադիր ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, ինչպես նաև որոշ թեկնածուների նկատմամբ։ Երկու հանրային հեռարձակողներն էլ (Հ1-ը և Հանրային ռադիոն) առ այսօր կատարել են բոլոր թեկնածուներին անվճար եթերաժամ տրամադրելու՝ օրենքով սահմանված իրենց պարտականությունները։ Քարոզարշավի մեկնարկից ի վեր, բոլոր թեկնածուների քարոզչական հոլովակները անվճար հիմունքներով ցուցադրվում են ժամը 18։00-ին, որը համարվում է «փրայմ թայմի» սկիզբ։
Ընտրական օրենսգրքի դրույթների համաձայն, հունվարի 31-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) հանրությանը ներկայացրեց իր կողմից իրականացված լրատվամիջոցների մոնիթորինգի առաջին փուլի արդյունքները։ Հանձնաժողովի կողմից իրականացված լրատվամիջոցների մոնիթորինգը ընդգրկում է բոլոր հեռուստա- և ռադիոալիքները և կենտրոնանում է ընտրություններին առնչվող նրանց ծրագրերի քանակական վերլուծության վրա։ Ըստ կարգավորող մարմնի, առ այսօր լրատվամիջոցներին առնչվող բողոքներ չեն եղել։

V. ԲՈՂՈՔՆԵՐ և ԴԻՄՈՒՄՆԵՐ

Փետրվարի 3-ի դրությամբ, ԿԸՀ-ն ստացել է չորս պաշտոնական բողոք։ Ընտրական գրավի վերաբերյալ երկու բողոք է ներկայացրել նախագահի առաջադրված թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը ընտրական գրավի մասով, որոնք մերժվել են այն հիմնավորմամբ, որ ընտրական գրավի չափը սահմանված է Ընտրական օրենսգրքով և հետևաբար ԿԸՀ-ի իրավասությունից դուրս է։ Մյուս երկու բողոքները մերժվել են ըստ էության։
Մեկ այլ դեպքում, թեկնածու Արման Մելիքյանը դիմել է ԿԸՀ երկքաղաքացիություն ունեցող քաղաքացիների թվի և ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձանց մասին տվյալներ տրամադրելու խնդրանքով։ Դիմումը փոխանցվել է ԱՎՎ, որն էլ տրամադրել է դիմողին պահանջվող տվյալները։ Վարչական դատարանը ստացել է հինգ բողոք նախագահի առաջադրված թեկնածուներ Գարեգին Ղազարյանից, Մարտիկ Սարգսյանից, Ռոբերտ Սիմոնյանից, Նարինե Մկրտչյանից և Ռուբեն Այվազյանից։ Երկու բողոքներում վիճարկվել են ընտրական գրավի առնչությամբ ԿԸՀ-ի որոշումները թեկնածուների գրանցման վերաբերյալ։ Երկու այլ դեպքերում, հայցվորները պնդել են, որ ԱՎՎ-ի՝ հանրապետությունում վերջին տաս տարվա ընթացքում մշտապես բնակության տեղեկանքի տրամադրման մերժումը պատշաճ չի եղել։ Բոլոր բողոքները մերժվել են ընդդատության բացակայության հիման վրա կամ գործն ըստ էության քննելու արդյունքում։ Որոշումները հրապարակված են պաշտոնական կայքում։ Ըստ օրենքի, Վարչական դատարանի որոշումները վերջնական են։ Մի դեպքում, հայցվորը իրավունք է ունեցել Վարչական դատարանի միջանկյալ որոշումը հայցը վարույթ չընդունելու մասով բողոքարկել Վարչական վերաքննիչ դատարան։ Այս դատարանի կողմից ընտրություններին առնչվող գործերը քննելու հատուկ ժամկետներ չկան։ Սահմանադրական դատարանը ստացել է նախագահի առաջադրված թեկնածուներից երկու բողոք ընտրական գրավի վերաբերյալ։ Երկու գործն էլ չեն ընդունվել վարույթ։
Գլխավոր դատախազությունը տարածել է թռուցիկներ՝ հորդորելով քաղաքացիներին զեկուցել ընտրակաշառքի դեպքերի մասին՝ առանց քրեական հետապնդման մտավախության, իսկ ոստիկանությունը բաժանել է ոստիկանների համար նախատեսված ուղեցույց ընտրությունների հետ առնչվող նրանց լիազորությունների վերաբերյալ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն տեղեկացվել է երեք բողոքների մասին, որոնք ներկայացվել են Գլխավոր դատախազություն։ Ի լրումն, ոստիկանությունը հետաքննում է գործող նախագահի նախընտրական շտաբի հետ կապված ընտրակաշառքի հնարավոր մեկ գործ։ Այդ գործին առնչվող տեղեկությունները տեղադրվել են Գլխավոր դատախազության կայքում։

VI. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Զեկույցը նախապատրաստելու ժամանակահատվածում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն շարունակել է իր կանոնավոր գործունեությունը, հանդիպել է պաշտոնական անձանց, բոլոր գրանցված թեկնածուների, կուսակցությունների ներկայացուցիչների, ընտրությունների կազմակերպիչների, դատական պաշտոնյաների, լրատվական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև դիվանագիտական առաքելությունների հետ։ Ամբողջ երկրի տարածքում տեղաբաշխված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդները շարունակում են հետևել մարզերում ընտրությունների նախապատրաստմանը և քարոզարշավին, ինչպես նաև նախապատրաստվում են տեղաբաշխել կարճաժամկետ դիտորդներին։ Դիվանագիտական ներկայացուցիչների և Հայաստանում Հանրապետությունում գրանցված միջազգային կազմակերպությունների համար հունվարի 24-ին կազմակերպվել է ճեպազրույց։ ԸԴԱ-ն նաև հանդիպել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Միջազգային քարտուղարության անձնակազմի հետ։

Նախորդ հոդվածը‘Մոսկվայի Կարմիր հրապարակում անհայտ տղամարդն ինքնահրկիզվել է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ-ը փետրվարի 23-ին արտահերթ համագումար կհրավիրի’