‘Եգիպտացիները Harlem Shake են պարել՝ ի նշան Մուրսիի դեմ բողոքի’

673

Կահիրեում, «Մուսուլման եղբայրների» կենտրոնակայանի մոտ, եգիպտացի ցուցարաները պարել են Harlem Shake երգի հնչյունների տակ՝ ի նշան երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիի վարած քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ ֆլեշմոբին մասնակցել են գրեթե 400 երիտասարդներ, որոնք վանկարկել են հակաիսլամիստական կարգախոսներ և պահանջել են նախագահի հրաժարականը: Գրասենյակի շենքը պաշարված է եղել ոստիկանության ուժեղացված ջոկատներով, սակայն ակցիան խաղաղ ավարտ է ունեցել: Ինչպես նշում է AP-ն, ակցիայի ժամանակ «Մուսուլման եղբայրների» կենտրոնակայանում գտնվող աշխատակիցները փակել են մուտքի դռները և հանգցրել շենքի լույսերը: 

Harlem Shake-ը, որ ձայնագրել է Baauer կեղծանվամբ երգիչը, ժողովրդականություն է ձեռք բերել 2013 թ. փետրվարին՝ ինտերնետում տեղադրված հազարավոր տեսաերիզների շնորհիվ: Եգիպտոսից բացի՝ հակակառավարական ցույցերի մասնակիցներն իրենց ակցիաներում Harlem Shake-ն օգտագործում են նաև արաբական աշխարհի այլ երկրներում: Օրինակ, Թունիսի ընդդիմությունը նախատեսել է մարտի 1-ին հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ այդ պարը կատարել երկրի կրթության նախարարության շենքի  մոտ՝ ի նշան իշխանությունների վարած քաղաքականության դեմ բողոքի, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել մյանմարցի թմրաբարոնը’
Հաջորդ հոդվածը‘Դեւիդ Բեքհեմ. Մանչեսթերում կայանալիք հանդիպումը Կրիշտիանու Ռոնալդուի համար առանձնահատուկ կլինի’