‘
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը փաստում է ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու ջանքերի առկայությունը, բայց մտահոգված է ընդհանուր հետաքրքրության եւ գործընթացի նկատմամբ վստահության բացակայությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից:
Դրանում նշվում է, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախընտրական մթնոլորտը ուսումնասիրելու նպատակով հունվարի 17-ի Հայաստան այցելած ԵԽԽՎ պատվիրակությունը ողջունել է Հայաստանի իշխանության ջանքերը՝ ընտրությունները միջազգային չափանիշներին լիովին համապատասխան անցկացնելու ուղղությամբ: Այնուամենայնիվ, պատվիրակության մտահոգության կարեւոր տարրերից է շարունակում մնալ ընտրողների ցուցակներում առկա էական անճշտությունները, քանի որ ճշգրիտ ցուցակները ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է:
Առայժմ բաց է մնում արտասահմանում բնակվող հայաստանցիների ընտրության իրավունքի հարցը: Պատվիրակության անդամները հիասթափությամբ նշել են, որ այս հարցի շուրջ հրատապ լուծում ապահովելու՝ նախկինում տրված խորհուրդները հաշվի չեն առնվել:
ԵԽԽՎ պատվիրակները նշել են նաեւ, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ լայն հասարակայնությունն ընտրական գործընթացի վերաբերյալ ոչ հետաքրքրություն, ոչ վստահություն չի ցուցաբերում: Դա լուրջ մտահոգություն է հարուցում՝ հաշվի առնելով, որ հիմնական քաղաքական կուսակցությունները, որոնցից մեծ ակնկալիք կար, որ նախագահի թեկնածու կառաջադրեն, որոշել են այդ չանել՝ ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բացակայության պատճառով:
Այդ որոշումը նեղացրել է ընտրության շրջանակը` հանգեցնելով առավել ցավալի իրողության, քանի որ ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության եւ անվստահության մթնոլորտի պատճառով: Պատվիրակությունը շեշտել է, որ պետք է վերականգնվի քաղաքացիների վստահությունն առ այն, որ ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն ժողովրդավարական զարգացման տեսանկյունից:
ԵԽԽՎ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ այն հարցերը, որոնք բարձրացվել են 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցի մեջ, մասնավորապես, ընտրողների ահաբեկման եւ վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման դեպքերը, հաշվի կառնվեն այնպես, որպեսզի բացառվի նման պրակտիկան: Հույս է հայտնվել նաեւ, որ բոլոր թեկնածուներին հավասար չափով ԶԼՄ-ներում լուսաբանվելու հնարավորություն կտրվի:
Պատվիրակությունը ողջունել է ԶԼՄ-ների ազատությունների ընդլայնումը եւ հույս է հայտնել, որ հավասարակշռված լուսաբանման միջոցով ընտրողները հնարավորություն կունենան գիտակցված ընտրություն կատարելու:
Պատվիրակությունը նաեւ նշել է 2011-ին ընդունված նոր Ընտրական օրենսգրքում ամրագրված իրավական բարեփոխումները՝ միաժամանակ ընդգծելով, որ Օրենսգրքի արդար եւ պատշաճ կիրառումը նույնքան կարեւոր է, որքան ինքը՝ Օրենսգիրքը:
Հաղորդագրությունում նշվում է, որ ԵԽԽՎ պատվիրակությունը Երեւան է ժամանել ԱԺ նախագահի հրավերով: Պատվիրակության անդամները հանդիպել են նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ԱԳ նախարարի, ԱԺ նախագահի, ԿԸՀ նախագահի, ոստիկանության պետի, գլխավոր դատախազի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամների եւ Երեւանում հավատարմագրված դիվանագետների հետ:
ԵԽԽՎ պատվիրակությունն իր հետեւություններն ու խորհրդատվությունը Վեհաժողովին կներկայացնի Ստրասբուրգում ապրիլին կայանալիք նստաշրջանի ընթացքում:
Լուսանկարը՝ Panorama.am-ի
‘