‘
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղեկություն տարածվեց, որ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է ևս մեկ թեկնածու՝ անկուսակցական Արման Խաչատրյանը: Ավելի վաղ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը iLur.am-ին հայտնել էր, որ թիվ 1 և 35 ընտրատարածքներում առաջադրվել են, ընդհանուր առամաբ, երեք թեկնածուներ:
«Ավան համայնքն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում այս պահի դրությամբ առաջադրվել է երկու թեկնածու՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը և Հանրապետական կուսակցությունից Ռոբերտ Սարգսյանը: Իսկ Գյումրու թիվ 35 ընտրատարածքում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Արման Սահակյանը»,- ասել էր Հարությունյանը:
Թիվ 1 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով Կանաչների կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու է առաջադրվել կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Նշենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ անցյալ ամիս ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել էր մանդատից: Ավանը և Նոր Նորք համայնքի մի մասն ընդգրկող ընտրատարածքում առաջադրվել են նաև ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը և «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը:
Նշենք, որ այսօր այս երկու ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն է:
Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունների անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ հանրապետական Ռուբեն Հայրապետյանը «Հարսնաքարի» միջադեպից հետո մանդատը վայր դրեց, իսկ թիվ 35-ից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ:
‘