‘Եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցնում է եւս 131 հազար եվրո փոխհատուցել’

818

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս երկու վճիռ է կայացրել Բյուզանդի փողոցի իրենց տներից 2005 թվականին վտարված երկու ընտանիքների վերաբերյալ` արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է նրանց սեփականության իրավունքը: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 

«Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պետբյուջեից Դանիելյանների ընտանիքին որպես փոխհատուցում պետք է վճարվի 95 հազար եվրո, իսկ «Թունյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Թունյանների ընտանիքի համար սահմանվել է 36 հազար եվրոյի փոխհատուցում», ըստ աղբյուրի՝ ասել է ՄԻԵԴ-ում դիմողների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը: Երկու դեպքերում էլ, ըստ փաստաբանի, այս ընտանիքների սեփականությունը բաժին է հասել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:

Այսպիսով` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ԵԴ-ի կայացրած վճիռների թիվը հասավ 47-ի: 32 վճիռ, ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, կայացվել է 2007-ի ապրիլից մինչեւ այս տարվա հունվարի 13-ը, որոնցով Հայաստանը շուրջ 193 հազար եվրոյի փոխհատուցում է վճարել դիմումատուներին: Իսկ 15 վճիռ, Վահե Գրիգորյանի տրամադրած տեղեկությունների համաձայն, կայացվել է տարեսկզբից մինչ օրս: Ընդ որում այս տարի կայացված վճիռներով սահմանված գումարի ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ 4 տարիներին: Փաստաբանի տրամադրած տեղեկատվության համաձայն, խոսքը մոտ 273 հազար եվրոյի մասին է: Այսինքն, 2007-ից ի վեր, երբ ԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, Հայաստանը ընդհանուր մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտմամբ համար ընդհանուր առմամբ տուգանվել է մոտ 466 հազար եվրոյով: Այս գումարը վճարվում է պետական բյուջեից: 

Հայաստանի քաղաքացիները ՄԻԵԴ են հասնում են ներպետական դատական ատյանների կայացրած վճիռների հետ չհամաձայնվելու դեպքում: «Ազատություն»-ը փորձել է ճշտել՝ մինչ այժմ որեւէ դատավոր կարգապահական, քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է կամ ռեգրեսիվ հայցով փոխհատուցե՞լ է Հայաստանի պետբյուջեին հասցված վնասը իր կայացրած դատավճռի համար, որը բողոքարկվել է ԵԴ-ում եւ ճանաչվել է քաղաքացու իրավունքի խախտումը: Հայաստանի Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ «դատավորի պատասխանատվության մասին խոսելն այդ պարագայում հիմնազուրկ եւ իրավազուրկ է», քանի որ նրանք գործել են օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե այս կամ այն օրենքը հակասել է կոնվենցիային, ապա «դատարանին մեղադրելը պարզապես խելամիտ չէ»: 

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատը Facebook-ից. Արմեն ֆոն Գեւորգյան. «Օրինականության պաշտպանը բացարձակ ապօրինի մի բան է պահանջում» ‘
Հաջորդ հոդվածը‘Կասպշիկը հերքում է. «Ադրբեջանական ԶԼՄ-ները խեղաթյուրել են իմ խոսքերը» ‘