‘Եվրոպան Հայաստանի լրագրողներին եւ ՀԿ-ներին դրամաշնորհներ կհատկացնի ‘

1240

Եվրահանձնաժողովը՝ եվրոպական մի շարք երկրների եւ Շվեյցարիայի հետ միասին ստեղծել է երրորդ երկրներում եւ ԵՄ հարեւան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարության աջակցության հիմնադրամ՝ ԵԺԱՀ (European Endowment for Democracy).

Այդ մասին հայտնում է Газета.ru-ն՝ վկայակոչելով  EUobserver ինտերնետ-հանդեսը: Համաձայն Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրության,  ԵԺԱՀ-ը դրամաշնորհներ կտրամադրի լրագրողներին, բլոգերներին, գրանցված եւ չգրանցված ոչ առեւտրային կազմակերպություններին, արհմիություններին, ինչպես նաեւ քաղաքական (այդ թվում՝ վտարանդի) կազմակերպություններին:

Ըստ աղբյուրի, եվրոպական հիմնադրամը նպատակաուղղված է Ալժիրում, Ադրբեջանում, Բելառուսում, Եգիպտոսում, Լիբանանում, Լիբիայում, Հայաստանում, Մարոկոյում, Մոլդովայում, Վրաստանում, Պաղեստինում, Ուկրաինայում  գործող ժողովրդավարական շարժումներին աջակցելու նպատակով: Ռուսաստանն առայժմ, հիմնադրամի հետաքրքրությունների ոլորտում ընդգրկված չէ:

Հիմնադրամը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների կամավոր վճարների միջոցով: Հիմնադրամի ֆինանսավորման սկզբնական ծավալը 14,2 միլիոն եվրո է: Ակնկալվում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրահանձնաժողովը հիմնադրամին կտրամադրի եւս 10 միլիոն եվրո:  

Ավելի վաղ Եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ հիմնադրամի ֆինանսավորումն ավելի ճկուն կլինի շնորհիվ այն բանի, որ դրա գումարները հավաքվելու են առանձին պետությունների կառավարութւունների կողմից, ոչ թե ԵՄ միասնական բյուջեից, ինչը հղի է բյուրոկրատական բարդություններով: 

Նախորդ հոդվածը‘Սերխիո Ռամոսը որակազրկվեց 5 խաղով. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Իտալացի հնագետները Եգիպտոսում ավելի քան 3000 տարեկան դամբարաններ են գտել ‘