‘«Եվ դու՛, Գագո». Սերժ Սարգսյանը հարկաբյուջետային քաղաքականության շուրջ խորհրդակցություն է հրավիրել ‘

933

Սերժ Սարգսյանն այսօր հերթական խորհրդակցությունն է հրավիրել՝ «իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով»:

Ըստ president.am կայքի, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ:

Սերժ Սարգսյանը ներկաներիուշադրությունն է սեւեռել առկա դրույքաչափերի փոփոխման եւ նոր դրույքաչափերի սահմանման կարգի վրա:

 «Մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում», — ասել է նա:

Սարգսյանը նկատել է, որ որքան պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու:

«Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են և դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում: Այս առումով, պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, որպեսզի կառավարության նիստի ժամանակ երկու հարցի մասին շատ հստակ հայտարարվի: Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին և անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի»,- ասել է Սարգսյանը:

Նա նաեւ հայտարարել է, թե պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. «Եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն և այլն: Բայց եթե իրենք հարկեր չեն տալու, մենք որտեղի՞ց ենք իրենց ֆինանսավորելու: Եվ կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը մեկ, ինչու չէ նաև կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ: Մեզ համար դա էական նշանակություն ունի»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Սերժ Սարգսյանը:

Նա խոսել է նաև ֆինանսների նախարարության և ՊԵԿ համատեղ հանձնաժողովի անկախության բարձրացման կարևորության մասին, որպեսզի «լավագույնս պաշտպանվեն հարկատուների իրավունքները»: 

 

Նախորդ հոդվածը‘Կռիլյա Սովետով» — «Կրասնոդար»՝ 2:2. Մովսիսյանի 9-րդ գոլը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ընտրությունն ավարտվեց. ընդդիմությունն ահազանգում է ոստկանության միջամտության մասին ‘