‘Երբ սկզբունքը դառնում է ապրանք’

2949

Ցանկացած մարդու բնութագրում, կերպարում որոշակի տեղ է գրավում սկզբունքներ դավանելու հանգամանքը։ Պարտադիր չէ, որ դա բոլորի համար լինի առաջնային, թիվ մեկ բնութագրիչը։ Բայց կան բնագավառներ, որոնք թելադրում, պայմանավորում են սկզբունքի՝ որպես բնութագրիչի առաջնայնությունը։ Կամ՝ մարդ անհատն ինքն է հասարակական որոշակի ճանաչման ու համարման հասնում՝ որպես առաջնային հատկանիշ ներկայացնելով իր սկզբունքները։ Խնդիրն այն չէ, որ մարդն ի սկզբանե կարող է կեղծել՝ հայտարարելով կամ ցուցադրելով իր դավանած այս կամ այն սկզբունքը։ Խնդիրն այն է, որ, ինչպես ի սկզբանե կեղծելու, այնպես էլ չկեղծելու պարագայում, երբ տվյալ անհատը ինչ-որ պահի որպես ապրանք ծախում է իր «սկզբունքները», նա, ըստ էության, կորցնում է այն արժեքն ու կերպարը, ինչն ունեցել կամ ինչով հայտնի է եղել մինչ այդ։ Եւ այդ փաստով ու այդ պահից նա դառնում է մինչ այդ հայտնի կամ հասարակայնորեն ընդունված իր կերպարի հակապատկերը։ Սա ծանր դեպք է, եւ ամենեւին պատահական չէ, որ «դավաճանել» բառով կազմված երեք-չորս ամենատարածված արտահայտություններից մեկը «սկզբունքներ» բառի հետ է՝ «դավաճանել սկզբունքներին»։

Քաղաքական կյանքը, հատկապես իր շիկացման պահերին, երբ օրակարգում ոչ միայն իշխանափոխության խնդիր է դրված, այլեւ իշխանափոխության իրական հնարավորություն է ստեղծվել, պարզվում է, այն կատալիզատորներից մեկն է, որը պարզում է շատերի «սկզբունքայնության» աստիճանն ու կշիռը։ Հիմա, ահա, այդպիսի մի շրջան է, եւ օրինակները, բնականաբար, եզակի չեն։ Սակայն ստորեւ կանդրադառնանք միայն երեք ցայտուն դեպքի՝ մեկական շտրիխով։

Մանվել Գրիգորյան

Ազատամարտիկ, երկրապահ, գեներալ, պատգամավոր։ 1988-89-ից  եւ հետո Ղարաբաղ եւ Հայաստանի սահմանամեձ շրջաններ կամավոր գնացող հազարավոր ազատամարտիկները կամ երկրապահները, բնականաբար, միմյանցից շատ տարբեր մարդիկ էին։ Բայց նաեւ նույն քայլն անելու՝ ազատամարտի գնալու համար նրանք մի ընդհանրություն պիտի ունենային։ Ու այդ ընդհանրությունն այլ բան լինել չէր կարող, քան որոշակի մի սկզբունքի ընդհանրությունը։ Կա՛մ պիտի ունենային, կա՛մ պիտի ձեւացնեին ու փորձեին ապացուցել։ Այս դեպքում նույնիսկ կարեւոր չէ, թե ինչպես կկոչենք այդ սկզբունքը, պայմանականորեն ասենք՝ «ժողովրդի համար»։ Կարեւորն այն է, որ նույնական ադ սկզբունքի թելադրանքով նրանք գնացել են՝ իրենց վտանգի ենթարկելով նույն գործն անելու՝ արտաքին վտանգից երկիր պահելու, ապահովելու Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի ազատությունն ու անվտանգությունը։ Եւ բոլորն անխտիր արժանացան երախտագետ ժողովրդի սիրուն ու գորովանքին։ Ոմանք՝ արժանացան նաեւ շքանշանների, ոմանք՝ նաեւ գեներալական կոչումների, ոմանք էլ՝ դրա հետ միասին նաեւ պատգամավորական մանդատի։

Մնո՞ւմ են գեներալ Մանվելի այդ սկզբունքները։ Բերենք միայն մի փաստ, որն արդեն իսկ անհնար է դարձնում այդպես մտածել։ Իրենց համար առաջնային՝ «ժողովրդի համար» նույն սկզբունքը դավանողները պատերազմից հետո համախմբվեցին Երկրապահների միությունում։ Եւ այդ միությունը արդեն շուրջ 15 տարի ղեկավարում է գեներալ Մանվելը։ Հազարավորներից քանի՞ մարդ է մնացել նրա կողքին։ Երկրապահի «կոմսոմոլը», այսինքն՝ նրանք, ովքեր տարիքի բերումով չէին կարող անգամ վառոդի հոտ առած լինել, շուտով կկազմեն այդ կազմակերպության 95 տոկոսը։ Իսկ որտե՞ղ են իրական, կռված, վաստակած երկրապահները։ Նրանք իրենց նախնական ու հիմնական՝ «ժողովրդի համար» սկզբունքին հավատարիմ, դարձյալ հազարներով, Ազատության հրապարակում են՝ փրկելու համար նույն այդ ժողովրդին այս անգամ ավազակապետական ռեժիմի ճիրաններից։ Եւ որտե՞ղ է ու ինչով է զբաղված գեներալ Մանվելը։ Նա ոչ թե ժողովրդի, այլ ռեժիմի կողքին է եւ քամահրանքով խոսում, քննադատում է այն մարդկանց, ովքեր առաջնորդում են այդ ժողովրդին՝ մի բան, որ հաստատ՝ պակաս վտանգավոր չէ, քան արտաքին թշնամու դեմ կռիվ տալը։ Ո՞վ է դավաճանել իր առաջնային, բնութագրիչ սկզբունքին՝ հազարավոր երկրապահ ազատամարտիկնե՞րը, թե՞ գեներալ Մանվելը։

Արամ Սարգսյան

Սկզբունքն ու սկզբունքայնությունը՝ որպես բնութագրիչ, բնականաբար, առաջնային են նաեւ քաղաքական բնագավառում։ Այստեղ, թերեւս, շատ ավելի ցայտուն օրինակներ կարելի է բերել՝ ինչպես դրական, այնպես էլ հակառակ դեպքերի համար։

Արամ Սարգսյանը բացասական դեպքերից է։ Սակայն այստեղ եւս չենք տրվի մի քանի օրինակներ բերելու գայթակղությանը ու կբավարարվենք միայն մեկով։

Որպես կուսակցության ղեկավար՝ նրա քաղաքական համարման բարձրակետերը գրանցվեցին, երբ 2003-2004-ին, ապա 2007-ից միացավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարին։ Ենթադրելի էր, որ միացավ՝ դավանելով այն սկզբունքներին, ինչի մասին տասնյակ անգամներ ինքն է բարձրաձայնել՝ վերջ տալու այն ռեժիմին, «որի օրոք չի բացահայտվի Հոկտեմբերի 27-ը», եւ որի պայմաններում «երկիրը գնում է կործանման»։

Հետո՞ ինչ եղավ։ Հետո, հայտնի «Հարսնաքարի» ողբերգական դեպքից՝ մարդասպանության փաստից հետո հայտարարեց, որ Նեմեց Ռուբոն «իր ընկերն է»։ Հետո, երբ սկիզբ առավ նույն՝ «Հոկտեմբերի 27-ը պարտակող» եւ «երկիրը կործանման տանող» վարչախմբի դեմ քաղաքական հզոր ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության գաղափարն ու հնարավորությունը, դրան հակադրվելու եւ Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու դիմաց Նեմեց Ռուբոն «ընկերաբար» նրան խոստացավ Ծառուկյանից խլել ու նրան տալ Արարատի ցեմենտի գործարանը։ Եւ սկզբունքներն ու սկզբունքայնությունը տեղի տվեցին։ Հիմա բոլորովին այլ է Արամ Սարգսյանի հասարակական կերպարը, ինչի առարկայական արդյունքներից մեկն էլ այն է, որ իր ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունից 7-8 հոգի են մնացել իր կողքին։

Ազատ Արշակյան

Սա ավելի օրիգինալ դեպք է։ Այն քչերից մեկն է, որ սկզբունքների ու սկզբունքայնության պատճառով դիսիդենտ ու քաղբանտարկյալ է դարձել դեռ կոմունիստական իշխանության տարիներին։ Հետո, արդեն ազատ Հայաստանում մտավ նորմալ քաղաքական ասպարեզ, հիմնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, մաս կազմեց առաջին ժողովրդավար իշխանության։ Թվում էր՝ սկզբունքի ու սկզբունքայնության գիծը անխաթար շարունակվում է։ Հետո…

Այստեղ էլ, սակայն, չգայթակղվենք տարբեր օրինակներով եւ բավարարվենք միայն մեկով։ Ազատ Արշակյանը, որ իր սկզբունքներից ելնելով՝ ժամանակին մարտահրավեր էր նետել կոմունիստական հզոր իշխանությանը, իր սկզբունքների իրականացման համար ստեղծած Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը ծախեց…. Ծախեց՝ «ամենաքյարթու» կոմունիստներից մեկին՝ Խոսրով Հարությունյանին։ Այս փաստից հետո, իսկապես, ոչ լրացուցիչ օրինակների ու մեկնաբանությունների կարիք կա, ոչ էլ անհրաժեշտություն՝ բացատրելու համար այսօր ընդդեմ համաժողովրդական շարժման գործելու ու ռեժիմի կողքին կանգնած լինելու նրա վարքագիծն ու դրդապատճառները։

Գագիկ Խաչատրյան

Նախորդ հոդվածը‘Պատգամավոր. Պաշտոնայներին կարող եմ առաջարկել փոխել վարդագույն ակնոցները ‘
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. խաղային օրվա համառոտ ազդագիր’