‘«Երկաթյա տրամաբանության» մրցանակաբաշխություն (լրացված)’

1726

«ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ

«ՉԻ»-ն հայտարարում է մրցանակաբաշխություն Լ. Տեր-Պետրոսյանի հիշատակած 18-րդ դարի անեկդոտի «երկաթյա տրամաբանության» թեմայով։ Հիշեցնենք այդ անեկդոտը. «Մի հավատավորի հարցնում են. – Որտեղի՞ց գիտեք, որ ձեր քահանան խոսում է Աստծու հետ։ – Ինչպե՞ս թե որտեղից, ինքն է ասում։ – Իսկ ի՞նչ գիտեք, թե ճիշտ է ասում։ – Լսեք, ինչպե՞ս կարող է Աստված խոսել ստախոսի հետ» («ՉԻ», 25.12.2012)։

 

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.

1.  Ընթերցողները հրապարակման համար «ՉԻ»-ի խմբագրություն են ներկայացնում նման տրամաբանության իրենց տարբերակները։

2.  50-րդ արձագանքի հրապարակումից հետո խմբագրակազմն ընտրում է լավագույն տարբերակը եւ նրա հեղինակին պարգեւատրում թերթի մեկ տարվա բաժանորդագրությամբ»։

 

Ընթերցողի հարմարության նկատառումով անեկդոտները ներկայացնում ենք հակառակ հերթականությամբ: Նոր անեկդոտները ներկայացվում են կապույտ գույնով:

 

 

52. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. «Այսօր Թուրքիան արագ զարգացող եւ մեծ առաջընթաց արձանագրող պետություն է, բայց այդ ընթացքը միշտ թերի է լինելու, եւ կանխատեսելի է դրա դրամատիկ ընդհատումը, եթե Թուրքիայի իշխանությունը լրջորեն չվերանայի իր վերաբերմունքը իր պետության եւ ժողովրդի պատմությանը» (16.01.2013)։

Անտիթեզ. «Հայաստանի Հանրապետության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն … ունի նաեւ անվտանգության նշանակություն։ Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված» (նույն տեղում)։

Սինթեզ.  Սերժի այս հանճարեղ դատողություններից հնարավոր է բխեցնել միայն հետեւյալ եզրակացությունները.

ա) Եթե թուրքական իշխանությունները չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա Թուրքիայի առաջընթացը դրամատիկ վախճան կունենա, այսինքն Թուրքիան կկործանվի (էլ մեզ ի՞նչ է պետք)։

բ) Եթե թուրքական իշխանությունները չճանաչեն Հայոց ցեղասպանությունը, ապա Հայաստանի ապահովությունը վտանգված կլինի, այսինքն Հայաստանը կկործանվի (էլ Թուրքիայի՞ն ինչ է պետք)։

գ) Ստացվում է, որ Հայոց ցեղասպանության չճանաչումը մի դեպքում ձեռնտու է Թուրքիային, իսկ մյուս դեպքում՝ Հայաստանին, այսինքն վերջին հաշվով ձեռնտու է երկուսին էլ։

դ) Հետեւաբար, քանի որ գտնվել է գոնե մի հարց, որը բխում է երկու կողմերի շահերից, նշանակում է՝ ի փառս Սերժի ֆուտբոլային դիվանագիտության հայ-թուրքական հաշտությունն արդեն կայացած կարելի է համարել։

               

***

 

51. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

Թեզ.    Քաղաքականության մեջ մշտապես իմ երկաթյա հավատամքը եղել է. «Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել վերջինը լինելու պատրաստակամությամբ»։

Անտիթեզ. Անցած խորհրդարանական ընտրությունների ցուցակը կազմելիս ես մի պահ այդ մասին մոռացել էի եւ հայտնվեցի այնպիսի տեղում, որ դարձա պատգամավոր։

Սինթեզ. Ինչպես հայտնի է՝ ցրվածությունը, մոռանալը աշխարհի մեծերի «հիվանդությունն» է։  Այնպես որ՝ դա ոչ թե սկզբունքից շեղվել է, այլ իմ հանճարեղության ապացույցն է։

 

 

***

50. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Թեզ. «Կարծում եմ՝ առանց Թուրքիայի անկեղծ ապաշխարանքի եւ Ցեղասպանության հետեւանքների վերացման, տարածաշրջանում Հայաստանի ապահով գոյությունը շարունակելու է մնալ վտանգված» (16.01.2013)։

 

Անտիթեզ. Դժվար է պատկերացնել, թե որեւէ մեկն ի զորու է բացատրել «Ցեղասպանության հետեւանքների վերացում» հասկացության խորախորհուրդ իմաստը։

 

Սինթեզ. Մնում է ապավինել Սերժ Սարգսյանի յուրահատուկ մենթալիտետին, որի համաձայն՝ դա կարող է նշանակել միայն հետեւյալը. ա) վերակենդանացնել Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերին. բ) նրանց, ինչպես նաեւ Եղեռնից մազապուրծ եղած ու այլուր ապաստանած վտարանդիներին վերաբնակեցնել իրենց հայրենի բնակավայրերում. գ) վերակառուցել հայերին պատկանած բոլոր քանդված տներն ու հասարակական շինությունները. դ) վերականգնել Ցեղասպանությունից տուժած բոլոր հայերի սեփականատիրական, գույքային եւ այլ իրավունքները. ե) եւ վերջապես, ի կատարումն Սեւրի դաշնագրի պահանջների, Թուրքիայի արեւելքում ստեղծել անկախ հայկական պետություն՝ պրեզիդենտ Վիլսոնի գծած սահմաններով։ Միայն այս դեպքում է, որ Ցեղասպանության հետեւանքները կարելի է լիովին վերացած համարել, այլապես Սերժի ձեւակերպումը, անհեթեթությունից կամ զառանցանքից բացի, այլ բան չի կարող նշանակել, ինչպես նրա նույն ելույթում տեղ գտած մտքի հետեւյալ գոհարները. «Պետական կառավարման ողջ համակարգը անհրաժեշտ է համախմբել մեր Զինված ուժերի շուրջ», «ոչ մի օտար պարտավոր չէ լինել ավելի հայ, քան մենք ենք» եւ այլն։

 

 

***

  

49. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

 

Թեզ. «Փաստարկների բացակայության պայմաններում այլ բան չի մնում, քան … այլ տեսակետ ունեցողներին եւ ընդդիմախոսներին պիտակավորելը եւ «խառնակիչներ» ու «գործակալներ» անվանելը» (Առավոտ. 17.01.2013)։

 

Անտիթեզ. Հասկանալի է, որ սա պատասխանն է ՀՀՇ վերջին համագումարում Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի այն հատվածի, որում, այսպես կոչված, արեւմտամետների եւ ռուսամետների մոտիվացիան ու կողմնորոշումը ոչ այնքան արժեքային կամ քաղաքական, որքան գործակալական են համարվում (22.12.2012)։

 

Սինթեզ. Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքին, որ իրենց արեւմտամետ կամ ռուսամետ համարող հայաստանյան բոլոր «քաղաքական գործիչների» շարքում Դավիթ Շահնազարյանը միակն է, ով իր վրա է վերցրել Տեր-Պետրոսյանի «գործակալական կողմնորոշում» ակնարկը։ Իսկ քանի որ դա Ֆրեյդի ուսմունքի՝ ենթագիտակցությանը վերաբերող բաժնի համաձայն, ինքնին արդեն ինչ-որ բան նշանակում է, ուստի կարծում ենք, որեւէ այլ բան ավելացնելու կարիք չկա։


***


48. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ.  «Մեր անվտանգության համար գլխավոր սպառնալիք է մնում Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց, ֆաշիստական, ռազմատենչ քաղաքականությունը» (16.01.2013)։

Անտիթեզ. «Անվերադարձ անցել են այն ժամանակները, երբ հայ ժողովուրդը ստիպված էր բարբարոսներից պաշտպանվել ինչով կարող էր։ ….Մեր կեցվածքը մարմնավորում է ազատության հաղթանակը բռնության ու վայրենության հանդեպ» (նույն տեղում)։

Սինթեզ. Հետաքրքիր վիճակ է ստեղծվում. մի կողմից Սերժ Սարգսյանը սաստիկ վրդովվում է ադրբեջանցիների վարած հայատյաց ու ֆաշիստական քաղաքականությունից, մյուս կողմից, հավատարիմ իր հոգեւոր հոր ցեղապաշտական ուսմունքին, ադրբեջանցիներին փաստորեն բարբարոս ու վայրենի է համարում։ Ո՞րն է, ուրեմն, այս հարցում Սերժի եւ Ալիեւի տարբերությունը. թե՞ ինչ որ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ ցուլին։

 

 

***

 

 47. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Համակիրներից շատերը Նիկոլին խստագույնս դատապարտեցին, որ նա ընդամենը մեկուկես տարի առաջ երկխոսությունը համարել է Կոնգրեսի ամենամեծ ձեռքբերումը, որի շնորհիվ ազատ են արձակվել քաղբանտարկյալները, վերանվաճվել է Ազատության հրապարակը եւ վերաբացվել է մարտի 1-ի գործը, իսկ այսօր նույն այդ երկխոսությունը համարում է Կոնգրեսի ամենախոշոր սխալներից մեկը։

Անտիթեզ. Նիկոլը սառնասրտորեն ու առանց շիկնելու պատասխանեց, որ մեկուկես տարի առաջ էլ երկխոսությունը ներքուստ սխալ է համարել, բայց քանի որ այդ հարցի շուրջ Կոնգրեսում կոնսենսուս է եղել, նպատակահարմար չի համարել բացահայտորեն խոսել դրա մասին։

Սինթեզ 1. Նիկոլն, ինչպես իր գործածած այլ օտար բառերի դեպքում (Realpolitik, ground zero, ladies and gentlemen եւ այլն), չի հասկացել consensus բառի իմաստը, որը լատիներենում նշանակում է ոչ այլ ինչ, քան «համաձայնություն» կամ «միաձայնություն»։ Եթե հասկացած լիներ, ապա ներքուստ երկխոսությանը համաձայն չլինելով, կարող էր Կոնգրեսի քաղխորհրդում իր ներկայացրած «Այլընտրանք» կազմակերպության անունից դեմ արտահայտվել ու դրանով խափանել կոնսենսուսի կայացումը։

Սինթեզ 2. Եթե ներքուստ անհամաձայն լինելով հանդերձ, Նիկոլն այն ժամանակ տասնյակ հոդվածներով կրքոտ կերպով պաշտպանել ու գովերգել է երկխոսության գաղափարը, ապա նա, ըստ էության, զուտ ներկուսակցական կարգապահությունը չխախտելու նկատառումով պարզապես լկտիաբար խաբել է ժողովրդին՝ այն ժողովրդին, որի հանդեպ ինքն է, որ շարունակ պահանջում է անկեղծ ու թափանցիկ լինել։ Սա էլ, ահա, նրա անկեղծությունն ու թափանցիկությունը։

Սինթեզ 3. Իրականում մեկուկես տարի առաջ Նիկոլն ամենայն անկեղծությամբ եւ լիակատար համոզմունքով հավատացել է երկխոսության անհրաժեշտությանը եւ առավել քան Կոնգրեսի ղեկավարներից որեւէ մեկը հիմնավորել է նրա կարեւորությունը, քանի որ այն ժամանակ ազնվաբար առաջնորդվել է Կոնգրեսը հզորացնելու շահագրգռությամբ։ Իսկ այսօր, Կոնգրեսի շնորհիվ դեպուտատ դառնալուց հետո, Նիկոլն այլեւս նրա կարիքը չունենալով, խնդիր է դրել զրոյացնել այն՝ թեկուզ ժամանակին իր իսկ կողմից բարձր գնահատված նրա նվաճումներն ուրանալու գնով։ Ցինիզմն ու մաքիավելիզմն էլ ի՞նչ տեսակ են լինում։

Սինթեզ 4. Նիկոլը որքան իր բազմաէջ հոդվածներով փորձում է արդարացնել իր մեքենայություններն ու ապացուցել սեփական անսխալականությունը, այնքան ավելի է խորանում ու խճճվում հակասականությունների ճահճում։ Դա եղավ Օսկանյանի դեմ ցպահանջ արդարադատություն կիրառելու եւ այժմ, ահա, երկխոսության հարցում, նույնը տեղի է ունենալու նաեւ ԲՀԿ-ին վերաբերող հարցում. այնքան է «ո՛չ ռոբոտացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ դոդացմանը» մանկական թոթովանքը կրկնելու, որ վերջում ինքն է լրիվ ռոբոտանալու, սերժանտանալու ու դոդանալու։


***

 

46. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. «Россотрудничество» գործակալությունը Երեւանում սիրիահայ փախստականների համար ռուսաց լեզվի դասընթացներ է կազմակերպել (ՀԺ. 15.01.2013)։

Անտիթեզ. Դա չէր կարող տեղի ունենալ առանց Հայաստանի կառավարության հավանության։

Սինթեզ.  Ի կատարումն հեղափոխությունից խուսափելու նպատակով արտագաղթը խրախուսելու դիվային ծրագրի, Տիգրան Սարգսյանն, ըստ այդմ, այսօրվանից արդեն սկսել է նախապատրաստվել Հայաստանում ապաստանած սիրիահայ փախստականներին Ռուսաստան տեղափոխելու սուրբ գործին, ինչ է թե նրանք էլ, շուտով անխուսափելիորեն հիասթափվելով հայրենի իշխանություններից, հանկարծ մտքներով չանցկացնեն հեղափոխություն անել։ Հետո ասում են՝ Տիգրան Սարգսյանը ստրատեգիական մտածողություն չունի։

* * *

45. ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

Թեզ. Հարցին, թե ինչու այս ընտրություններում չի առաջադրել իր թեկնածությունը, Քոչարյանը պատասխանել է. «Իշխանության համար պայքարը երկու ղարաբաղցիների միջեւ ինձ համար անընդունելի է» (Mediamax.am. 15.01.2013)։

Անտիթեզ. Նշանակում է, որ եթե հիմնական մրցակիցը հայաստանցի լիներ, Քոչարյանն անպայման կառաջադրեր իր թեկնածությունը։

Սինթեզ 1. Հետո հարցնում են, թե ո՞վ է ազգը բաժանում հայաստանցիների ու ղարաբաղցիների, կամ ո՞վ է սեպ խրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ։

Սինթեզ 2.  Բացի դրանից պարզվում է, որ ոչ միայն Սերժն է նժդեհական ցեղակրոնության հետեւորդ, այլեւ Ռոբերտը, միայն այն տարբերությամբ, որ Սերժը «ցեղակրոն հայը» բանաձեւի, իսկ ավելի նախնադարյան մտածողություն ունեցող Ռոբերտը՝ «ցեղակրոն ղարաբաղցին» բանաձեւի կողմնակից է։

 

* * *

44. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Ես ոչ մի սխալ չեմ գործել եւ իմ հասցեին հնչած որեւէ մեղադրանքի քարը քարին չեմ թողնի։

Անտիթեզ. Սխալվել են միայն ուրիշները, ես կարող եմ մեղադրել ում ուզեմ, ինչպես եւ ինչքան ուզեմ։

Սինթեզ.  (Ոչ բարդ սինթեզը թողնում ենք ընթերցողի խղճին եւ էրուդիցիային)։

 

***

 

43.ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թեզ. Մի քանի ամիս առաջ «Հայկական Ժամանակ» թերթում իրար ետեւից երկու ուշագրավ հոդված տպագրվեց՝ մեկը «Քաղքենին», մյուսը՝ «Կոնֆորմիստը» վերնագրով։

Անտիթեզ. Ընթերցողներից շատերը, սակայն, այդպես էլ չհասկացան, թե կոնկրետ ում մասին էր խոսքը։

Սինթեզ. Այս անհասկացողությունը չէր լինի, եւ ամեն ինչ իր տեղը կընկներ, եթե հեղինակն իր հոդվածներում զետեղեր Արամ Աբրահամյանի լուսանկարը։ Համոզվելու համար ընթերցողին առաջարկում ենք վերընթերցել այդ հոդվածները՝ Աբրահամյանի լուսանկարն աչքի առաջ ունենալով։

 

* * *

42. ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ

Թեզ. Կոնգրեսը պետք է ազատել անդաստիարակ լակոտներից, ովքեր Կոնգրեսի նոմենկլատուրայի ուղղորդմամբ դավաճան են հայտարարում Կոնգրեսը պահած, Կոնգրես դարձրած, բայց ոմանց համար անհաճո կարծիքներ արտահայտող հարյուրից ավելի հերոս քաղբանտարկյալներին (ՀԺ, 15.01.2013):

Անտիթեզ. Լակոտներին դաստիարակելուց առաջ լավ կլիներ Մակեյանն ինքը դաստիարակվեր ու բացահայտ սուտ չխոսեր, որովհետև այդ լակոտները դավաճան են հայտարարել ոչ թե բոլոր քաղբանտարկյալներին, այլ ընդամենը նրանցից մի քանիսին, ովքեր ավազակապետության դեմ պայքարի ամենավճռական պահին, խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ, խառնակչությամբ զբաղվեցին, ճամբարներ փոխեցին ու պառակտեցին Կոնգրեսի ուժերը:

Սինթեզ 1. Իհարկե, չուրանալով քաղբանտարկյալների մեծ դերը Կոնգրեսը պահելու, Կոնգրես դարձնելու գործում, անտեղի չէ Մակեյանին հիշեցնել, սակայն, որ տվյալ գործում ոչ պակաս դեր են խաղացել նաև այդ անդաստիարակ լակոտները, ովքեր, Սարյան պուրակի և Հյուսիսային պողոտայի կանանց հրաշալի թիմի հետ միասին, ակտիվորեն մասնակցել են Կոնգրեսի բոլոր մեծ ու փոքր միջոցառումներին, հանարահավաքներին, նստացույցերին ու երթերին, տասնյակ օրեր ու շաբաթներ անցկացրել են բաց երկնքի տակ, բողոքի հարյուրավոր ցույցեր ու պիկետներ են կազմակերպել ոստիկանության ու դատախազության դեմ, բազմիցս բախվել են ոստիկանների ու քրեական տարրերի հետ, ծեծուջարդ կերել, ոստիկանական բաժանմունքներ քարշ տրվել, աշխատանքից ու համալսարաններից հեռացվել, և այդ ամենն, առաջին հերթին, հենց քաղբանտարկյալների ազատության համար:

Սինթեզ 2. Այսքանից հետո Մակեյանն ինչո՞ւ է զարմանում, որ անդաստիարակ լակոտներն իրենց դավաճանված են զգում՝ տեսնելով Կոնգրեսի որոշ գործիչների քայքայիչ գործունեությունը: Եւ ինչո՞ւ չի զարմանում, որ հենց այդպիսի գործունեության պատճառով նա վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր հավաքած ձայների թվով Կոնգրեսի կողմից առաջադրված թեկնածուների շարքում գրեթե վերջին տեղը գրավեց, ընդ որում՝ հանրապետական թեկնածուին պարտվելով անգամ հայրենի Փանիկ գյուղում, որտեղ ընդդիմադիր թեկնածուն մինչ այդ հաղթել է բոլոր նախորդ ընտրություններում:

 

* * *

41. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. 2011 թ. ամռանը ես ներքուստ դեմ եմ եղել իշխանության հետ երկխոսությանը:

Անտիթեզ. Քանի որ բանտից նոր էի դուրս եկել, համարեցի, որ «կուրսի» չեմ, ստիպված համաձայնեցի՝ կոնսենսուսը չխախտելու համար:

Սինթեզ. Մեկ ամսվա ընթացքում երկխոսությունը հիմնավորող ու գովերգող հոդվածներով ես, փաստորեն, խաբել, ապակողմնորոշել եմ ժողովրդին: Կոնգրեսի ղեկավարությունը պարտավոր է ներողություն խնդրել իմ կատարած այս խաբեության համար:

 

***

40. ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Թեզ. Երկու-երեք տարի առաջ Բագրատյանն ազդարարեց, որ Գեոէկոնոմիկա անունով նոր գիտություն է ստեղծել, և ըստ այդմ՝ հանդիսանում է նրա հայրը:

Անտիթեզ. Որոշ ժամանակ անց նա պատահաբար պարզեց, որ որ այդ գիտությունն ստեղծվել է շուրջ քսանհինգ տարի առաջ, և որ նրա իսկական հայրը իտալացի գեներալ Ժան Կառլոն է համարվում:

Սինթեզ. Ակամայից հայտնվելով խորթ հոր ստորացուցիչ վիճակում՝ Բագրատյանը չհաշտվեց այդ անարդարության հետ և, ի պատիվ իրեն, գտավ մի հանճարեղ լուծում. իր սիրասուն որդու՝ Գեոէկոնամիկա անունը, սրտի խոր կսկիծով, փոխարինեց Մեգաէկոնոմիկա անունով: Ի դժբախտություն Բագրատյանի, սակայն, Մեգաէկոնոմիկան էլ ստեղծվել է վաղուց և, բնականաբար, ուրիշ հայր ունի: Ուստի նրան առաջարկում ենք՝ որդուն նորից վերակնքե՝լ այս անգամ արդեն Կոսմոէկոնոմիկա անունով:

 

***

39. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ-ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Ըստ Արամի՝ ԲՀԿ-ի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ:

Անտիթեզ. Ըստ Նիկոլի՝ ԲՀԿ-ի հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ դուրս եկավ:

Սինթեզ. Այսպիսով՝ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության շուրջ բանավեճը տեղափոխվեց Արամ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հարթություն: Դե հիմի տվեք իրար՝ բառիս բուն և փոխաբերական իմաստներով: Որ նեղն ընկնեք, Դավիթ Շահնազարյանին, Անդրանիկ Քոչարյանին ու Պետրոս Մակեյանին էլ օգնության կանչեք: Մեկ էլ, հա, Նեմեց Ռուբոյին չմոռանաք:

 

***

38. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. «Լեւոն Տեր-Պետրոսյանը ի լուր աշխարհի հայտարարել է, որ կազմաքանդելու է պետական բուրգը», որ «հնարավոր չէ Հայաստանի զարգացումն առանց Ղարաբաղը հանձնելու», եւ որ «ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է»: (10.11.2007)

Անտիթեզ. Լեւոն Տեր-Պետրոսյանն իրականում հայտարարել է, որ «կազմաքանդելու է ավազակապետական համակարգը», որ «Հայաստանը զարգանալու եւ հզորանալու հնարավորություն չունի, քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի խնդիրը», եւ որ «ազգային գաղափարախոսություն հասկացությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, որովհետեւ ժողովրդավարության պայմաններում անհնար է ողջ ազգին համախմբել մեկ միասնական գաղափարախոսության շուրջ: Գաղափարախոսության մենատիրությունը հնարավոր է միայն բռնապետության կամ ամբողջատիրության պայմաններում»:

Սինթեզ . Սերժ Սարգսյանն այսպիսով, էլեմենտար ստախոս է: Պետք է ընդունել, սակայն, որ նրա ստախոսությունը հարկադրական է, քանի որ ինչպե՞ս կարող է երեկոյան բարձրագույն ստացած միջակությունը բանավիճել եվրոպական մի շարք համալսարանների դոկտորի հետ՝ առանց վերջինիս խոսքերն աղավաղելու կամ նենգափոխելու:  

***

37.ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ

Թեզ. Մեր կուսակցության փոխնախագահը կողմ է քվեարկել Կոնգրեսի քաղխորհրդի վերջին որոշմանը, որովհետև ինքն ազնիվ մարդ է:

Անտիթեզ. Ես և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը Կոնգրեսի այդ որոշմանը դեմ ենք:

Սինթեզ. Հետևաբար ես ու իմ կուսակցության մյուս անդամները ազնիվ մարդիկ չենք:

 

***

36.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր երկրի միակ պետական գործիչն է, մեծ գիտնական և հիանալի հռետոր: Այս հատկանիշներով առաջնորդ մենք չենք ունեցել և դեռ երկար ժամանակ չենք ունենա» («ՉԻ», 11.01.2011):

Անտիթեզ. «Լևոն Տեր-Պետրոսյանը մեր նորագույն պատմության ամենախարիզմատիկ և խորհրդավոր գործիչներից մեկն է» («ՀԺ», 09.01.2013):

Սինթեզ. Մյուսը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է: Ահա և վերջին շրջանում նրա մեջ եռացող քաղաքական ամբիցիաների, հրապարակախոսական մանիպուլյացիաների և հոգեկան տվայտանքների ողջ գաղտնիքը: Այդպիսի բաներ, տիկնայք և պարոնայք:

 

***

35. ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Թեզ. «Ասեմ ձեզ՝ Արթուր Բաղդասարյան դառնալ բավականին դժվար է: Դա դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել» (Aravot.am):

Անտիթեզ. Սա թերևս միակ դեպքն է, երբ կարելի է լիովին համաձայնել Արթուր Բաղդասարյանի հետ:

Սինթեզ. Արթուր Բաղդասարյան դառնալու համար նախևառաջ պետք է քծնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրան փառաբանող մի ամբողջ գիրք գրել, վերջինիս հրաժարականից հետո պետք է պառկել Ռոբերտ Քոչարյանի տակ ու ԱԺ նախագահ դառնալ, այնուհետև Քոչարյանի կողմից պետք է «ազգի դավաճան» հռչակվել ու հեռացվել այդ պաշտոնից, տարիներ անց իր դեմ մահափորձ նախապատրաստելու համար պետք է մեղադրել Սերժ Սարգսյանին ու վերջինիս կողմից «հաճախորդ» անվանվել, իսկ ի վերջո պետք է դավաճանել սեփական ընտրազանգվածին, ու նույն Սերժի ԱԽՔ դառնալով, մասնակցել մարտի 1-ի նախճիրին, և այս ամենին զուգընթաց, ձեռի հետ է՛լ բիզնեսով ու ընտանեպղծությամբ զբաղվել: Հիրավի երկար ու նաև տառապալից ճանապարհ:

 

***

34. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. «Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշողը միայն ու միայն Արցախի ժողովուրդն է: Բնական ու բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը» (15.12.2012):

Անտիթեզ. Մի կողմ դրած այն իրողությունը, որ այս խոսքերն արտասանողն ինքն էլ մեղքի բաժին ունի Արցախը բանակցություններից դուրս թողնելու տխրահռչակ գործում, հարց է ծագում, թե ինչո՞ւ անցած հինգ տարիների ընթացքում իրեն ՀՀ նախագահ երևակայող այդ թյուրիմացությունը որևէ քայլ չկատարեց իր նշած հարցի շուտափույթ լուծման ուղղությամբ:

Սինթեզ. Ո՞ր ապուշն է, ուստի, հավատալու այսօրվա տված նրա հավաստիացումներին: Իրականում Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար ոչ մի ջանք չի պահանջվում: Ընդամենը Բակոն պետք է հայտարարի, որ Սերժին զրկում է Արցախը ներկայացնելու և նրա անունից խոսելու մանդատից:

 

***

33.ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Թեզ.   Մամուլում հրապարակումներ են եղել առ այն, որ 2012թ. նոյեմբերի 27-ին Սաշիկ Սարգսյանի որդին «Բելաջիո» ռեստորանի տարածքում կրակել ու ոտքից վիրավորել է Խաչատուր Սուքիասյանի եղբորը։

Անտիթեզ. Ոստիկանությունը պարզել է, որ այդ օրը ռեստորանը փակ է եղել եւ հաճախորդներ չի ունեցել, իսկ տեսախցիկներն էլ չեն նկարել։

Սինթեզ. Ոստիկանության հայտարարությունը շատ ավելի համոզիչ ու անառարկելի կլիներ, եթե Վովան պարզած լիներ, որ Սաշիկն ընդհանրապես որդի, իսկ Խաչատուրը եղբայր չունի, մանավանդ որ Երեւանում «Բելաջիո» անունով ռեստորան էլ չկա։

***

32.ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ.   «Հանրապետություն» կուսակցության համագումարում ունեցած իր ելույթում աստվածապաշտ առաջնորդը հայտարարեց. «Արեւմտյան եւ Եվրոպական քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային համակարգերի մաս կազմելը մեզ համար այլընտրանք չունի» («Ժամանակ». 22.12.2012)։

Անտիթեզ. «ԵվրԱզԷՍ-ի եւ ընդհանուր մաքսային միության մեջ մտնելը մենք համարում ենք Հայաստանի համար անթույլատրելի եւ վտանգավոր» (նույն տեղում)։

Սինթեզ 1. Ակնհայտ է, որ ելույթը գրված է ոչ այլուր, քան Երեւանի ամերիկյան դեսպանատանը, ինչի վկայությունն են նաեւ նրա հետեւյալ պնդումները. «Մենք Ղարաբաղի հարցի փոխզիջումային, խաղաղ, Մինսկի խմբի շրջանակներում բանակցային ճանապարհով լուծման կողմնակից ենք», «Հիացած չլինելով հայ-թուրքական արձանագրությունների որոշ դրույթների բովանդակությամբ, դեմ ենք դրանք ԱԺ օրակարգից հանելուն» եւ այլն։

Սինթեզ 2. Գրին-քարտով պարգեւատրելու խոստումից բացի, Ամերիկան Արամին հաստատուն երաշխիքներ է տվել, որ այսուհետեւ, Ռուսաստանի փոխարեն, ինքն է զենքուզինամթերքով, գազով, բենզինով ու միջուկային վառելիքով ապահովելու Հայաստանին, որ մեր դեմ սանձազերծված ագրեսիայի դեպքում իր ողջ հզորությամբ պաշտպանելու է մեզ, ինչպես 2008-ին պաշտպանեց վրացիներին, որ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը ու Ղարաբաղի անկախությունն էլ վրեն։ Տարօրինակը միայն այն է, թե ինչո՞ւ է Արամն այդ երկնապարգեւ երաշխիքները թաքցնում իր պաշտամունքի առարկան հանդիսացող հայ ժողովրդից։

 

 

***

31.ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆ

Թեզ.   «10 տարի առաջ քաղաքական մեր հայտնի դեմքերից մեկին առաջարկել եմ հետեւյալը. պարզից էլ պարզ է, որ չեք կարողանա հաղթահարել իշխանական համակարգի դիմակայությունը, այնպես որ, ճիշտ կլինի խորհեք իշխանական թեկնածուի համար լեգիտիմություն ապահովելու դիմաց նրանից որոշակի, մնայուն բարեփոխումներ կորզել» (ՉԻ. 11.01.2013)։

Անտիթեզ. «Չընդունեց։ Իրեն երեւի հարկավոր էր, որ սեփական սխալների վրա սովորի, ոչինչ, որ այդ ընթացքում քաղաքացիական հասարակության ծիլեր մեռցրեց» (նույն տեղում)։

Սինթեզ. 97 տարի առաջ Նիկոլային խորհուրդ տվի՝ զգույշ մնա Կերենսկուց ու նրա թայֆայից, բայց չլսեց ու կործանեց ցարական կայսրությունը։ 96 տարի առաջ Կերենսկուն ասացի՝ Լենինը գլուխդ ուտելու է, բայց չհասկացավ ու ոչնչացրեց ռուսական դեմոկրատիայի նորաբողբոջ ծիլերը։ 72 տարի առաջ Ստալինին զգուշացրի, որ Հիտլերը հարձակվելու է ԽՍՀՄ-ի վրա, բայց անտեսեց իմ ասածը, եւ միայն ահռելի քանակի զոհերի գնով կարողացավ ուղղել իր սխալը։ 28 տարի առաջ Գորբաչովին հորդորեցի՝ ձեռ քաշի էդ ախմախ գլասնոստ-մլաստնոստից, թե չէ երկիրը վարի կտաս։ Նա էլ ինձ չլսեց ու մի քանի տարուց գոզալ երկիրն իրոք վարի տվեց։

 

 

***

30. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ԵՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ

Թեզ.   Ամիսներ առաջ, Կոնգրեսի ու Լեւոնի դեմ հաչացնելու համար, Սերժն իր գլխավորած խմբակցության կազմում ընդգրկեց Արտաշես Գեղամյանին, Խոսրով Հարությունյանին եւ Հայկ Բաբուխանյանին։

Անտիթեզ. Իսկ օրերս նշված անձինք պաշտոնապես հայտարարեցին, որ երկուական հոգուց կազմված իրենց կուսակցությունների հոծ զանգվածներով նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանին։

Սինթեզ. Սա, անտարակույս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ կնքված ամենաթափանցիկ ու արդար քաղաքական գործարքը պետք է համարել։

 

 

***

29. ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեզ. Հայաստանն աննորմալ երկիր է:

Անտիթեզ. Պատմության կեղծարարությունը նորմալ երևույթ չէ:

Սինթեզ. Աննորմալ երկրում ոչ նորմալ երևույթը բնական բան է:

 

 

***

28.ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Շատ-շատերը, մանավանդ իմ ամենամոտիկ ընկերները, ինձ խստագույնս քննադատեցին Վարդան Օսկանյանին հաշվեհարդարի ենթարկելու և երկխոսության վերաբերյալ կարծիքս փոխելու առթիվ:

Անտիթեզ. Շատերը չէ, միլիոններն անգամ եթե քննադատեն, ես իմ լավաշ հոդվածներով բոլորին կջախջախեմ ու կապացուցեմ իմ ճշմարտացիությունը:

Սինթեզ. Մարդկանց էշի տեղ դնելու այս մեթոդը քաղաքականության մեջ կոչվում է սադոյանիզմ, թղթախաղում՝ շուլերություն, հոգեբանության մեջ՝ հետին թվով ռացիոնալիզացիա, իսկ հոգեբուժության մեջ…

 

***

27. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թեզ. Քսան տարի առաջ, Մանազկերտի 1071թ. ճակատամարտը սխալ գնահատելու պատճառով Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնից:

Անտիթեզ. Նրա եղբայրն այդ դարակազմիկ իրադարձության առթիվ դամբանական հոդված գրեց՝ «Այսօր արևը մայր մտավ Հայաստանի երկնակամարում» վերնագրով:

Սինթեզ. Հետևաբար, ի ցնծություն համայն հայության, անհրաժեշտ է ազդարարել, որ այն պահին, երբ Րաֆֆին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվեց, քսանամյա խավարումից հետո արևը կրկին ծագեց Հայաստանի երկնակամարում:

 

***

26. ԽԱՉԱՏՈՒՐ ՔՈՔՈԲԵԼՅԱՆ

Թեզ. Գալստուկ կապելու ունակությամբ, պատառաքաղը ձախ, իսկ դանակը աջ ձեռքով բռնելու կարողությամբ, և վերջապես, «I am a table» մակարդակի անգլերենի իմացությամբ, անտարակույս, ես ու Արամ Սարգսյանն ենք արևմտամետության ամենակարկառուն ներկայացուցիչները:

Անտիթեզ. Հետո՞ ինչ, որ ես աչաջուրցի եմ, իսկ Արամը՝ դավալեցի, և հետո՞ ինչ, որ ես Նիկոյանի ընկերն եմ, իսկ Արամը՝ Նեմեց Ռուբոյի:

Սինթեզ. Ուստի որքան էլ ոմանց դուր չգա, ոչ ոք չի կարող ուրանալ, որ պատմական հանգամանքների բերմամբ, այսօր Աչաջուրն ու Դավալուն են դարձել Հայաստանի ամենաարևմտամետ կենտրոնները: Սա արդեն քաղաքական նորմ է, աքսիոմա:

 

***

25. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Ղարաբաղյան հակամարտությունն իր բնույթով կրոնական է (2008թ.):

Անտիթեզ. Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական տարր չի պարունակում: (2012թ.):

Սինթեզ. Ո՞վ ասաց, որ Սերժ Սարգսյանն անհույս է: Հետո՞ ինչ, որ անընդհատ հիմարություններ է դուրս տալիս: Զատո, ի տարբերություն Նիկոլի, նա իր սխալները հետագայում ընդունում և ուղղում է: 

 

***

24. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. 2008թ. Առա՛ջ, Հայաստան:

Անտիթեզ. 2013թ. Դեպի ապահով Հայաստան:

Սինթեզ. 2018թ. Դեպի Անմարդաբնակ Հայաստան: 2023թ.՝ Դեպի Բարգավաճ Ռուսաստան:

 

***

23. ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թեզ. Երեք նախագահներն էլ պետք է հեռանան քաղաքական ասպարեզից:

Անտիթեզ. Նախագահ դառնալու հերթն այլևս իմն է:

Սինթեզ. Հերիք է, տարիներ շարունակ ժողովրդի ծառա աշխատելուց հետո ես լիապես արժանի եմ գոնե հինգ տարի էլ ժողովրդի տեր աշխատել: Ապերախտ պետք է գտնվել՝ չընդունելու համար, որ այդ իրավունքը ես վաստակել եմ իմ անթիվ զոհողությունների և ազգին մատուցած հսկայական ծառայությունների դիմաց (է՛լ ամերիկյան քաղաքացիությունից ու բարեկեցիկ կյանքից հրաժարվել, է՛լ ծոմ պահել ու անչափ նիհարել, է՛լ երեխաներիս անունը Տարոն, Սասուն, Մուշ ու Արտահան դնել, է՛լ մեկ-մեկ եղունգներս կտրել ու դուշ ընդունել, է՛լ Ղարաբաղի անկախությունը ճանաչել, է՛լ Արևմտահայաստանն ազատագրել, է՛լ ալկաշ Ալիկին ու խաբեբա Քոքոբելին պատգամավոր դարձնել, է՛լ ստադիոնում 20 հազար մարդու ձեռք սեղմել, է՛լ գիշերուզօր սարեր շարժել, է՛լ փառահեղ բեղերս ածիլել, էլ ո՞րն ասեմ, էլ որը…):

 

***

22. ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Լկտի սուտ է. Հայաստանում արտագաղթ չկա:

Անտիթեզ. Տո շատ էլ լավ ա, որ արտագաղթում են: Բա ինչ, մնան, որ հեղափոխությո՞ւն անեն:

Սինթեզ. Ժպտերեսիկը հրաշալի է սերտել երիտթուրքիզմի և ստալինիզմի հիմունքները, հեղափոխությունը կանխելու միակ միջոցը ժողովրդին Դերզոր կամ Սիբիր աքսորելն է, մանավանդ՝ ուղեկցված զանգվածային կամ մասնակի գնդակահարություններով:

 

***

21. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեզ. Մազոխիստների հասարակությունում միայն սադիստը կարող է ընտրվել «նախագա»:

Անտիթեզ. Այս նշանաբանով երեք անգամ փորձեց, բայց չստացվեց:

Սինթեզ. Ու երբ վերջապես հասկացավ, որ թեև ինքը սադիստ է, բայց հայ հասարակությունը մազոխիստ չէ, ստիպված դարձավ Հանրային խորհրդի «նախագա»:

 

***

20.  ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Թեզ.  2008 թվականին ես չճանաչեցի նախագահական ընտրությունների արդյունքները։

Անտիթեզ.  Բայց եթե չդավաճանեի իմ ընտրողներին ու ԱԽՔ չդառնայի, ապա մարտի 1-ին տասի փոխարեն՝ հարյուր մարդ էր գնդակահարվելու։

Սինթեզ.  Արթուրիկն, ուրեմն, նախապես տեղյակ է եղել, որ Ռոբն ու Սերժը որոշել են հարյուր մարդ գնդակահարել, բայց մեծ զոհողության գնով կարողացել է գնդակահարության դատապարտվածների թիվն իջեցնել տասի։ Իսկ մենք, խեղճ տղուն գլխներիս դնելու փոխարեն՝  հանիրավի նզովում ենք։

 

***

19.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ.  Երկխոսությունը Հայ Ազգային Կոնգրեսի ավելի քան երեք տարիների պայքարի ամենամեծ ձեռքբերումն է (21.06.2011)։

Անտիթեզ.  Երկխոսությունը Հայ Ազգային Կոնգրեսի վերջին տարիների գործունեության մեջ թույլ տրված երկու խոշոր սխալներից մեկն է (28.12.2012)։

Սինթեզ 1.   Կա՛մ մեկուկես տարի առաջ է սուտ խոսել, կա՛մ հիմա է սուտ խոսում, այսինքն՝ երկու դեպքում էլ ստախոս է։

Սինթեզ 2.   Հիշողության կորստի պատճառով մոռացել է, թե մեկուկես տարի առաջ ինչ է ասել։ Անհավատալի է, որովհետեւ ի պաշտպանություն երկխոսության՝ տասից ավելի հոդված է հրատարակել։

Սինթեզ 3.   Մարդը հասունացել ու կարծիքն է փոխել։ Ընդունելի է, բայց տարօրինակ կերպով այնքան է հասունացել, որ վերջին շրջանում նրա կարծիքները փոխվում են միայն մեկ ուղղությամբ։

Սինթեզ 4.   Մարդու պլանը կամ պատվիրատուն է փոխվել (?)։ Չենք պնդում։

 

* * *

18.  ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ.  Արտաշես Գեղամյանը դատարկ դհոլ է։

Անտիթեզ.  Այս հանճարեղ բացահայտումից տասը տարի անց ժողգործիքը հայտնվեց Սերժ Սարգսյանի գլխավորած պատգամավորական խմբակցության կազմում։

Սինթեզ.  Այսպիսով, Սերժից մի ամբողջ տասնամյակ պահանջվեց՝ հասկանալու համար, որ բնության մեջ լիքը դհոլ չի լինում, եւ որ դհոլի դատարկությունը նորմ է։  

 

* * *

17.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ.  Ես «Հայկական Ժամանակ» թերթի հետ կապ չունեմ (28.12.2012)։

Անտիթեզ.  «Հայկական Ժամանակի» խմբագիրը կինս է։

Սինթեզ.  Թե ով է գրաբարի իջեւանյան բարբառով գրված խմբագրականների հեղինակը՝ նրանից հարցրեք։

 

* * *

16. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐ-2

Թեզ. Լեւոնը պատերազմի ու տարածքների ազատագրման հետ կապ չի ունեցել։

Անտիթեզ. Լեւոնը չթողեց, որ Միր-Բաշիրը, Կիրովաբադն ու Բաքուն գրավենք։

Սինթեզ. Է որ պատերազմի հետ կապ չուներ, ո՞նց չթողեց, կամ էլ, որ առանց իրա թողելու էդքան տարածք գրավեցիք, բա ինչի՞ Միր-Բաշիրը, Կիրովաբադն ու Բաքուն էլ չգրավեցիք։ Ոնց որ թե, ձեր խելքի ձեռը կրակն եք ընկել։

 

* * *

15. ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Ընտրություններում պետք է հաղթես մինչեւ քվեարկություն։ Սա քաղաքական նորմ է, աքսիոմա։ Իսկ դրա ճանապարհը հասարակական լայն զանգվածների վրա հենվելով՝ բաց, թափանցիկ եւ ամենօրյա աշխատանք տանելն է, Մեղրիի Ագարակ ավանից Նոյեմբերյանի Տեղ գյուղը ջրի ճամփա դարձնելը (22.12.2012)։

Անտիթեզ. Նոյեմբերյանում Տեղ անունով գյուղ չկա։ Տեղ գյուղը գտնվում է Գորիսի շրջանում եւ նշանավոր է նրանով, որ Սերժիկ-Սաշիկ Սարգսյանների նախնիների ծննդավայրն է։

Սինթեզ1. Քաղաքական նորմը կամ աքսիոման աշխարհագրական պատճառներով, կարծես, քաքմեջ էղավ։

Սինթեզ2. Արամ Սարգսյանի պատկերացրած Հայաստանը Լեռնահայաստանն է, մնացածն արդեն տվել է թուրքին։

Սինթեզ3. Եթե Տեղ գյուղի հիշատակումը լեզվի սայթաքում է, ապա դա, ըստ Ֆրեյդի, մատնում է Արամ եւ Սերժիկ Սարգսյանների հոգեհարազատությունը։

* * *

14. ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ

Թեզ. Այս ընտրություններին «Հանրապետություն» կուսակցությունը թեկնածու չի առաջադրելու։

Անտիթեզ. 2018թ. ընտրություններում Հայաստանի նախագահ է դառնալու Վազգեն Սարգսյանը՝ … Արամ Սարգսյանի կերպարանքով։

Սինթեզ. 2023թ. ընտրություններում նախագահ է դառնալու Անդրանիկ Փաշան՝ Անդրանիկ Քոչարյանի կերպարանքով, 2028-ին Գեւորգ Չավուշը՝ ՀՀՇ-ի Գեւորիկի կերպարանքով, 2033-ին Նժդեհը՝ Սերժիկ Սարգսյանի կերպարանքով, եւ այսպես մինչեւ Տիգրան Մեծ՝ Տիկո Թորոսյանի, կամ ըստ ճաշակի, Տիկո Սարգսյանի կերպարանքով։

* * *

13. ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՆԵՐ

Թեզ. Լեւոնը Ատոմակայանը փակեց, Լեւոնը Կոնյակի գործարանն ու Արմենթելը ծախեց։

Անտիթեզ. Ատոմակայանը փակեցին ԽՍՀՄ վարչապետ Ռիժկովը եւ Հայաստանի վարչապետ Ֆադեյ Սարգսյանը, երբ Լեւոնը Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտում էր։ Իսկ Կոնյակի գործարանի եւ Արմենթելի գործարքները ստորագրեց Ռոբերտ Քոչարյանը, երբ Լեւոնն այլեւս ՀՀ նախագահ չէր։

Սինթեզ. Մեկ ա, ով էլ փակած լինի, ով էլ ստորագրած լինի, այդ ամենը Լեւոնն ա արել։ Երկաթյա էլ չի, երկաթբետոնյա ճշմարտություն։

 

***

12. ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թեզ. Լեւոնն էլ լավ նախագահ էր, Ռոբերտն էլ էր լավ, Սերժն էլ է լավ։

Անտիթեզ. Լեւոնն էլ մի բան չէր, Ռոբերտն էլ մի բան չէր, Սերժն էլ մի բան չի, Սերժի հաջորդն էլ մի բան չի լինելու։

Սինթեզ. Арена в дерьме, публика в дерьме, и тут выхожу я весь в белом!

 

* * *

11. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Մենք մեր միասնական ջանքերն ենք ներդնելու ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն էականորեն նոր հարթություն տեղափոխելու գործում (15.12.2012)։

Անտիթեզ. Հայ-թուրքական ցյուրիխյան արձանագրությունները։

Սինթեզ. Ցեղասպանության հարցը հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի հարթություն տեղափոխելուց հետո էլ ի՞նչ նոր հարթություն կարելի է տեղափոխել՝ այդ հարցն իսպառ վերացնելու համար։ Սերժի երեւակայությունը հիրավի չափ ու սահման չունի։ 

 

* * *

10. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Թեզ. Սերժ Սարգսյանը կա՛մ իդիոտ է, կա՛մ տականք։

Անտիթեզ. Իդիոտը ինքդ ես,– պատասխանեց Սերժը, չժխտելով, սակայն, իր տականք լինելը։

Սինթեզ. Այս թեժ քաղաքական բանավեճից հետո արժանապատիվ հաշտություն կնքվեց, եւ իդիոտը գնաց՝ տականքի տակ Հանրային խորհրդի նախագահ աշխատելու։

 

***

9. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


Թեզ
. Նախորդ հինգ տարիներին մենք զգալիորեն փոխել ենք մեր երկիրը (15.12.2012)։
Անտիթեզ. Ժողովուրդը դա չի զգում, հետեւաբար դրան չի հավատում։
Սինթեզ. Ժողովուրդն ուրացող ու երախտամոռ է, նախորդ հինգ տարիներին մեր երկիրն իսկապես «զգալիորեն փոխվել է». գնդակահարվել է առնվազն 10 անմեղ քաղաքացի, բանտ է նետվել 100-ից ավելի քաղաքական գործիչ, բնակչությունը նվազել է 250000 մարդով, արտաքին պարտքը կրկնապատկվել է, Սաշիկ-Միշիկների կարողությունը՝ տասնապատկվել, աղքատության ցուցանիշը 27-ից դարձել է գրեթե 36 տոկոս եւ այլն։ Եթե առաջիկա հինգ տարիներին էլ այս տեմպերով «զգալիորեն» փոխվի, երկրից բան չի մնա։

* * *

8. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ


Թեզ
. Մեր բոլոր քայլերն ուղղված են դեպի մարդը։ Մեր բոլոր ջանքերը մարդու համար են (15.12.2012)։

Անտիթեզ. Все для человека, во имя человека, во благо человека.

Սինթեզ. Чукча: – Я знаю этого человека.

* * *

7.  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Թեզ. Տիկնայք եւ պարոնայք, Վարդան Օսկանյանը մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուներից է։

Անտիթեզ. Եթե Օսկանյանի նկատմամբ որեւէ այլ դեպքի առնչությամբ թեկուզ շինծու քրեական գործ հարուցվի, առանց երկմտանքի նրան պետք է փուռը տալ, եւ ես դրան կողմ եմ քվեարկելու։

Սինթեզ.  ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու պարագայում ես անմիջապես վերացնելու եմ Սահմանադրությունը եւ հաստատելու ի՛մ ցպահանջ արդարադատությունը, ինչն արդեն ապացուցել եմ նաեւ գործով. ԱԺ Էթիկայի հանձնաժողովում իմ ունեցած թեկուզ փոքրիկ իշխանության շրջանակներում ձայնից վճռականորեն զրկել եմ Դավիթ Հարությունյանին։

 

***

6.  ԱՐԱՄ ՍՐԱԳՍՅԱՆ

Թեզ. ՀԱԿ-ից մեր դուրս գալուց հետո առաջին նախագահը ասաց, որ ժամանակը ցույց կտա, թե ով է ճիշտ։ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ. ԲՀԿ-ն հրաժարվեց նախկինում իր ստորագրած հուշագրից։

Անտիթեզ. Բայց շահե՞ց արդյոք դրանից ժողովուրդը, ընդդիմությունը, քաղաքական դաշտը։

Սինթեզ.  Եթե Լեւոնը ճիշտ դուրս եկավ, ուրեմն Արամը սխալ դուրս եկավ, բայց դրանից թե՛ ժողովուրդը, թե՛ ընդդիմությունը, թե՛ քաղաքական դաշտը հաստատ շահեց, որովհետեւ հեչ որ չլնի, գոնե մտքի մի տիտան կամ թյուրիմացություն հայտնաբերեց։

 

***

5.  ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Թեզ. Ես զինծառայությունից խուսափել եմ կեղծ փաստաթղթերով, ավելին՝ զրպարտել եմ հարազատ մորս, թե իբր փաստաթղթերը նա է կեղծել, ինչի հետեւանքով խեղճ կինը ենթարկվել է քրեական հետապնդման։

Անտիթեզ. Բայց մեծ հայրենասեր ու բարոյականության տիպար լինելով, մանավանդ նաեւ ապահովված գրին-քարտով ու ԱՄՆ-ի աջակցությամբ, բնականաբար կոչված եմ հայրենասիրության ու բարոյականության քարոզ կարդալու եւ ազգադավների ու անբարոյականների դիմակը պատռելու։

Սինթեզ.  Սինթեզելու բան երեւի չկա, որովհետեւ «թեզ-անտիթեզ-սինթեզ» հեգելյան բանաձեւը կոնկրետ էս դեպքում, ոնց որ թե, ք…ք ա կերել։

 

* * *

4.  ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Թեզ. Ներկա իշխանությունները գող են։

Անտիթեզ. Նախկին իշխանություններն էլ են գող եղել, հաջորդ իշխանություններն էլ են լինելու։

Սինթեզ.  Հետեւաբար, բոլորս էլ, այդ թվում նաեւ ես, իրավունք ունենք գողանալու կամ կաշառակեր պաշտոնյաների ու օլիգարխների գողացածից թեկուզ մի փոքր օգտվելու։ Ում սա դուր չի գալիս թող ռադը քաշի Հայաստանից, դավայ դասվիդանյա։

 

* * *

3.  ԷԴՈւԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Թեզ. Ադրբեջանը մեզ հետ խոսում է պատերազմի սպառնալիքով։

Անտիթեզ. Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, այս անգամ մենք կգրավենք նաեւ Բաքուն։

Սինթեզ.  Շարմազանովը ազգի դավաճան է, որովհետեւ եթե կարող է գրավել Բաքուն, ապա ինչո՞ւ է սպասում Ադրբեջանի կողմից պատերազմ հայտարարելուն, թո՛ղ գրավի։

 

* * *

2.  ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Թեզ. Հայ Ազգային Կոնգրեսը դավաճանաբար համագործակցում է ԲՀԿ-ի հետ, որը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրելու Ծառուկյանին կամ Օսկանյանին։

Անտիթեզ. Քանի որ այս երկուսն էլ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն են, ուրեմն Կոնգրեսն ուզում է իշխանության բերել Քոչարյանին, ում նպատակն է Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութ։

Սինթեզ.  Դա թույլ չտալու եւ հայրենիքը փրկելու համար պետք է ազգովին լծվել Սերժ Սարգսյանի վերընտրության սուրբ գործին։ Կարեւոր չէ, որ հակառակ Շահնազարյանի մարգարեության, ո՛չ Ծառուկյանը, ո՛չ էլ Օսկանյանը չառաջադրվեց։ Կարեւորը Շահնազարյանի երկաթյա տրամաբանությունն է։

 

* * *

1.  ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Թեզ. Ես արեւմտամետ եմ։

Անտիթեզ. Նեմեց Ռուբոն իմ ընկերն է։

Սինթեզ.  Տրամաբանությունը երկաթյա է միայն այն պարագայում, եթե Արամ Սարգսյանն իսկապես հավատում է, որ Նեմեց Ռուբոն գերմանացի է։

 

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» կորցրեց Կասիլյասին, մնաց ինն հոգով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով 2’